Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը. Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի անկուսակցական պատգամավոր, Գերմանիայի ներկայացուցիչ Մարտին Սոննենբորնը հայտարարել է, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունը, կոչ անելով մյուսներին` հետևել իր օրինակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորն ասել է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, որում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։

«Ես չէի ցանկանա շատ շեղել ուշադրությունը կորոնավիրուսի ճգնաժամից, բայց ինձ թվում է ավելի մեծ առողջապահական ճգնաժամ է, երբ ժողովրդավարական հասարակությունը ենթարկվում է հարձակման և նրանց դեմ կասետային ռումբեր են կիրառում։ Դա այն է, ինչ Բոսֆորի ու Բաքվի երկու խելապակասներն անում են Լեռնային Ղարաբաղում։

Նրանք կոտորում են հայերին` անկախ տարիքից կամ առողջական վիճակից։ Ես չէի ցանկանա շատ ժամանակ վատնել Ադրբեջանի վրա։ Այս խայտառակ պետությունը կապված է եվրոպական արժեքներին իր նավթամուղերով:

Բաքուն անում է այն ամենը, ինչ կամենում է` շնորհիվ Էրդողանի` ով ցույց է տալիս իր նպատակադրվածությունը ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանությունը։ Իբրև անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ ասում եմ, որ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»,- ասել է Սոննենբորնը:

Պատգամավորը հավելել է, որ իր ընկալումից դուրս է այն, որ Եվրոպական միությունը դեռևս Թուրքիային գործընկեր է համարում, քանի որ այդ պետությունն ահաբեկչություն է սփռում իր ջիհադիստ վարձկաններով` Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելյան մասում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների: