6 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում. Կոտայքի մարզում կկառուցվի էկոլոգիապես մաքուր համայնք

Կոտայքի մարզում կկառուցվի համայնք, որն իր մեջ ներառում է արտադրական թաղամաս, մաքսային պահեստների գոտի, բարձր տեխնոլոգիաների հետազոտական և զարգացման կենտրոն, գյուղատնտեության հետազոտական և զարգացման կենտրոն, բնակելի թաղամաս, առողջապահական հատված և կանաչապատ գոտիներ:

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ ծանոթացել է «Կառուցիր Հայաստան» նախագծի շրջանակներում Աբովյան համայնքում արտադրական ազատ գոտու ստեղծման և «Հայփրոսփեքթ» համայնքի հիմնադրման ծրագրերին:

«Հայփրոսփեքթը» լինելու է տարածաշրջանում առաջին բնապահպանական, էներգետիկ, տնտեսական և այլ առումներով կայուն համայնք, ոը կառուցվում է Կոտայքի մարզի Աբովյան, Արզնի և Բալահովիտ համայնքների հատվածում՝ մոտ 100 հա հողատարածքի վրա:

Համայնքն իր մեջ ներառում է արտադրական թաղամաս, մաքսային պահեստների գոտի, բարձր տեխնոլոգիաների հետազոտական և զարգացման կենտրոն, գյուղատնտեության հետազոտական և զարգացման կենտրոն, բնակելի թաղամաս, առողջապահական հատված և կանաչապատ գոտիներ:

Ծրագրի համակարգող Սևակ Արծրունին ներկայացրեց, որ ծրագրի ամբողջական արժեքը նախնական 1 միլիարդ ԱՄՆ դոլար է, արդեն ներդրվել է 6 միլիոն ԱՄՆ դոլար։ Արդեն ձեռք է բերվել հողի զգալի մասը՝ մոտ 70 հա, և մեկնարկել է լոգիստիկ աշխատանքը՝ կառուցվում են գրասենյակներ, սկսվել են հողային աշխատանքները և շինարարական բազայի տեղադրումը, որից հետո, ինչպես նախատեսվել է, անմիջապես սկսվելու են արտադրական գոտու հողային աշխատանքները։

Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները»,- հայտնել է մարզպետը։