Լիտվան Ռուսաստանի Կալինինգրադի մարզի և Բելառուսի հետ սահմաններին պաշտպանական խրամատներ կկառուցի։ Կառավարությունը հաստատել է պաշտպանության նախարարության առաջարկը՝ ուժեղացնելու երկրի արևելյան սահմանների պաշտպանությունը։
Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Ծրագրով նախատեսվում է սահմանամերձ հատվածներում ստեղծել մոտ 20 մետր լայնությամբ խրամատներ, իսկ զինված ուժերի կողմից առանձնացված որոշ օպերատիվ հատվածներում դրանց լայնությունը կարող է հասնել մինչև 150 մետրի։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2028 թվականը, ծրագրի իրականացման համար կհատկացվի շուրջ 50 միլիոն եվրո։
Լիտվայի իշխանությունները նաև ծրագրում են մինչև 2030 թվականը վերականգնել սահմանամերձ ճահիճների մի մասը։ Ըստ կառավարության՝ ճահճային տարածքները կարող են դժվարանցանելի դարձնել տեղանքը ծանր ռազմական տեխնիկայի համար և լրացուցիչ բնական պաշտպանական արգելք ստեղծել։
Միաժամանակ նախատեսվում է 27-ից 50-ի հասցնել հակաշարժունակության ինժեներական միջոցների պահեստների և հարթակների թիվը։ Դրանցում կպահվեն հակատանկային «ոզնիներ», բետոնե «վիշապի ատամներ», փշալարեր և ճանապարհների արագ փակման համար նախատեսված այլ միջոցներ։
Սահմանամերձ կամուրջների վրա նախատեսվում է նաև տեղադրել հատուկ ինժեներական կառուցվածքներ, որոնց անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ամրացնել պայթուցիկ նյութեր։ Լիտվայի զինված ուժերը նախկինում պարզաբանել էին, որ ռազմական ներխուժման դեպքում կամուրջների ոչնչացումը կարող է խոչընդոտել հակառակորդի ուժերի առաջխաղացմանը։



















