«Ադրբեջանն ինչ-որ մի պահի կփորձի ընդհանրապես փակել Լաչինի միջանցքը․հնարավոր բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք»․ Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է, մի շարք հանդիպումներ է ունեցել։ Ինչպե՞ս եք գնահատում այս այցը, ի՞նչ դրական արդյունքներ այն կարող է ունենալ Արցախի համար։

– Նմանատիպ ցանկացած այց, որպես կանոն, արդյունավետ է լինում, որոշակի կարևոր ձեռքբերումներ ունենում են, բայց նաև պետք է նկատել, որ շատ կարևոր են նման դեպքերում թիրախային ու ճիշտ խոսելը և ճիշտ մեսիջներ հղելը։ Պետք է իմանալ՝ որ երկրում ի՛նչ հայտարարություններ ես անում, եթե գնում ես եվրոպական երկրում կոչ ես անում ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտել, ինչպես դա արեց Դավիթ Բաբայանը, լավագույն դեպքում քեզ վրա կծիծաղեն։ Շատ կարևոր է հասկանալ՝ որ երկրում ի՛նչ պահանջ ես դնում։

– Այսինքն՝ պետք է ավելի կշռադատված ու իրատեսակա՞ն պահանջներ դնել։

– Պետք է հասկանալ միջազգային քաղաքականության, համաշխարհային կարգի բոլոր նրբությունները, որ երկրում՝ ինչից խոսել։ Օրինակ՝ եթե գնաս Ռուսաստան ու խոսես դեմոկրատիայից, բնականաբար, ոչ ոք քո ասածը չի ընկալելու, որովհետև Ռուսաստանի իշխանությունների ամենաչսիրած բանը դեմոկրատիան է։ Եթե գնում ես Արևմուտք, այո՛, պետք է խոսես մարդու իրավունքների, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, այդ ժամանակ դու արդեն ընկալելի կլինես։

Ամբողջ աշխարհում Ռուսաստանը դարձել է իզգոյ երկիր։ Երբ գնում ես արևմտյան երկրներում ու Ռուսաստան ես պաշտպանում, լավագույն դեպքում անհասկանալի ես լինելու, վատագույն դեպքում էլ՝ քեզ կկասկածեն Ռուսաստանի շահերն առաջ մղելու մեջ։ Դրա համար պետք է հասկանալ այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որ կա տարածաշրջանում, այն ընկալումները, միտումները, որ կան աշխարհում, ու ըստ այդմ կառուցես քո քաղաքականությունը։

Հաշվի առնելով այդ ամենը՝ ի՞նչ էական աջակցություն ակնկալենք Ֆրանսիայից։

– Ոչ մի աջակցություն էլ չենք կարող ակնկալել, գնալ Ֆրանսիա, խոսել ռուսական աջակցության, հնարավորությունների ընդլայնման մասին ու ակնկալիքներ ունենալ, անհասկանալի է։ Դրա համար պետք է եվրոպական մայրաքաղաքներում խոսել միջազգային խաղաղապահների մասին ու ցույց տալ, որ Արցախի ժողովուրդը ցեղասպանության ու հայաթափման վտանգի առջև է ու առաջ տանել միջազգային խաղաղապահների հարցը։ Ամեն երկրում պետք է հասկանաս՝ ինչից խոսես, որ հասկանալի լինես այդ երկրի իշխանության համար։

– Պարո՛ն Վարդանյան, Արայիկ Հարությունյանն ընդգծել էր «ավելի հիմնարար միջազգային երաշխիքների» անհրաժեշտության մասին՝ անվտանգության առումով։ Ստեղծված իրավիճակում որքանո՞վ է հնարավոր Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումը, կողմերը կհամաձայնե՞ն դրան։

– Դա չափազանց բարդ է, որովհետև դրան կտրականապես դեմ է Ադրբեջանը, բայց եվրոպական մայրաքաղաքներում մտածում են այդ մասին։ Իմ ունեցած տեղեկություններով՝ Շառլ Միշելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այս հարցը բարձրացրել է, որ խաղաղապահներ, անկախ ամեն ինչից, պետք է լինեն այնտեղ, եթե 3 տարի հետո հանկարծ այնպես ստացվի, որ ռուս խաղաղապահները հեռանան։ Եվրոպայում ու ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են խաղաղապահների առկայության լեգիտիմ իրավունքը, ու այս մասով, այո՛, պետք է աշխատել այդ երկրների հետ, որ միջազգային խաղաղապահներ ուղարկեն, եթե հանկարծ ռուս խաղաղապահները ինչ-ինչ պատճառներով չկարողանան իրենց գործառույթներն իրականացնել։

Լաչինի միջանցքի դեմ ուղղված ադրբեջանական սադրանքները շարունակվում են, այդ սադրանքների միջոցով Ադրբեջանը կկարողանա՞ հասնել իր բուն նպատակին։

– Նրանք մի քանի նպատակ են հետապնդում․ առաջինը՝ վարկաբեկել ռուս խաղաղապահ առաքելությունը, բացի այս գործողություններից, նաև ադրբեջանական մամուլում է քարոզարշավ տարվում ռուս խաղաղապահների դեմ։ Սա ադրբեջանական պլան մինիմումն է, իսկ պլան մաքսիմումը՝ հարկ եղած դեպքում փակել Լաչինի միջանցքը, ընդ որում՝ ասեմ, որ իրենք նաև փորձում էին ռուս խաղաղապահների տրամադրությունը շոշափել։ Ուստի չեմ բացառում, որ ինչ-որ պահի կփորձեն ընդհանրապես փակել այդ միջանցքը։ Հնարավոր բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք։

– Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ռուսական կողմը չի՞ կարող կոշտ պատասխանել ադրբեջանական այս սադրանքներին, թե՞ ցանկություն չունի այս պահին։

– Կարող է, իհարկե կարող է ու պետք է այդպես անի, դա նաև նրա հեղինակության հարցն է, Ռուսաստանը նույնպես նոյեմբերի 9-ի համաձայնագրի կողմն է ու պետք է քայլեր ձեռնարկի, բայց մենք տեսնում ենք, որ ռուս խաղաղապահները ոչ միշտ են բավարար չափով իրենց գործառույթներն իրականացնում, երբեմն նույնիսկ բացահայտ անգործության են մատնված։

– Պարո՛ն Վարդանյան, հայկական կողմն այս սադրանքները կանխելու համար ի՞նչ քայլեր պետք է անի։

– Ամենաառաջինը մենք պետք է հզորացնենք մեր բանակը, սա է մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը, դրան զուգահեռ պետք է աշխատենք Ռուսաստանի հետ, բայց թիվ մեկ օրակարգը մեզ համար մեր բանակի հզորացումն է, որովհետև հնարավոր է, որ ռուսներն այնքան թուլանան, որ ադրբեջանցիները նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությունը չնկատեն ու իրենց նպատակներն իրականացնելու համար գործողություններ իրականացնեն։

Այդպես եղավ հենց սեպտեմբերի 13-14-ին, երբ ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ Հայաստանի սահմաններին, որտեղ ևս կային ռուսական զորքեր։ Այնպես որ, առաջին հերթին մենք պետք է մեր բանակի մարտունակությունը բարձրացնենք, հետո նոր ռուսների հետ աշխատելով փորձենք չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am