Իրավունք չունեք հուսախաբվելու.չորս դուստրերի մայր Զարուհի Փոստանջյանն ասում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է հասցնել

Հեղինակ MediaLab

Անցյալ տարի շատ բան տեսած Հայաստանում շատերը թերևս զարմացան, երբ իմացան, որ ամենաակտիվ կին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չորրորդ աղջկա ծննդից հետո ոչ միայն դադարեցեց ռիթմը, այլև նորածնի հետ սկզբում Ստամբուլ, ապա Ստրասբուրգ` ԵԽԽՎ լիագումար նիստին մեկնեց:
Նա ասում է, որ թեև շատերը զարմացան իր այդ քայլից, սակայն իրավիճակն այնպիսին էր, որ պիտի անպայման մեկներ:
«Երեխան այդ ժամանակ մեկ ամսական էր: Գնացի-մասնակցեցի նիստին և, հիշում եմ` իմ այդ քայլը նույնիսկ ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլիին էր շատ զարմանալի թվացել»,- պատմում է Զարուհի Փոստանջյանը:
Ազգային ժողով, քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանություն, ապա Հայաստանի հեռավոր մարզեր` հասարակական հնչեղության ստացած այս կամ այն խնդրի առնչությամբ:

Մի կողմից իր նուրբ ու փխրուն արտաքինով խնամված կինը, մյուս կողմից` ուժեղ ու հաստատակամ հայտարարություններով 37-ամյա Զարուհի Փոստանջյանը մինչև պատգամավորական մանդատ ստանալն արդեն իսկ հայտնի էր որպես փաստաբան: Ու թեև կյանքը նոր ռիթմի մեջ մտավ, երբ նա քաղաքական դաշտ մտավ, սակայն ասում է, որ ընտանիքի աջակցությունը շատ մեծ է:

Չորս դուստրերի մայր, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ամուսնացել է երրորդ կուրսում և հենց ուսանողական տարիներին էլ ունեցել է առաջին դստերը:

Համալսարանից հետո փաստաբանական քննություններ, վկայագիր, փաստաբանի գործունեություն ու զուգահեռ` երեխաների ծնունդները… Իսկ արդյո՞ք ժամանակը բավարարում է. Զարուհին այս հարցին կարճ պատախանում է. «Փորձում եմ հասցնել, ինչքան շատ գործ ես ունենում, այնքան շատ ես հասցնում»:

«Իհարկե, երեխաներիցս էլ եմ շատ ժամանակ վերցնում, ընտանիքիս համբերությունն էլ մեկ-մեկ չարաշահում եմ,- ասում է նա: – Բայց եթե օրդ ճիշտ կազմակերպես, ամեն ինչ էլ հնարավոր է հասցնել: Իհարկե, մեկ-մեկ ուզում եմ ավելի երկար քնել, բայց ժամանակը չի բավարարում… Այո´, լինում են գիշերներ, որ չեմ քնում, ինչ-որ նյութ եմ պատրաստում, պատրաստվում եմ ինչ-որ մի ելույթի, կարդում եմ: Կան գիշերներ, որ չպիտի քնես: Ինձ օգնում են իմ ընտանիքի անդամները»,- ասում է Զարուհին:

Ասում է, որ երկու փոքրիկներին` 8-ամյա Գրետայի և այս տարի ծնված Լուիզայի խնամքում հիմնական օգնականը մայրն է, իսկ ավագ դուստրերը` 17-ամյա Լուսինեն և 15-ամյա Լիլիթը, իր ասելով` թեև խնամքի հարցում իր կարիքը չունեն, սակայն այլ հարցերում հաճախ են խորհրդակցում:

«Ամուսինս է իհարկե օգնում ինձ: Ամենակարևորը, որ ես ինձ պաշտպանված եմ զգում ընտանիքիս անդամների կողքին, նրանք հասկանում և հարգում են այն, ինչ ես անում եմ»,- ասում է Զարուհին` նշելով, որ ամուսինը էլի մեկ զավակ է ուզում` տղա:

Զարուհու ամուսինը` 45-ամյա Սուրեն Դրամփյանը, մասնագիտությամբ ատամնաբույժ է: Այն հարցին, թե արդյոք դժվար չէ՞ ամուսնու համար, երբ կինն այդքան հայտնի է և շարունակ բարդ ու վտանգավոր իրավիճակներում է հայտնվում, Զարուհին մի փոքր մտածելուց հետո պատասխանում է, թե, իր կարծիքով, դժվար է:

«Միգուցե ինչ-որ տեղեր կան, ինչ-որ բաներ կան, որ նա չի ասում, բայց այդ ամենն ինձ հետ ապրում է: Կարծում եմ` նրա համար ավելի դժվար է: Տեղեր կան, որ ես գտնվում եմ ինչ-որ իրադարձությունների մեջ, և վտանգն այնպես չեմ զգում, բայց կողքից մարդը տեսնում է և, իհարկե, մտահոգվում»,- ասում է Զարուհին:

ԱԺ պատգամավորի խոսքով`ինքն իր դուստրերի ընկերուհին է, նրանց հետ ամեն ինչից էլ խոսում է, ինքն էլ իր դժվար պահերին մոր հետ է խորհրդակցում: Նա ասում է, որ կարիերայի սկզբում չէր էլ պատկերացնում, որ ամեն ինչ նման ընթացք է ստանալու, սակայն երբ բախվեց բազմաթիվ անարդարությունների` «չպայքարել այդ ամենի դեմ չէր կարող: Եվ սկսվեց»:

«Երբ առաջին անգամ բախվեցի կոպիտ, դաժան անարդարությունների, հասկացա, որ եթե այս գործերում հաջողություն չունենամ, ուրեմն նաև իրավունք չունեմ որպես փաստաբան այլևս աշխատել: Հատկապես «Մատաղիսի գործի» ժամանակ մտածում էի` եթե ես իմ երեք պաշտպանյալներին չկարողանամ օգտակար լինել, եթե այդ գործում չկարողանամ արդարության հասնել, ապա անիմաստ է ընդհանրապես փաստաբանությամբ զբաղվելը, և պատրաստվում էի նույնիսկ հրապարակավ պատռել գրքույկս»,- ասում է Զարուհին:

Իր կյանքի ամենակարևոր և առանցքային հաջողությունը Զարուհին հենց աղմկահարույց «Մատաղիսի գործն» է համարում: Նա ասում է, որ եթե անհաջողություն ունենար, գուցե չշարունակեր էլ իր կարիերան:

Մինչդեռ, Փոստանջյանը ոչ միայն հասավ հաջողության, այլև կարողացավ ցմահ ազատազրկման դատապարտված զինվորներին ազատել բանտից:

2005 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումով կալանքից ազատվեցին երեք երիտասարդներ` Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը, ովքեր մեղադրվում էին Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանության մեջ և 2004 թվականից գտնվում էին անազատության մեջ: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նրանց դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, վերաքննիչը` ցմահ, իսկ վճռաբեկը գործն ուղարկել էր լրացուցիչ քննության:

«Երբ այդ որոշումը վճռաբեկից տարանք ու «Նուբարաշեն» ՔԿՀ պետը կարդաց, ասաց` չեմ հավատում, հնարավոր բան չէ, ո´չ ստորագրությանն եմ հավատում, ո´չ կնիքին: Ինքը զանգեց վերահսկող դատախազին, վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահին և նոր միայն հավաստիացավ: Իհարկե, դա երեք տարվա շատ դաժան պայքարի արդյունք էր: Բայց միևնույն է` արդարությունը հաղթում է: Միգուցե ժամանակի հետ շատ դժվար ճանապարհ է անցնում, բայց եթե դու ճիշտ ես, ազնիվ, դա ունենում է ազդեցություն»,- իր ամենաաղմկահարույց և ամենաառանցքային գործի մասին պատմում է Զարուհին:

Նման հաջողություններից հետո քաղաքականություն մտնելը, բնականաբար, հեշտ չի տրվել Զարուհուն: Ասում է` ի սկզբանե ինքն իրեն չէր պատկերացնում քաղաքականության մեջ: Սակայն այդ որոշումը կայացրեց ինքնաբերաբար և հաստատակամ, քանի որ արդեն հասուն տարիքում էր: Զարուհին ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց 35 տարեկանում:

«Իմ խնդիրն այն չէր, որ անպայման պատգամավոր դառնայի կամ քաղաքականության մեջ դիրք ունենայի: Իմ խնդիրն էր` ճանապարհ անցնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրապես պայքարում են մեր երկրի, պետականության համար, և ես համարեցի, որ այդ մարդկանց հետ այդ ճանապարհ գնալը ինձ միայն պատիվ կարող է բերել»,- ասում է տարիներ առաջ դեռևս երիտասարդ «Ժառանգությանը» միացած Զարուհի Փոստանջյանը:

Նա ասում է, որ պատգամավոր դառնալուց հետո ամեն ինչ ավելի բարդ թվաց, քան նախկինում էր: Մինչդեռ փաստաբանության դեպքում իրավիճակն ավելի կառավարելի էր, քանի որ կա մի թիրախ` դատարանը կամ դատախազությունը, կամ այն իրավապահ մարմինները, որոնք անօրինականություններ էին թույլ տալիս:

«Ինձ համար հեշտ էր այդ թիրախին թե´ հարվածել, թե´ նրանց դեմ պայքարել, թե´ հաղթել: Իսկ հիմա թիրախները տարբեր են, և, իհարկե, ավելի դժվար է այս իրավիճակում պայքարելը: Իհարկե, լինում են հիասթափության պահեր, գիշերները չես քնում»,- պատմում է նա:

Փոստանջյանն ասում է, որ եթե փաստաբան եղած ժամանակ միայն մտածում էր մի քանի խնդրի, մի քանի անձանց ճակատագրերի մասին, ապա քաղաքականությունը հսկայական ոլորտ է, մարդիկ, ճակատագրեր, խնդրների շատ լայն շրջանակ:

«Բայց դրա հետ մեկտեղ էլ դու էներգիա ես ստանում մարդկանցից: Շատ հաճախ, երբ մեր տիկին Ալավերդյանի հետ խոսում ենք, ասում եմ` վե´րջ, էլ հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, շատ դժվար է: Նա մեզ ասում է` դուք իրավունք չունեք հուսախաբվելու, հանձնվելու, պետք է պայքարեք»,- ասում է Զարուհին:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am