«Եթե դու փոշու շոր ես, ի՞նչ կապ ունի, թե ում հետ ես»

«Եթե դու փոշու շոր ես, ի՞նչ կապ ունի, թե ում հետ ես»
«Եթե դու փոշու շոր ես, ի՞նչ կապ ունի, թե ում հետ ես»

«ՌԴ-ն վերացրեց իրեն նվիրված քաղաքական դեմքին՝ պետության նախագահին, եւ դրա պատճառը ռուսական ամբիցիան էր»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Մոսկվայում նախագահներ Պուտինի եւ Սարգսյանի հանդիպմանն ու դրանից հետո հնչած եւ ստորագրված հայտարարությանը, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը՝ ասաց Մոսկվայում բնակվող մեր հայրենակից, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ ՌԴ-ի, որպես գերտերության, ամբիցիաների ցուցադրությունը քաղաքական իմաստով վերացրեց «իր փոքրիկ գործընկերոջն ու նրա նախագահին», եւ դա մեր զրուցակիցը համարում է ՌԴ-ի կատարած ամենավտանգավոր քայլերից: Արբակ Խաչատրյանը հասկանալի է համարում բոլոր այն «փաստարկները», որ 75 տարի ՌԴ-ն Հայաստանի համար «շատ լավ» բաներ է արել, որ, ինչպես ՌԴ նախագահն է ասում, 6 միլիոն հայի է կերակրել, կրթել. «Բայց դա նմանվում է նրան, որ հայրն ու մայրը երեխային կերակրում են, հետո ծեծում: Դե, պատկերացրեք, թե ինչ երեխա կմեծանա»: Վկայակոչելով հայտնի «Կնքահայրը» ֆիլմը՝ Խաչատրյանը նկատում է, որ ՌԴ-ն հարցն այնպես դրեց, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունենա: Եթե հայտարարություն արվեր այն մասին, որ ստեղծվում է աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու համար Մաքսային միությանն անդամակցելու դրական եւ բացասական կողմերը, մեր զրուցակիցը նորմալ կհամարեր, բայց այդ կերպ՝ առանց պետության այլ ներկայացուցիչների հետ խորհրդակցելու նման քայլի գնալն առնվազն տարակուսելի է նրա կողմից: Գլխավոր հարցը, ըստ Խաչատրյանի, հետեւյալն էր՝ պետությա՞ն, թե՞ ստրուկի կարգավիճակում է լինում Հայաստանը: Նա մեկ հարց էլ ունի՝ ինչո՞ւ ՌԴ-ն թույլ տվեց, որ Հայաստանը մի քանի տարի շարունակ «խաղա» Եվրոպայի հետ: Նկատի ունենալով ՀՀ նախագահի նստավայրի մոտ Մաքսային միությանն անդամակցության առիթով տեղի ունեցած բողոքի ակցիաները՝ մեր զրուցակիցը ցավով է արձանագրում, որ տղամարդիկ, ովքեր կռվել են իրենց հողի համար ու ազատագրել են այդ հողը, այսօր «Նատաշա, հեռացիր» վանկարկումների են արժանանում: Դեռ մեկ ամիս առաջ «Առավոտին» տված մի հարցազրույցում Արբակ Խաչատրյանը չէր բացառել, որ մինչեւ նոյեմբերի 29-ը՝ վիլնյուսյան գագաթնաժողովը, ՀՀ նախագահը գնա «ռուսաց թագավորի ոտը»՝ հայաստանցիներին եւ աշխարհին ցույց տալու համար, որ ՌԴ-ն իր հետ է: «Ես մտածում էի, որ այդպես կլինի, բայց այդ սահմանն անցնելը ոչ միայն քաղաքական դեմքը, այլեւ քաղաքացին էլ չի կարող ընդունել: Ուստի դա շոկ առաջացրեց թե ռուսամետների, թե եվրոպամետների, թե ամերիկամետների մոտ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դա արվեց, հավանաբար, ժամանակ շահելու համար: Բայց քայլը, որը կատարեց Սերժ Սարգսյանը, ըստ Խաչատրյանի՝ առաջին հերթին ՌԴ-ն պետք է թույլ չտար: Նա չի հասկանում, թե ինչ քաղաքական տրամաբանությամբ է քայլը կատարվել: Դա համարում է «սովորական մտածելակերպ» ու «ամենակոպիտ սխալը» ՌԴ-ի կողմից, քանի որ, նրա համոզմամբ, տարբեր պատճառներով սոցիալ-տնտեսական բեռի տակ գտնվող ՌԴ-ն այդպես կոպտորեն ոչնչացնելով իր «ռազմավարական գործընկերոջը»՝ հետագայում չի կարողանալու պաշտպանել նրան: «Չի կարելի այս պարագայում օգտագործել այն հանգամանքը, որ ՌԴ-ում այսքան միլիոն անօրինական կամ օրինական բնակվող հայեր կան»,- ասում է իրավապաշտպանը՝ խիստ տարակուսանք հայտնելով, որ դա եղել է ճնշումների պատճառ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/07/383103/