Մի դիմում էլ դու կգրես…

Վահրամ Թոքմաջյան

Թերևս բոլորն են դիտել «Ոսկե ցլիկը» հայտնի ֆիլմը, երբ Նաջարյանը զայրանում է ու սկսում աշխատողներին հեռացնել։ Նման մի իրավիճակում էլ հիմա մենք ենք, երբ մեր «Նաջարյանն» է պաշտոններից հեռացնում նախարարներին։

Իհարկե, ոչ շաշկի խաղալու պատճառաբանությամբ։ Փորձենք հասկանալ, թե ինչին են միտված կառավարության կազմի փոփոխությունները։

Հետագա շահարկումները կանխելու համար ի սկզբանե նշեմ, որ դեռ պատերազմից առաջ բազմաթիվ հարցազրույցներում ու հոդվածներում բարձրաձայնել եմ կառավարության կազմի փոփոխության անհրաժեշտության մասին, դե իսկ գնացյալ նախարար Արայիկ Հարությունյանի հանդեպ (հենց նախարար) իմ վերաբերմունքը հայտնի պիեսներից է։ 

Պատերազմն այս դեպքում սոսկ առիթ է, այլ ոչ թե պատճառ։ Բնականաբար, պատերազմի սկսման ու պարտության առաջին մեղավորն իշխող ուժն է։

Իսկ թե ինչ ժառանգություն են ստացել կամ ինչի արդյունք էր սա, առանձին քննարկման թեմա է, որին կանդրադառնամ հաջորդ հոդվածում։

Եթե պատերազմի մեկնարկի համար կարող էինք մեղադրել առանձին անհատների՝ վարչապետ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ և այլոց, ապա պարտության հավաքական պատասխանատուն իշխանությունն է ամբողջությամբ։

Բազմաթիվ նախարարներ շուտ պետք է հեռանային։ Հենց նույն Արայիկ Հարությունյանը՝ իրեն վստահված բոլոր ոլորտները ձախողելու համար։ Սակայն այստեղ թեման մի քիչ նուրբ է։

Այս պաշտոնում, թույլ տվեք կանխագուշակել, որևէ նախարար չի հաջողելու, եթե նա չունի Նապոլեոնի հմտությունները, Մակեդոնացու խիզախությունը և Շիրակացու իմաստնությունը։

Չի հաջողելու, որովհետև կառուցվածքն էր ի սկզբանե սխալ։ Սակայն սա նույնպես առանձին խոսակցության թեմա է։ 

Մյուս նախարարները կարող էին հաջողել։ Բայց նրանք գնացել են թիմային սխալ ուղիով։ Սա այն դեպքն է, երբ աշխատել են թիմային ձախողումներից հետ չմնալ. մեկը բոլորի, բոլորը մեկի համար սկզբունքով։

Որոշ բացառություններ իհարկե կարող ենք նշել, բայց այդ մարդկանց հարվածի տակ չդնելու համար կխուսափենք անուններ տալուց։ Ուստի ընդունենք, որ ձախողել են բոլորը։

Իսկ հիմա, երբ այդ ձախողումների ողջ փունջը դարձավ ակնհայտ, առաջացավ ոչ թե քավության նոխազի, այլ՝ նոխազների կարիք։ 

Ակնհայտ է, որ պատճառը հանրային ուշադրության և մեղավորների փնտրտուքի որոշակի բալանսավորումն է ու ժամանակ շահելը։

Այս գործելաոճը մենք տեսել ենք նախկինում, սակայն ոչ պատերազմի պարտության հետևանքով։ Հիմա նախարարների փոփոխությունների շքերթը կշարունակվի։ Խնդիրը դա չէ։ Խնդիրն այլ տեղ է։

Ե՞րբ կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նոր նշանակված նախարարների առաջ էական փոփոխությունների կամ կտրուկ շրջադարձերի առաջադրանք դրված չէ։

Այս առումով հասարակությանը խորհուրդ կտամ առանձնապես սպասումներ չունենալ։ Նրանք նշանակվում են հանրությանը լիցքաթափելու և պետական ձախողված ծանր համակարգը մի կերպ բալանսի մեջ պահելու համար։

Իսկ դա այս պահին մեզ համար ամենաանհրաժեշտն է։ Պետական համակարգի կազմաքանդումը կկրկնապատկի այսօրվա աղետը։ 

Ուստի մեզ մնում է հուսալ, որ քաղաքացիական պոտենցիալ բախումների փուլը շուտ կհաղթահարենք, և առաջին իսկ քիչ թե շատ կայունության փուլում կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am