«Ասում էի՝ զգո՛ւյշ եղի, ասում էր՝ ես մեռնողը չեմ»․ պատերազմում որդուն կորցրած մայր՝ իմ կյանքը չեղածի հաշիվ ա

«Պատերազմն ինչ սկսվեց՝ 3-4 օր չէր զանգել, հետո զանգեց, ասեց՝ մենք բունկերում ենք, թաքնված ենք, մի անհանգստացեք, բայց ինքը եղել ա Ջրականի թեժ կետերում»,- պատմում է պատերազմում որդուն կորցրած Գայանե Ղարիբյանը։

Որդին՝ 20-ամյա Միքայել Ազարյանը, 2019-ին ծառայության էր անցել Արցախում՝ Ջրականի զորամասում, 3-րդ հրաձգային գումարտակի կազմում՝ որպես ավագ հրաձիգ։

Մեկ տարի երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվում է պատերազմը։ Պատերազմի առաջին իսկ օրերից մեկ շաբաթ պայքար է մղել Ջրականի Լալալայկա բարձունքի համար։ 

Մայրն ասում է՝ որդու զոհվելուց հետո են միայն իմացել պատերազմում որդու սխրանքների մասին։

Զինակից ընկերները պատմել են, որ լայնածավալ հարձակումից հետո, երբ գումարտակի հրամանատարը հրամայել է նահանջել, արկն ընկել է Միքայելին շատ մոտ: Միքայելը գիտակցությունը կորցրել է ու հարվածի ալիքից ծածկվել հողի հաստ շերտով։

«Տղաները չեն կարողացել տեսնել Միքայելին, հրետակոծության պատճառով չեն կարողացել նույնիսկ վիրավորներին օգնության հասնել և դուրս բերել հրետակոծվող տարածքից։ 

Արդեն մտածել են, որ կորցրել են Միքայելին, բայց կարճ ժամանակ անց Միքոն ուշքի է եկել և հասկացել, որ հողի տակ է։ Մի կերպ հողի տակից դուրս գալով՝ տեսել է, որ թշնամին շատ մոտ է։ Գերի չընկնելու համար ինքն իրեն գլորել է բլրից։ Կոմբատը, նկատելով գլորվող զինվորին, հրամայել է թիկունքը պահել, որպեսզի թշնամին չկարողանա հասնել Միքոյին»,- պատմում է մայրն ու ասում՝ այդ արարքի համար որդին Հայոց ազգային բանակի կողմից հետմահու արժանացել է մեդալի։

Գայանեն ասում է՝ որդին այնուհետև շարունակել է թեժ պայքարը Կուբաթլուում, Հադրութում։

Թութակներ կոչվող բարձունքում ուժեղ հրետակոծության ժամանակ Միքայելը նաև վիրավորում է ստացել, սակայն ընտանիքը այդ մասին նույնպես չի իմացել:

«Իրեն տեղափոխել են ապահով վայր, որպեսզի վերքը մշակեն: Այդ օրերին մի նամակ է գրել սիրած աղջկան և բանաստեղծություն՝ ինձ նվիրված և խնդրել է ընկերներին փոխանցել ինձ՝ իր չվերադառնալու դեպքում»,- ասում է մայրը ու հուզվում։


Մայրն ասում է՝ որդին պատերազմի դաշտից երբ զանգում էր, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է․ «Ասում էի՝ զգո՛ւյշ եղ՛ի, ասում էր՝ ես մեռնողը չեմ»։

Հոկտեմբերի 28-ին Միքայելը վերջին անգամ է ընտանիքի հետ կապ հաստատում, նույն օրն էլ Կարմիր Շուկա- Շեխերում զոհվում է ԱԹՍ հարվածից։ 

Մայրն ասում է՝ լուրեր էին հասնում, որ որդին զոհվել է, սակայն մեկ ամիս որդու մարմինը ոչ մի տեղ չէին գտնում ու հույս էին փայփայում, որ նա ողջ կլինի։

«Պատերազմից հետո հայրն ու պապիկը, մեր հարազատներից Կարմիր խաչի օգնությամբ գնացին, էդ տարածքից հանեցին։ Համարյա անճանաչելի էր դարձել»,- ասում է որդեկորույս մայրը։ 

Գայանեն ասում է՝ նոյեմբերի 2-ից սկսել էր արդեն տեսիլքներ տեսնել ու զգացել էր, որ որդուն ողջ գտնելու հույսերը զուր են։

«Տեսիլքներ էին գալիս, որ Մարիամ Աստվածածին եկեղեցում եռագույն դագաղի կողքը ես միայնակ նստած էի, ասում էի՝ սա վատ նշան ա»,- պատմում է Գայանեն ու նշում, որ որդու հոգեհանգստյան արարողությունը հենց այդ եկեղեցում են արել։

Որդու մասին պատմելիս մայրն ասում է՝ գիտեր, որ որդին հումորով է, բայց չէր պատկերացնում, որ անգամ պատերազմի ժամանակ ընկերներին գոտեպնդելու և ոգևորելու համար կատակներ կաներ։ «Հրետակոծության ժամանակ տղերքին ասել է․ «Հլը նայեք՝ ի՜նչ ռոմանտիկ գիշեր ա, մեզ համար ի՜նչ հրավառություն են կազմակերպել»։

Միքայելը սիրում էր ստեղծագործել, պատմում է մայրը, բանաստեղծություններ էր գրում, այնուհետև վերածում էր ռեպ կատարման ու ձայնագրում, ունի Յութուբյան ալիք։ 

Դեռ 4-րդ դասարանում Հայաստանի մասին ակրոստիքոս էր գրել։ Մայրը հուզմունքով ասում է, որ այդ ակրոստիքոսի մի տողը՝ «Տերևաթափի պես կորցրիր ժողովրդիդ», կարծես մերօրյա զոհված տղաների սերնդի մասին լինի.

ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿԻՐ

Հայո՛ց երկիր,

Արյանդ գնով պահեցիր

Յուր անունդ։

Արևի լուսապայծառ շողերը

Սփռվում են քեզ վրա։

Տերևաթափի պես կորցրիր ժողովրդիդ,

Ամեն ինչ սկսեցիր նորից,

Նորից դու ոտքի ելար։

Մայրը պատմում է, որ Միքայելը անչափ հետաքրքրասեր էր և աշխատասեր։ Ցանկանում էր տարբեր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել և կիրառել աշխատանքում։ 

«Տարբեր մասնագիտություններով էր հետաքրքրվում, երևի գիտեր, որ կյանքը կարճ է լինելու, դրա համար ձգտում էր ամեն ինչ հասցնել… 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի տնտեսագիտական բաժին։
 
Վարժարանին զուգահեռ ընդունվեց ուսումնական կենտրոն և ավարտեց խոհարարության դասընթացներ։ Հետո ընդունվեց Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Հաշվապահություն» բաժին, որից հետո տեղափոխվեց «Ճարտարապետաշինարարական դիզայն» բաժին»։

Մայրն ասում է՝ սովորելուն զուգահեռ որդին նաև աշխատել է․ «Ասում էր՝ ինչի՞ պետք ա ձեզանից գումար վերցնեմ, չէր ուզում հարազատներից ոչ մեկին նեղություն տալ։ Առաքիչի օգնական էր աշխատում, սուպերմարկետում մոտակա տարածքները ոտքով առաքում էր։ Մի քիչ էլ սննդի կետում աշխատեց, երբ խոհարարականն ավարտեց։ Ասում էր՝ բանակից գամ, սննդի կետ կբացեմ։ Իրեն բանակում Պոնչ էին ասում, ասում էր՝ անունն էլ կդնեմ «Պոնչի մոտ»»,- պատմում է ու հուզվում մայրը։

Միքայելի վերջին լուսանկարը

Գայանեն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքն անիմաստ է դարձել․ «Իմ կյանքը չեղածի հաշիվ ա»։

Միքայելը Արցախի նախագահի կողմից Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի կողմից՝ «Ազատամարտիկ» մեդալով, Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի կողմից՝ «Մեծն Տիգրան» շքանշանով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am