Կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ գրահրատարակիչները կանգնած են նոր խնդիրների առաջ։
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ներկայացրեց 1 ամսվա կտրվածքով գրանցված վաճառքը։ «Անտարես» հրատարակչությունը վաճառել է 250.000 դրամի գիրք, սա նշանակում է, որ մոտ 50-70 գիրք են առել։
«Կարծում եմ՝ Հայաստանի համար սա շատ քիչ է։ Իմ հաշվարկներով՝ Հայաստանի անգամ 1%-ը գրախանութ չի մտնում։ Սա լուրջ խնդիր է։ Տարբեր հարակից հաշվարկներ ցույց են տալիս, որ մենք քիչ ենք կարդում, և կարդալու մշակույթն էլ տարածված չէ։
Որպես կանոն՝ ընթերցանության լեզուն ռուսերենն է, հետո՝ հայերենը, որը բավականին զիջում է, հետո՝ անգլերենը։ Այսօր սա է վիճակը, բայց բարելավման համար պետք է պետական ծրագրեր անեն՝ առնվազն 25-30 տարվա, բայց չունենք այդպիսի ծրագիր։ Միայն ընթերցանության օլիմպիադան է, որին պետությունը ոչ թե օգնում է, այլ չի խանգարում։ Կուզեի մի դրվագ պատմել։
2006 թ․ Չինաստանում հարց են դնում, թե ինչու Չինաստանը կարողանում է ամեն ինչ արտադրել, սակայն վերջին հազարամյակում ոչ մի բան չի ստեղծել։ Այն սմարթֆոնը, որն արժի 500-1000 դոլար, միայն 5 դոլար 85 սենթն է մնում Չինաստանին։ Ի՞նչ անեն, որ Չինաստանում ավելի շատ ավելացված արժեք կուտակվի։ Մեծ հետազոտություն են պատվիրում իրականացնել, որին մասնակցում են աշխարհի ամենաստեղծագործ կազմակերպությունները, այդ թվում՝ Google, Apple, Microsoft, Chanel, Mitsubishi, Toyota:
Ու այդ կրեատիվ ընկերությունների կրեատիվ տարրի պատասխանատուն, այդ ստեղծագործող մարդիկ, այդ խենթերը, պատասխանում են մոտ մի 100 հարցի, ու պարզ է, որ այս խենթերից յուրաքանչյուրն իր ձևով է պատասխանում, ու նրանց պատասխանները պիտի լինեին իրարամերժ, ու այդպես էլ կար։ Բայց կար մի հարց, որը հնչում էր այսպես՝ ի՞նչ եք կարդացել մանկապատանեկան տարիքում։ Ու այս բոլորը խենթերը պատասխանել են նույն բանը՝ գիտաֆանտաստիկ գրականություն»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ արդյունաբերական հեղափոխության, իննովացիոն հեղափոխության հիմքը, ինչի մասին այսօր խոսում է վարչապետը, ինչի մասին խոսում է Հակոբ Արշակյանը, պետք է դրվի մանկապարտեզում՝ գիտաֆանտաստիկ պատմությունների, գիտաֆանտաստիկ գրքերի միջոցով, հետո՝ դպրոցում, հետո՝ մնացած ամբողջ կյանքի ընթացքում։ Մարտիրոսյանը նկատեց, որ Չինաստանը տարեկան 4-6 միլիարդ դնում էր թարգմանություններ անելու և սեփական մրցույթներ անցկացնելու վրա, և այն, թե ինչ տեղի ունեցավ Չինաստանի հետ 2006 թ.-ից սկսած՝ այս 13-14 տարվա մեջ, մենք բոլորս տեսնում ենք՝ Չինաստանն աշխարհը վերցրեց ձեռքը։
Գործոններից մեկը, ըստ նրա, այն էր, որ Չինաստանը սկսեց զարգացնել գիտաֆանտաստիկ գրականության ընթերցանությունը։
«Մենք չենք կարդում, որպես կանոն, իսկ եթե կարդում էլ է, Հայաստանի մեկ տոկոսը միայն։ Եվ դա խնդիր է։ Մենք մինչև այս ընթերցանության կտորը չհաղթահարենք, չենք ունենա վարչապետի երազած հեղափոխությունը, որի մասին խոսում է։
Դա գալիս է ընթերցանությունից, որովհետև ինչքան էլ կրեատիվ լինես… Ես օրինակներով ցույց տվեցի, և խոսքս միայն Չինաստանի մասին չէ, այլ ամբողջ աշխարհի»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկին իշխանությունները թքած ունեին այդ ամենի վրա, ներկա իշխանությունն էլ ինչ եկել է, Սահմանադրական դատարանի հարց դեռ չի լուծել, ու անընդհատ ինչ-որ խոչընդոտներ են լինում բնական և մարդածին։ Վարչապետն անընդհատ ասում է՝ գրքի շուրջ կլոր սեղան անենք, բայց էբոլաներն ու հրայր թովմասյաններն ու կորոնավիրուսները չեն թողնում։
«Զանգակ» հրատարակչությունում արձանագրվել է օնլայն պատվերների աճ, բայց բանն այն է, որ առաքումներ այս օրերին չեն կատարում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Զանգակ» հրատարակչության վաճառքի բաժնի ավագ մասնագետ Անժելա Պետիկյանը:
«Զանգակ» հրատարակչության օնլայն պատվերները կատարում էր մեր գրատների ցանցը, հիմա մեր 5 գրախանութներն էլ փակ են: Մենք միանում ենք համաճարակի կանխմանը և այս պահին պասիվ կարգավիճակում ենք գտնվում: Մեզ համար շատ բարդ է: Բնականաբար, ունենք պատվերներ, դիմում են հաճախորդները, որոնք օնլայն ընթերցելու ցանկություն ունեն, հատկապես հիմա ակտիվացել են: Համագործակցում ենք օնլայն հարթակների հետ, այնտեղ վաճառվում են մեր գրքերը, հաճախորդներն իրենք էլ են օնլայն մեզ դիմում, բայց, ավաղ, մեր աշխատանքը հիմա մի փոքր սառեցված է: Այս խստությունները երբ հանվեն, մասամբ աշխատելու թույլտվություն կունենանք, կսկսենք հերթապահել, ինչպես դա անում էինք մինչև այս խիստ պայմանների ուժի մեջ մտելը»,- ասաց նա:
Անժելան հավելեց, որ հատկապես հիմա ավելի շատ ուշադրություն են դարձնում հենց ընթերցանությանը, հատկապես երեխաների համար. «Ուսումնական գրականությունն է ակտիվացել, քանի որ օնլայն հարթակներում դասապատրաստումները և դասեր անցկացնելը կապված են հենց մեր հրատարակած ուսումնական ձեռնարկների հետ: Այո, ակտիվացում կա: Եթե չշարունակվի խիստ արտակարգ իրավիճակը, որի ժամկետը լրանում է վաղը, հերթապահություն կունենանք»:
Հարցին, թե այս օրերին օնլայն քանի գիրք է վաճառվել, նա պատասխանեց. «Այս օրերին առաքում չենք կատարում, և ընկերությունը մեծ վնասներ է կրում: Որովհետև տպարանը չի աշխատում, ամբողջովին կաթվածահար է տպարանի աշխատանքը, իսկ մենք ունենք աշխատանքներ, որոնք պետք է արդեն հանձնվեին տպագրության»:
Մանե Հարությունյան
MediaLab.am