Արել ենք հնարավորինը. Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով արված աշխատանքի մասին

 ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նպատակն է եղել, որ  Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով վեհաժողովում իրազեկված լինեն, հարցը հնչեղություն ստանա, քաղաքական խմբերի ղեկավարները հայտարարություններ անեն, և դա հաջողվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց պատվիրակության անդամ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ՀՀ ԱԺ-ում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ասուլիսում:

«Եթե նախաձեռնությունը չարվեր, ես անպայման կքննադատեի պատվիրակության ղեկավարին, և կասեի, որ նման առաջարկ եմ արել, բայց այդ նախաձեռնությունը չի ներկայացվել: Գնալուց առաջ քննարկել ենք, թե ինչ անենք, ես առաջարկել եմ, որ պետք է անպայման պահանջենք դեբատ: Բոլորով որոշել ենք, որ պետք է դա անել»,- ասաց Մարուքյանը:

Նա անկեղծացավ՝ միևնույն ժամանակ բոլորով իմացել են, որ դա մերժվելու է: Սակայն, պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ բյուրոյի կողմից՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը ընթացիկ քննարկման թեմա դարձնելու հարցի մերժման որոշման համատեքստում նույն քննարկումը, նույն դեբատը եղել է դահլիճում, ելույթների տեսքով նաև քաղաքական խմբերում: Քննարկումը եղել է այն համատեքստում, որ բյուրոն պետք է այս որոշումն ընդուներ, հարցը քննարկվեր: «Բայց, վերջին հաշվով, էլի նույն բանը քննարկում էինք: Նույնիսկ մեր առաջարկի արդյունքում էլ վերջում փաստաթուղթ չէր ընդունվելու, ուղղակի լինելու էր քննարկում: Հիմա այդ քննարկումը եղավ: Պետք էր, որ քաղաքական խմբերի ղեկավարները կոչ անեին, որ ռազմագերիները վերադարձվեն, կոչը արել են: Մեզ պետք էր, որ գլխավոր քարտուղարին այդ հարցը մենք չտանք, քաղաքական խմբերի ղեկավարները տան, այդ հարցը տվել են քաղաքական խմբերի ղեկավարները: Պետք էր, որ  նման հայտարարություններ լինեին մամուլում, «Թվիթեր»-ում, դա էլ է եղել: Նախարարների կոմիտեի ղեկավարը հարցին անդարադարձել է: Նպատակ էինք դրել, որ հարցը քննարկվի, հարցը քննարկվել է»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ իրենց պետք էր հնչեղություն, պետք էր, որ իրազեկված լինեն պատվիրակները և վեհաժողովը, դա արվել է այդ պրոցեսի միջոցով: Մարուքյանը հավելեց՝ մարդիկ տեսնում են, որ պատերազմը ավարտվել է, փաստաթուղթ կա ստորագրված, բայց մի երկիր իրեն պահում է ահաբեկչի պես: Միայն ահաբեկիչն է պատանդ պահում և փորձում պայմաններ թելադրել, ինչի մասին Մարուքյանն իր ելույթում հստակ նշել է:

«Մենք արել ենք հնարավորինը: Ավելին հնարավոր չի եղել: Եվ ակնհայտ է եղել, որ ՌԴ-ում 3500 մարդու բերման ենթարկելը և Նավալնու կալանավորումն իրենց համար եղել է առաջնային թեմա, և հենց դա էլ քննարկվել է»,- ասաց Մարուքյանը: