«Այդ ծաղիները նվեր եմ ստացել». Արփի Դավոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը տեղյակ չէ, որ «դեղին ձնծաղիկը»՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը, վերացող տեսակ է, հետևաբար դրա վաճառքը արգելված է: Նա իր ֆեյսբուքյան էջի «սթորի» բաժնում հրապարակել է ծաղկի լուսանկարը՝ սեղանին ծաղկամանի մեջ դրված:

«Այդ ծաղիկները նվեր եմ ստացել քրոջս աղջկանից», -«Մեդիալաբին» ասաց պատգամավորը՝ նշելով, որ ինքը տեղյակ չի եղել ծաղկի վերացող տեսակ լինելու ու դրա վաճառքի արգելված լինելու մասին:

Համացանցում պատգամավորը քննադատության է արժանացել:

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակը անդրադարձել է մեկնաբանություններին և նշել. «Հարգելի գործընկերներ, Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Տիկին Դավոյանն արդեն տեղյակ է խնդրի վերաբերյալ և պատրաստակամ է այսուհետ անձամբ հետևողական լինել տեսչական մարմնի աշխատանքի նկատմամբ:

Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում:

Տեղեկացնեմ նաև, որ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերի ժամանակ հաճախ պարզվում է, որ փողոցներում վաճառվող ծաղիկները հավաքված են ոչ թե բնության գրկից, այլ աճեցված են ջերմոցներում»:

Ավելի վաղ ՇՄ նախարարությունը տեղեկացրել էր, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է վարչական տուգանք։ Կոնկրետ այս՝ Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am