«Սեփական ժողովրդին սարքեցին «պրաստիտուտկա»՝ 5, 10, 15 հազար դրամանոց». Էդգար Բաղդասարյանը՝ նախընտրական ապատիայի մասին

«Սեփական ժողովրդին սարքեցին «պրաստիտուտկա»՝ 5, 10, 15 հազար դրամանոց». Էդգար Բաղդասարյանը՝ նախընտրական ապատիայի մասին
«Սեփական ժողովրդին սարքեցին «պրաստիտուտկա»՝ 5, 10, 15 հազար դրամանոց». Էդգար Բաղդասարյանը՝ նախընտրական ապատիայի մասին
Հեղինակ MediaLab

 
«Մեդիալաբի» զրուցակիցը կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է: Թեման` նախընտրական շրջանում երկրում ստեղծված իրավիճակն ու տրամադրությունները:
– Պարոն Բաղդասարյան, վերջին տարիներին հայ հասարակությունն անտարբեր է դարձել: Անգամ այս փուլում, երբ նախընտրական շրջան է, հասարակությունն ակտիվ չէ, ինչպես 2008 թվականին էր: Ինչո՞վ եք դա բացատրում:
-Մարտի 1-ով, ինչո՞վ պետք է բացատրեմ: Եթե մենք 20 տարի տեսնում ենք, որ չենք կարողանում ընտրություն կատարել նորմալ, սա պետք է լինի իրականությունը: Ես հերթով բոլորին դատելով կգայի, ովքեր կեղծել են ընտրությունները: Ի՞նչ է նշանակում գողանալ ձայնը քո սեփական քաղաքացուց: Դա մահապատժին հավասար հանցագործություն է: Ի՞նչ արեցին 20 տարվաընթացքում, ի՞նչ սարքեցին, ուղղակի սեփական ժողովրդին սարքեցին «պրաստիտուտկա»՝ հինգ, տասը, տասնհինգ հազար դրամանոց: Նրանք բոլորը հայ ազգի թշնամիներն են և պետք է դատվեն, թե փողով են կեղծել, թե բռի ուժով, հայ ազգի թշնամիներն են, բոլորը հատ-հատ՝ 91 թվականից մինչ այսօր, պետք է դատվեն: Սա մի մեխանիզմ է գծած՝ քուչի աֆտարիտետներից սկսած, կիսագողական, լրիվ գողական աշխարհը ներգրավելով, օլիգարխիկ կապիտալով, մի այնպիսի սցենար է գծած, որ դրա դեմ ոչինչ անել չես կարող: Բայց բոլորը ամպագոռգոռ հայտարարություններ են անում, ժողովրդավարությունից են խոսում: Մենք ընտրություն չենք ունեցել, ինչի՞ց են խոսում: Ով որ հակառակն է ասում, լկտի սուտասան է, որովհետև ժողովուրդն ամեն ինչ գիտի, անուն առ անուն գիտենք, թե ով ինչ է արել: Եվ դա բերում է այս ապատիային, որ անհնարին է մի բան անել: Եթե այս նույն բանն անեին ռուսների հետ, Կրեմլը կքանդեին, հայը պայքարող չի:

– Ինչո՞ւ պայքարող չի, ազգային առաձնահատկությո՞ւն է, թե՞ հավատ չկա:

– Մեր մենթալիտետն է այդպիսին: Ես հազար անգամ ասել եմ՝ եթե հազար տարի, ներողություն արտահայտությանս համար, էս սուլթանի հետույքը համբուրես, էն սուլթանի, սրան հարմարվես, նրան հարմարվես, դա մտնում է գեներիդ մեջ, մեջդ ճորտություն է մտնում: Քառասուն տարի, ոնց որ Մովսեսն էր ասում, պետք է, որ երեք սերունդ մաքրվի, ճորտերին մաքրի, ճորտերը մահանան, որ իրենց երեխեքի վրա պետություն հիմնվի: Այդ 40 տարին պատահական չի, դա երեք սերունդէ: Նույնն էլ մեզ է պետք, որովհետև ճորտությունը նստած է մեր մեջ: Հինգ, տասը, քսան հազար դրամով վաճառվող մարդը ի՞նչ Հայաստանի քաղաքացի, ես այդ մարդուն չեմ համարում իմ հայրենակիցը: Միաժամանակ ես հասկանում եմ, որ իրենք հատուկ են մարդուն էդ աստիճանի նսեմացրել, որ երեխան սոված լինի, որ այդ հինգ-տասը հազարը նրանց համար մեծ փող լինի: Այո, դա մտածված է արվում, որ հանկարծ չհարստանաս, որովհետև եթե հարստանաս էլ, էլի վաճառվելու ես, բայց այդ ժամանակ 100-150 հազար դրամ ես ուզելու, ինչի՞ թանկ նստես օլիգարխի վրա: Մեկ է, հետո Լֆիկը 20 դրամով կբարձրացնի իրա ալյուրի գինը ու իր փողը հետ կբերի, այնպես, ինչպես անում է ընտրություններից հետո ու միշտ անելու է:

– Հասարակության կողմից ընտրությունները բոյկոտելու մեսիջներ տեսնո՞ւմ եք այս փուլում, կարծես թեկնածուները նման մտավախություն ունեն:

– Ոչ, չեմ տեսնում նման բան: Բայց ես Սերժ Սարգսյանի մոտ նևրոզ եմ տեսնում: Այդ վերջին պատմությունը՝ խիյարի հետ կապված, իրականում նևրոզի արդյունք է: Ես չեմ կարծում, որ այդ նյարդային վիճակը մրցակցությունից է, դա, ինձ թվում է, իր ներքին թիմի վատ աշխատանքի հետևանք է:

– Միայն նևրոզո՞վ եք բացատրում Սերժ Սարգսյանի այդ պահվածքը: Կա տեսակետ, որ լուրջ մրցակից չունենալու արդյունքում է նա այդպես խոսում մարդկանց հետ:

– Ոչ, նևրոզ կա, ներվայնություն կա: Ես չեմ կարծում, որ նա դրանով ծաղրում է մեր ժողովրդին: Ինքը մի լավ բան ասեց իր մասին՝ էնքան մեղք ունենք, մեր մեղքերը մի ավելացրեք: Լիքը մեղքեր ունեն նրանք: Որևէ մեկը չի մտածում, որ նրանք ազգի թշնամիներ են: Իմ տեսակետն այն է, որ պարզապես ընդունակ չեն: Այս երկրի հիմնական խնդիրը կադրային խնդիրն է: Մարդիկ, ովքեր կարող են մի բան փոխել, մի կողմ են դրված: Նույնը իմ ոլորտի օրինակով եմ ասում: Փոխարենն այսօր այնպիսի փողեր են կուտակել օլիգարխները, որ ազգային անվտանգության խնդիր է, չի կարող այդքան գումար կուտակվել մի քանի մարդու ձեռքում: Յուրաքանչյուր երկրում դա կոչվում է революционная ситуация: Ամբողջ աշխարհում, երբ որ նման կուտակում է գնում, օլիգարխները սկսում են հետ տալ այդ փողերը, որ այդ անդունդը փոքրացնեն, իսկ այստե՞ղ: Էդ աստիճանի՞ ագահ: Ես չգիտեմ, էդ ինչքա՞ն պիտի չսիրես քո ժողովրդին, որ այդպես վարվես: Իրենք նշանակված միլիոնատերեր են, բայց երևի մտածում են, որ այնքան խելք ունեն, որ էդ վիճակին եկել-հասել են: Խոշոր բիզնեսմենների հետ որ խոսում ես, բոլորն ասում են՝ Հայաստանը մի խնդիր ունի՝ Լֆիկ Սամոն: Նրան որ վերացնես, տնտեսությունը շունչ կքաշի, այ այդ աստիճանի ֆիգուր է դարձել, որն ուղղակի մեզ ծաղրում է, խեղկատակություն անում: Մեկը չկա` մի հատ ապտակի ու իրան նստացնի իրա տեղը: Պատկերացրեք նրա անպատժելիության աստիճանը, որ կանգնում ու ասում է՝ բիզնեսս կինս է ղեկավարում: Իսկ այդ ամբողջն ո՞ւմ խնդիրն է՝ Հայաստանի նախագահի, որովհետև կամքի խնդիր է: Ասում է՝մի օրում չի լինի, 20 տարվա ճամփա պիտի անցնենք և այլն, դա ծիծաղելի է: Մի օրն էլ շատ է, մի ժամում կլինի, կամքի խնդիր է:

– Ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում:

– Լուծումը տեսնում եմ, որ սրանց պետք է կեղտոտ ավելով, ցավացնելով, ցանկացած մեթոդով շպրտես, գնան այստեղից: Ժողովուրդը միանշանակ պետք է ոտքի կանգնի: Կանգնել էր ոտքի, ի՞նչ արեցին՝ փախան, գնացին տները: Լիդերը պետք է այդ ժամանակ լիներ Ֆիդել Կաստորն ու Չե Գեվարան, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե մի բան ուզում ես փոխել, վերցրու ու փոխիր, ոչ թե ընկիր դեմագոգիայի մեջ, վախկոտ ֆռֆռա: Հիմա այդ մարդիկ իրավունք չունեն որևէ բան խոսելու, պատմական աղբանոցում են ու երբևիցե նման շանս էլ չեն ունենալու, երբևիցե: Դա իրենք լավ գիտեն, դրա համար էլ չեն դնում իրենց թեկնածությունը, որովհետև խայտառակ կլինեն, իրենց համախոհների 40 տոկոսն էլ իրենց ձայն չի տա:

– Իսկ առհասարակ ինչո՞վ եք բացատրում մյուս ընդդիմադիր ուժերի պասիվ պահվածքն ու անտարբերությունն ընտրական գործընթացների նկատմամբ:

– Դա խայտառակություն է՝ երեք խմբակցություն, որ մտել են խորհրդարան պայքարելու համար, թեկնածու չեն առաջադրում: Միանգամից իրենց սիրուն խորհուրդ՝ պատմական աղբանոց, ուրիշ տեղ չկա, «Օրինաց երկիր» կուսակցության կողքին: Այդ դեպքում քաղաքական պայքարի իմաստը ո՞րն է, ինձ բացատրեք: Ուրեմն բացեիբաց ասեք, որ Սերժ Սարգսյանն էն աստիճան ուժեղ է, որ անցնելու է, կամ էլ կեղծելու է: Երկուսից մեկն ասեք, մի բան ասեք, ի՞նչ է նշանակում՝ չենք դնելու թեկնածու, դա շատ ծիծաղելի է: «Բարգավաճ Հայաստանը» այն գլխից էլ պարզ էր, որ կուսակցություն չէ, բայց դաշնակցականներն էլ հո կուսակցություն էին: Մյուս կողմից էլ` մեր երկրում ամենուր մանկամտություն է, սև է կամ սպիտակ, ոչ մի երանգ չկա: Նման մանկամիտ մտածողությամբ ազգը չի կարող առողջ քաղաքական դաշտ կերտել: Դա սարսափելի է, ամեն տեղ մանկամտություն է, միացրեք հեռուստացույցը՝ ֆիլմերը, հաղորդումները, մանկամտություն է: Դա գալիս է նրանից, որ պրոֆեսիոնալներին մի կողմ ենք շպրտել: Այսօր քաղաքական դաշտը լուրջ խնդիրներ ունի: Սերժ Սարգսյանը շատ լավ է հասկանում, որ ընդդիմություն է պետք, առանց ընդդիմության կկործանվի այս երկիրը, բայց ի՞նչ անի, զոռո՞վ ստեղծի ընդդիմություն, խամաճիկներո՞վ, ինչքա՞ն կարելի է: Ընդդիմությունը գաղափար է, քաղաքական գաղափար: Ես ասացի, թե ինչ վտանգներ է սպառնում Հայաստանին, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե արտաքին քաղաքականության մասով ի՞նչ է լինելու մեր վիճակը: Մեր հարցն է դրված՝ կլինե՞նք, թե՞ չենք լինի որպես պետություն: Այ այդ աստիճանի լուրջ է այս հինգ տարին լինելու: Հիմա դրսում ո՞ւմ է պետք ուժեղ հայ նախագահ, ոչ մեկի: Հայաստանին հիշում են միայն ապրիլի 24-ին, էն էլ` մի քանի երկիր, վերջ, Հայաստանը գոյություն չունի քաղաքական քարտեզի վրա: Մեկ էլ` թուրքերին ճզմելու համար են հիշում՝թքած ունենալով մեզ վրա, վերջ:

– Անտարբերության համար այսօր հաճախ մեղադրում են նաև մտավորականներին՝ ասելով, որ ժողովրդի կողքին չեն կանգնում, ուղղություն ցույց չեն տալիս: Սա ինչո՞վ եք բացատրում:

– Եթե քաղաքացին վաճառվում է հինգ, քսան, երեսուն հազար դրամով, մտավորականը վաճառվում է իր գնով: Հայ մտավորականության 95 տոկոսը պուտանկաներ են բոլորը, վաճառքի սպասող: Վաճառվում են կոչումներով, նյութականով, միլիոն ձև կա վաճառվելու:

-Ոչ թե խոսքերով, այլ իրականում դեպի ապահով Հայաստան գնալու համար ի՞նչ պետք է արվի:

– Ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանը կանի ավելին, ինչ արեց անցած հինգ տարվա ընթացքում: Փորձեր եղան անելու ինչ-որ բան, բայց ներքին պառակտում կա այնտեղ: Շատ դժվար է վերցնել ու այդ օլիգարխներին նստեցնել իրենց տեղը: Պետք է այդ օլիգարխներին հավասարաչափ հեռացնել և բերել հարկային դաշտ, վերացնել մոնոպոլիան, թողնել, որ ուրիշներն էլ շաքարավազ, ալյուր և ձեթ բերեն էս երկիր: Եթե Carrefour-ը չմտավ Հայաստան, ես սարսափելի բաներ կխոսեմ այս իշխանությունների մասին, որովհետև շան նման վախում են Carrefour-ից: Դա շատ կարևոր քայլ է, ուղղակի մի հիպերմարքեթի բացում չի, դա տնտեսության ապամենաշնորհացման մի կարևոր խնդիր է: Սերժ Սարգսյանը պետք է կառուցվածքային փոփոխություններ կատարի, ոչ թե դերասանական, թե տեսեք՝ էս ենք արել, էն ենք արել: Եթե ինքն իրոք հասկանում է և ուզում է պատմության մեջ մտնի, կառուցվածքային բարեփոխումներ պետք է կատարի բոլոր ոլորտներում: Սակայն նա դա չի անի բնականաբար, որովհետև այդ փողերով է եկել իշխանության, այդ օլիգարխիկ բարձիկն է իրեն բերել: Դա կարող է անել մի մարդ, ով այդ բարձիկի վրա նստած չի եղել:

– Եթե ընտրությունները չկեղծվեն, հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը պարտվի՝ հաշվի առնելով հասարակության վերաբերմունքը:

– Իհարկե, եթե ընդհանրապես վարչական ռեսուրսներ չօգտագործվեն: Բայց վարչական ռեսուրսների դեմը չենք կարող առնել, որովհետև շատ կենտրոնացված երկիր է, շատ վախեցած ժողովուրդ է՝ մանկամիտ դատողությամբ: Եթե այդ ռեսուրսը չօգտագործվի, միանշանակ մեկ-երկու թեկնածուներ շանսեր ունեն: Բնականաբար, Րաֆֆի Հովհաննիսյանն ամենաշատ շանսն ունի, ինչո՞ւ չէ՝ Հրանտ Բագրատյանը:

– Քաղաքացիական հասարակությունն էլ կարծես վերջին շրջանում պասիվություն է դրսևորում, ինչո՞վ եք բացատրում:

– Շատ կարևոր է դա՝ քաղաքացիական հասարակություն ստեղծելը, ինչպես վերացնել այդ մանկամտությունը, դատողության մանկամտությունը, գնահատականների, սև ու սպիտակ մտածողությունը: Սրանք լուրջ գործընթացներ են, իրականում սա տհասություն է, չնայած ես չեմ ուզում վիրավորել հայ ժողովրդին: Քաղաքացիական հասարակությունը կարևոր խնդիր է կատարում, ու չեմ կարծում, որ հիմա պասիվ է: Ուղղակի այստեղ խնդիր կա՝ քաղաքականացվելու պարագայում միանգամից կլինեն մարդիկ, ովքեր կուզեն ղեկավարել այդ գործընթացը: Ես գիտեմ անգամ նման փորձեր: Փորձեր կարվեն առաջիկա հինգ տարվա ընթացքում քաղաքացիական հասարակությանը ղեկավարել, դրանով իսկ իսպառ սպանել դա, դրան կարող է գումարվել ներսից լիդերության ձգտումը, ինչը բնորոշ է հայերին: Լավագույն դեպքում կարող է մնալ միայն էկոլոգիական շարժումը, որը շատ անհրաժեշտ է, բայց դա պետք է լինի շատ հզոր մի շարժում, որի հետ հաշվի կնստեն շատ բարձր ատյաններում: Պետք է գան, հասնեն Մաշտոցի պուրակ, ասեն՝ Տարոն, սիրուն չի, ու տանեն Տարոնին լիքը բաներ ցույց տան, ասեն՝ էս էլ սիրուն չի, Տարոն, սա էլ սիրուն չի, սա էլ, հերթով: Հետո սկսեն մարդկանցից՝ էս մարդն էլ «սիրուն» չի, ու կամաց-կամաց մաքրեն Հայաստանը:

Լիանա Գալստյան

© Medialab.am