Ըստ թուրք դիվանագետի՝ Հայաստանը պետք է ընդունի, որ ցեղասպանություն չի եղել, հայերը սպանել են թուրքերին, իսկ թուրքերը՝ հայերին

Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Յաշար Յակըշը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին, որի ընթացքում համոզմունք է հայտնել, որ եթե Փաշինյանի կառավարությունը կարողանա մնալ իշխանության, ապա կարող է աստիճանաբար լուծել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերը: Նախկին նախարարը նշել է, որ մինչ այժմ Փաշինյանը շատ պատասխանատու է մոտենում իր արևմտյան հարևանի հետ հարաբերություններին:

Ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության նախկին ղեկավարի՝ Անկարան և Երևանը կարող են ընդհանուր հայտարարի գալ նաև Հայոց ցեղասպանության հարցով, եթե Փաշինյանը կարողանա դիմակայել Կալիֆոռնիայի հայ համայնքի ճնշումներին: 

Ըստ դիվանագետի՝ հնարավոր է փոխզիջումային տարբերակով կողմերն ընդունեն, որ հայերը սպանել են թուրքերին, իսկ թուրքերը՝ հայերին, Թուրքիան կդադարի հայտարարել, որ 1915 թվականին որևէ բան չի եղել, իսկ Հայաստանը կընդունի, որ մեղավոր են երկու կողմերը, և հայերը պատասխանատու են թուրքերին սպանելու համար: 

Յակըշը պնդում է, թե պատասխանատվությունը պետք է փոխադարձ լինի, քանի որ կան փաստեր, որ հայերը մզկիթներում այրել են թուրքերին, որոնց մասին հայերը լռում են և մեղադրում միայն թուրքական կողմին, մոլորության մեջ գցում միջազգային հանրությանը, և սա է պատճառը, որ Թուրքիան հակազդում էր նման «ապատեղեկատվության» տարածմանը:

Ըստ էության, Թուրքիան նախկին արտգործնախարարի շուրթերով բարձրաձայնում է այսպես կոչված հայ-թուրքական մերձեցման շրջանակներում ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի տեսակետը:

Քանի որ Փաշինյանի կառավարությունը միջազգային հարաբերություններ է ներմուծել մի նոր գաղափար, որը կոչվում է «Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ», որը ենթադրում է հնարավոր բոլոր զիջումները, ներառյալ՝ Հայաստանի սուվերեն տարածքից հողերի զիջումը, ապա շատ հնարավոր է, որ առաջիկայում ականատես լինենք ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական տեսակետի շրջադարձային փոփոխության՝ այս անգամ էլ Թուրքիայի հետ էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»:

MediaLab.am