Հայկ Մարությանի գործով արդյո՞ք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վարույթ հարուցեր․ մասնագետները տարակարծիք են

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օրենքով պարտավոր էր վարույթ հարուցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ, քանի որ քաղաքապետի մասին հրապարակում իրականացրած լրատվամիջոցը դիմել էր հանձնաժողով։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։ Նրա խոսքով՝ վարույթ հարուցելը հաստատված փաստ չէ, վարույթի շրջանակներում դեռ պետք է պարզել՝ քաղաքապետը խախտում թույլ տվե՞լ է, թե՞ ոչ։

«Միանշանակ պետք է այս գործով վարույթ հարուցվեր, որովհետև ԶԼՄ-ից կա դիմում։ Եվ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չէր կարող օրենքի պահանջը չկատարել։ Եթե դիմումի քննության առարկան իր իրավասությունների շրջանակներից դուրս լիներ, կասեինք՝ ինչո՞ւ ես հարուցել, եթե հարցը քո շրջանակներում չէ, բայց իրականում հարցը հենց հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում է»,- «Մեդիալաբին» ասում է Հերիքնազ Տիգրանյանը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, սակայն, նկատում է՝ օրենքն ասում է, որ հանձնաժողովը «կարող է» վարույթ հարուցել, իսկ դա նշանակում էր, որ կարող է նաև չհարուցել։

«Վարույթի հարուցման երեք տարբերակ կա օրենքով՝ յուրաքանչյուր անձի գրավոր դիմումի հիման վրա, լրատվամիջոցների հրապարակման հիման վրա և հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Ես հասկանում եմ, որ «կարող է հարուցվել» արտահայտությունը չի նշանակում, որ հանձնաժողովը պարտավոր է վարույթ հարուցել։ Օրենքով կարող են մերժել վարույթի հարուցումը կամ վերադարձնել վարույթ հարուցելու դիմումը։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ պետք է անպայման վարույթ հարուցեն»,- «Մեդիալաբին» ասում է Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ օրենքով վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է, դրանից հետո եզրակացություն է ընդունվելու։ Եզրակացությունն ուղարկվելու է պաշտոնյայի վերադասին, եթե նա կա, եթե ոչ, ապա, խախտում արձանագրելու դեպքում, համապատասխան պաշտոնյան պետք է պարզաբանումներ ներկայացնի։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ հարուցել։ Վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածը՝ «Հայկ Մարությանը շուրջ մեկ տարի օրենք է խախտել» վերնագրով։ Այստեղ ներկայացնելով փաստաթղթեր՝ թերթը պնդել է, որ 2018-ի հոկտեմբերին քաղաքապետի պաշտոնը ստանձնած Հայկ Մարությանը զուգահեռ տնօրինել է նաև իր «Երկուս ու կես» ՍՊԸ-ն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշել է, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

Ըստ հանձնաժողովի՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովը 2019 թ. դեկտեմբերի 9-ին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա իր նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել:

«Վարույթի հարուցումը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է որպես խախտման փաստի արձանագրում, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Տեղեկացնում ենք, որ հարուցված վարույթի շրջանակներում հանձնաժողովն ուսումնասիրում է առերևույթ խախտման վերաբերյալ փաստերը»,- պարզաբանել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին ասել է, որ հանձնաժողովը անիմաստ ժամանակ ու ռեսուրս է վատնում։ Քաղաքապետարանը հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթեր, որոնք, ըստ պաշտոնական տեղեկության, վերցված են Պետռեգիստրից և փաստում են, որ քաղաքապետ աշխատելուց երեք օր առաջ Հայկ Մարությանը հրաժարվել է ՍՊԸ ղեկավարի պաշտոնից։ 

«Կարծում եմ՝ այդքան ժամանակ պետական ռեսուրս ծախսել մի բանի վրա, որն ակնհայտ է, ընդամենը 3000 դրամ կարող էին վճարել և Պետռեգիստրով տեսնել, որ ես նախքան քաղաքապետ դառնալը արդեն այդ ընկերության տնօրեն չեմ հանդիսացել: Եթե այդ 3000 դրամը չկար, ես պատրաստ եմ իմ աշխատավարձից տալ այդ կառույցին, որ իրենք մեր պետության ռեսուրսները դրա համար չծախսեն: Ես, ճիշտն ասած, ուզում էի դա անել, բայց վախեցա, որ դա էլ կարող են որպես կաշառք դիտարկել, մի հատ էլ վարույթ էդտեղ հարուցել: Իմ մոտ տպավորություն է, որ բոլոր կոռուպցիոներներին այս երկրում արդեն բռնել ենք, բոլորը նստած են, հիմա զբաղվում ենք այսպիսի հարցերով»,- լրագրողներին ասել է Հայկ Մարությանը:

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ եթե լրատվամիջոցը փաստաթղթեր է հրապարակել՝ պնդելով, որ քաղաքապետը շարունակում է մնալ այդ ՍՊԸ տնօրենը, դա հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու հիմք կարող էր լինել։

«Այս գործը փաստորեն շահերի բախման կասկածով է։ Ըստ նույն լրատվամիջոցի՝ նոյեմբերի 30-ից Հայկ Մարությանն այլևս այդ ՍՊԸ տնօրենը չէ։ Այսինքն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ճշտի՝ ո՛ր թղթերն են ճիշտ, որո՛նք՝ կեղծ։ Եվ եթե հաստատվի շահերի բախումը, պետք է պահանջել, որ այն վերացվի»,- ասում է Հոկտանյանը։

Հերիքնազ Տիգրանյանն անդրադառնում է այն հարցին, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ հանձնաժողովի որոշումը քաղաքապետի համար։ Ըստ նրա՝ քանի որ քաղաքապետը քաղծառայող չէ, որոշումը իրավական հետևանք չի ունենա։

«Եթե հանձնաժողովը որոշի, որ խախտում կամ, եթե հանրային ծառայողն ունենում է վերադաս, այս որոշումն ուղարկում են վերադասին և նրա նկատմամբ կիրառում են կարգապահական վարույթ։ Բայց քանի որ դա ընտրովի քաղաքական պաշտոն է, և քաղաքապետը չունի վերադաս, գործընթացի հետևանքն օրենքով կարգավորված չէ։ Այս պահին դա կդիտվի որպես իր վարկանիշի վրա ազդող բացասական գործիք, բայց իրավական հետևանք չունի այսօրվա կարգավորումներով։ Եթե լիներ ուրիշ պաշտոնյա, ուղարկելու էին վերադասին, որը հիմք է կարգապահական վարույթի համար»,- ասում է Հերիքնազ Տիգրանյանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետի ներկայացրած փաստերը հիմք չէին, որ վարույթ չհարուցեին։ «Երբ հանձնաժողովը որոշումն ուղարկում է պաշտոնյային, միաժամանակ տեղյակ է պահում, որ նրա նկատմամբ վարույթ կա։ Հետևաբար, եթե պաշտոնյան ունի առարկություններ և հերքման ապացույցներ, կարող է ներկայացնել։ Հիմա քաղաքապետի թիմը ներկայացրել է հակառակը ապացուցող փաստերը և այդ իր ներկայացրած ապացույցների հիմքով միջնորդել է, որ վարույթը կարճեն՝ այդ դեպքի բացակայության հիմքով, ինչը իրենց իրավասության մեջ է։ Այսինքն՝ ես ներկայացնեմ ապացույցներ, որ փաստը չկա, հետևաբար, դուք կայացրեք որոշում անհամատեղելիության պահանջների խախտման բացակայության մասին։ Նորմալ պրոցեդուրա է գնում»,- ասում է Հերիքնազ Տիգրանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am