«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
– Պարո´ն Իշխանյան, վերջին շրջանում իշխանությունները տարբեր հայտարարություններ են անում կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին, նաև Սերժ Սարգսյանը կառավարության նիստում շեշտեց դա: Ինչո՞վ եք պայմանավորում այս ակտիվությունը:
– Առաջին հերթին սա ուղերձ է միջազգային հանրությանը, քանի որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը Հայաստանի հիմնական դոնորներն են և´ բյուջետային աջակցության հարցում, և´ նրանց դերը շատ մեծ է վարկեր տրամադրելու հարցում, այդ թվում՝ Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմադրամի վարկային ծրագրերի մասով: Այսինքն՝ այդ հայտարարություններն արվում են այդ ֆինանսական միջոցները ներգրավելու համար, դա ուղերձ է միջազգային հանրությանը: Եթե դա դիտարկենք այլ ուղղություններով, որ մի դեպքում սա ուղերձ է Հայաստանի բնակչությանը, մյուսն էլ ընդունենք որպես ուղերձ իշխանության մարմիններին, ապա կարծում եմ, հանրությունը չի հավատում կոռուպցիայի դեմ պայքարին: Երկրորդ, ցավոք, մեր հանրության համար կոռուպցիան առանձնապես չարիք չէ, որովհետև դա նաև կենսակերպ է մեր հանրության համար: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ այդ հայտարարությունները նաև իշխանական կառույցներին են ուղղված, ապա այդ կառույցները շատ լավ գիտեն Հայաստանում կառավարման սկզբունքը, որ Հայաստանում հենց կոռուպցիայի միջոցով են ղեկավարում: Կառավարման այլ մեթոդ չկա, քան կոռուպցիոն մեթոդը:
– Այսինքն՝ այդ մեթոդը չի էլ փոխվելո՞ւ:
– Ո´չ, որովհետև կոռուպցիոն մեխանիզմներն իշխանության հենարանն են: Պայքարել կոռուպցիայի դեմ` նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած են:
– Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում կարևոր է հասարակության վերաբերմունքը, այնինչ հայ հասարակությունն իր մասնակցությունը չի բերում այդ երևույթի դեմ պայքարում: Ինչո՞ւ են մարդիկ անտարբեր:
– Դա շատ կարևոր հարց է և բավական բարդ խնդիր: Հաճախ մեր իշխանություններն ասում են, որ կոռուպցիա ամեն տեղ էլ կա: Դա, իհարկե, ինքնաարդարացման ձև է, բայց իրականությունն իսկապես այն է, որ կոռուպցիան այն երևույթն է, որ աշխարհի բոլոր երկրներում կա: Որոշ երկրներ համարյա արմատախիլ են արել այն, խոսքը Սկանդինավյան և մի քանի այլ երկրների մասին է: Իսկ ի՞նչ տարբերություն մեր և այնտեղի կոռուպցիայի միջև: Նախ` ասացի, որ ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ հիմնականում կառավարման համակարգն է կոռուպցիոն համակարգ: Երկրորդ` մեր կոռուպցիոն համակարգի հիմնական դաշնակիցը հասարակությունն է: Քաղաքակիրթ երկրներում կոռուպցիա կա, բայց հանրությունը դա չի հանդուրժում, և ցանկացած կոռուպցիոն դեպք, որը լրագրողները բացահայտում են, վերածվում է սկանդալի, առնվազն հրաժարականներ են լինում, էլ չեմ խոսում քրեական գործ հարուցելու մասին: Ցավոք, մեզանում հանրությունը դա ընկալում է հավուր պատշաճի, որովհետև հանրության մեջ մտայնություն կա, որ իշխանությունները պետք է «լավ» ապրեն: Նրանք ասում են, որ իրենք էլ այդպես կանեին, եթե պաշտոնյա լինեին, և հանրության մեջ դրված է, որ պետք է ազգականներին պաշտոններ տալ, համատեղ կոռուպցիոն գործընթացին մասնակցել: Եվ նաև սա է պատճառը, որ Հայաստանի քաղաքական կյանքում գաղափարական տարբերություններ չկան: Հայաստանում չկան աջակողմյան կամ ձախակողմյան ուժեր, միայն կան ծախակողմյան ուժեր, որոնց համար կարևորը ցանկացած գնով իշխանության գալն է, իշխանության կոռուպցիոն լծակներից օգտվելը: Ցավոք, սա է մեր հանրության ընդհանուր պատկերը:
– Եվ քանի դեռ հանրությունը չի արթնացել, այս հարցում առաջընթաց չակնկալե՞նք:
– Այո´, քանի դեռ հանրությունը չի գիտակցել, որ իր դժգոհության հիմնական պատճառն իր մեջ է, նկատի ունեմ` կոռուպցիայի նկատմամբ իր ընկալումը, որևէ հարցում հաջողության չենք հասնի:
– Վերջին շրջանում մի քանի ձերբակալությունների ականատես եղանք, կոռուպցիոն դեպքերով դատավորներ, դատախազ ձերբակալվեցին: Սա իմիտացիա՞ է, թե՞ իրական պայքար:
– Ես կարծում եմ, որ այդ դեպքերը եղել են չվերահսկվող կաշառակերություն, որովհետև կոռուպցիան նաև վերահսկվում է, թե ով ինչքանի´ իրավունք ունի, որտե´ղ պետք է մուծվի: Կարծում եմ` դա եղել է մի կողմից չվերահսկվող, մյուս կողմից` գուցե այդ մարդիկ կարևոր դեր չեն կատարել իշխանության համակարգում: Եվ նրանց ձերբակալելով՝ նաև նույն միջազգային հանրությանը ցույց է տրվում, որ կոռուպցիայի դեմ պայքար կա:
– Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ ընտրական գործընթացը քննադատող հայտարարությունից հետո հնարավո՞ր է, որ իշխանությունները զգուշանում են, փորձում են ցույց տալ, թե իբր կոռուպցիայի դեմ պայքարում գործ են անում, որպեսզի չզրկվեն ԵՄ միլիոնավոր դոլարների աջակցությունից:
– Համոզված եմ, որ նրանք այդ մտահոգությունն իհարկե ունեն, բայց այստեղ շատ կարևոր մեկ ուրիշ խնդիր կա. միշտ պետք է նժարի վրա դնել, թե ո´րն է ավելի գերակա՝ իշխանություն պահելն առանց Եվրամիության աջակցությա՞ն, թե՞ Եվրամիության աջակցությունը, որը, հնարավոր է` սասանի իրենց իշխանությունը: Իհարկե, նրանք կընտրեն առաջինը: Սվիտալսկու դեմ այդ հարձակումները այդ համատեքստում պետք է նայել:
– Կոռուպցիոն սկանդալում ներգրավված պաշտոնյաներից, օրինակ` պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարում է, որ ողջունում է կոռուպցիայի դեմ պայքարը: Սա ծաղր չէ՞:
– Հիշեք Ջիվանու խոսքերը՝ խելքի´ աշեցեք: Կամ էլ դա նման է այն բանին, որ աղվեսին դրել են հավաբնի պահակ: Կամ էլի` հայտնի խոսք կա. գողն ասում է՝ բռնե´ք գողին:
– Օրերս գլխավոր դատախազություն կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատերազմ են հայտարարում անարդարության դեմ: Ի՞նչ անարդարության մասին է խոսքը, և ի՞նչ պետք է ակնկալենք այս գործընթացից:
– Նայած թե ով ոնց է կարդում այդ տողերը: «Արդարություն» բառը խիստ սուբյեկտիվ հասկացություն է, քանի որ ամեն մեկի համար իր արդարությունը գոյություն ունի: Եվ ես «արդարություն» բառը չէի օգտագործի, կօգտագործեի «օրենքի առաջ հավասարություն» արտահայտությունը: Բայց Սերժ Սարգսյանն ասում է՝ անարդարություն: Իշխանության համար արդարությունն իրենց արդարությունն է, որ ընդդիմությունն անարդար է, որ ցանկացած ընդվզում անարդար է, ընդվզողներին պետք է պատժել: Այ դա´ է նրանց համար արդարություն: Եվ այդ ուղերձն էր դրված այդ ելույթի հիմքում:
– Այսինքն՝ սա՞ էլ է շրջվելու հասարակության դեմ:
– Ինչպես մինչև հիմա եղել է, ուղղակի ասում են՝ ավելի խիստ է պետք պայքարել մեր արդարության համար: Ոչ թե օրենքի առաջ հավասարության, ոչ թե արդարադատության մասին է խոսքը, այլ արդարության: Այսինքն՝ ասում է՝ շարունակե´ք մեր արդարության համար խիստ պայքարել, ավելի խիստ, քան մինչ այժմ էր:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am