Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի ու Բաքվի հետ, որպեսզի ամբողջ ծավալով ապահովվի երկկողմ պայմանավորվածությունների իրագործումը․ Պեսկով

Կրեմլը չի մեկնաբանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահ կետերի տեղակայման առաջարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Գրում է ՏԱՍՍ-ը։

«Երևանի հետ կոնտակտները շարունակվում են, ավելացնելու այլ բան չունեմ»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը քիչ ջանքեր չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմ հաստատելու համար, աշխատանքներն էլ հիմա շարունակվում են։

«Երեկ սրացում էր հայ-ադրբեջանական սահմանին, գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները քիչ ջանքներ չեն գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերակագնվի։ Աշխատանքը շարունակվում է, Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի ու Բաքվի հետ, որպեսզի ամբողջ ծավալով ապահովվի երկկողմ պայմանավորվածությունների իրագործումը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ ասել էր. «Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս՝ այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»:

Աղբյուր՝ Factor.am