Դպրոցականների շրջանում կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում. մանրամասնում է մասնագետը

Հանրապետությունում վերջին երկու շաբաթվա ընթացքում դպրոցականների շրջանում՝ 6-17 տարեկան երեխաների տարիքային խմբում,  կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

«Եթե համեմատում ենք սեպտեմբերի առաջին կեսի ցուցանիշը երկրորդ կեսի տվյալների հետ, ապա տեսնում ենք, որ դպրոցականների շրջանում ոչ միայն կորոնավիուսով վարակվածության աճ չի եղել, ընդհակառակը, նվազել է: Ամեն դեպքում, դեռ վաղ է եզրահանգումներ անելը, երկու շաբաթ է, ինչ դասընթացներն ընթանում են:

Դեռ մի քիչ էլ պետք է սպասենք ամբողջական պատկերն ունենալու համար: Կարող ենք ասել, որ հանրապետությունում վարակվածության թվերի աճն այս փուլում կապված չէ դպրոցների բացման հետ»,-ասաց Լուսինե Պարոնյանը:

Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48 643 դեպք, որոնցից 43 401-ն` առողջացած: Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 392 նոր դեպք և 135 առողջացած։ Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: