Լրագրողները հրաժարվել են թեստավորում անցնել. վարչապետի խոսնակ. Տեսանյութ. Factor.am

Այսօր Կառավարությունում հրավիրված ասուլիսում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Վայքում աշխատած լրագրողների հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից: «Մենք տվել ենք ցուցակները, կապը հաստատվել է, բոլորից հետաքրքրվել են իրենց առողջական վիճակի մասին, ախտանիշների մասին են հարցրել, և առաջարկվել է, որ եթե ունեն համապատասխան ախտանիշները, իրենք գնան և անցնեն թեստավորումը: Գրեթե բոլորը, ինչքանով ես եմ տեղյակ, հրաժարվել են դրանից»,- ասուլիսում ասել է Մանե Գևորգյանը:

Փաստում ենք, որ Վայքում աշխատած Factor.am-ի նկարահանող խմբից կապ են հաստատել միայն լրագրողի հետ, որը նշել է, որ ունի կոկորդի ցավ, սակայն ջերմություն՝ ոչ: Լրագրողին չեն առաջարկել թեստ հանձնել, նշել են միայն, որ տվյալները կփոխանցեն համանապատասխան գերատեսչությանը: Իսկ օպերատորի հետ ոչ ոք ընդհանրապես կապ չի հաստատել՝ չնայած այդ ժամանակ նա ունեցել է վիրուսի՝ ներկայացվող կլինիկական ախտանշանները՝ կոկորդի ցավ, գրիպի նշաններ, սովորականից մի փոքր բարձր ջերմություն:

Ըստ այդմ, վարչապետի խոսնակի հայտարարությունը, որ լրագրողները չեն ցանկացել թեստ հանձնել, առնվազն Factor.am-ի նկարահանող խմբի անդամների մասով, չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ Վայքի սրճարաններից մեկում, որտեղ քարոզչություն է իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ինչից հետո կորոնավիրուսի թեստ է անցել ու բացասական պատասխան ստացել, հայտնաբերվել է վարակակիրներից մեկը: