Անմաքս առևտուր կամ խաղեր առանց կանոնների. ՊԵԿ-ը հովանավորչությա՞մբ է զբաղված

RA Prime Minister Nikol Pashinyan paid a visit to the car customs office in Noragavit district of Yerevan, Armenia

Չնայած ունեցած հիասթափությանը՝ Հայաստանում անմաքս առևտրի ոլորտում գործունեություն ծավալել ցանկացող կազմակերպությունները լիահույս են, որ առաջիկայում դաշտում սպասվող գործընթացները հնարավորինս թափանցիկ ու արդար կլինեն և կրկին փորձ չի արվի առանց մրցույթ կազմակերպելու առավելություն տալ ընկերություններից մեկին։

«Մեզ ասել են, որ շուտով կսկսեն գործընթացները։ Պատրաստվում են հողատարածքներ առանձնացնել և մրցույթներ հայտարարել։ Հունվարի 30-ին Կառավարության նիստի ժամանակ վարչապետը կանխեց ՊԵԿ-ի ներկայացրած նախագիծը, և հույս ունենք, որ որևէ կազմակերպության մենաշնորհ չի տրվի այլևս»,- «Մեդիալաբին» ասում է Գերմանիայի Բրեմեն քաղաքում հիմնադրված և աշխարհի ավելի քան 80 երկրում գործող գերմանական «Հելիա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Լիլիթ Ավետիսյանը։

«Հելիայի» ներկայացուցիչների մտահոգությունը հիմք ունի: Հեղափոխությունից հետո Հայաստանում մասնաճյուղ բացելով՝ ընկերությունը նախորդ տարիներին իշխանությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում հայտնել է ոլորտ մուտք գործելու հավակնությունների մասին: Այդ նպատակով, 2019 թ․ հոկտեմբերի 23-ին Հայաստանում է գրանցել դուստր ձեռնարկություն: 

Սակայն, պատճառաբանելով մեկ այլ ընկերության՝ ռուսաստանյան «Դյութի ֆրի մարկետի»՝ «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» դուստր ընկերության՝ ավելի վաղ իրենց դիմելու հանգամանքը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 30-ին Կառավարության նիստին ներկայացնում է մի նախագիծ, որով, փաստացի առանց մրցույթի, առավելություն պետք է տրվեր «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ընկերությանը՝ անմաքս առևտրի ոլորտում գործունեություն ծավալելու համար: 

ՊԵԿ-ի ղեկավարը նախագիծը ներկայացնելիս ընդգծել է, որ առաջարկվում է առանց մրցույթի տրամադրել այդ հողատարածքները այն պարզ պատճառով, որ դիմելու պահին եղել է միայն այդ կազմակերպությունը և եղել է միակ ընկերությունը՝ նման առաջարկ ներկայացնող: 

«Ընկերությունը դիմել է մեզ 2019 թվականի հունիսին, դիմելու ժամանակահատվածում եղել է միակ ընկերությունը, որ դիմել է այդպիսի մտադրությամբ։ Գործընթացը մեկնարկել է: Ունենք համապատասխան կարծիքներն ու տեսակետները շահագրգիռ պետական կառույցների կողմից»,- նշել էր Դավիթ Անանյանը նիստի ժամանակ: 

Ներկայացրած նախագծով ՊԵԿ-ն առաջարկում էր թույլատրել Տավուշի մարզի Այրում և  Շիրակի մարզի Աշոցք համայնքների ղեկավարներին՝ պետական սեփականություն հանդիսացող հողը 49 տարի ժամկետով վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրել ՌԴ «Դյութի ֆրի մարկետ» ընկերության դուստր ձեռնարկությանը։ Ընկերությունը պետք է Բագրատաշենի և Բավրայի մաքսային կետ-բաժինների տարածքում կառուցեր անմաքս առևտրի խանութներ:

ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ 

«Դյութի ֆրի մարկետ Արմենիան» նորաստեղծ ընկերություն է: Ընկերության բաժնեմասի 99 տոկոսը պատկանում է ռուսաստանյան «Դյութի  ֆրի մարկետ» ՍՊԸ-ին, 1 տոկոսը՝ Վեդի քաղաքում գրանցված  ՀՀ քաղաքացի Երեմ Մարտիրոսյանին: 

Թեև Դավիթ Անանյանը նշել է, որ «Դյութի ֆրի մարկետ Արմենիան» իրենց դիմել է 2019-ի հունիսին, սակայն, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում էլ, «Դյութի ֆրի մարկետ Արմենիան» չէր կարող 2019-ի հունիսին դիմել ՊԵԿ՝ գործունեություն ծավալելու համար, քանի որ ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2019 թվականի օգոստոսին:

Ընկերությունը, մամուլի տարբեր հրապարակումների համաձայն՝ ուղիղ կապ ունի ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Կենտրոնի նախկին թաղապետ, քաղաքապետ, նախկին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: 

Բեգլարյանների ընտանիքն ուղղակիորեն կապված է անմաքս առևտրի բիզնեսի հետ:  Նրանց է պատկանում Բագրատաշենի մաքսակետում գործող անմաքս բիզնեսը: 

2016 թվականի դեկտեմբերի վերջին, Կառավարության որոշմամբ՝ Գագիկ Բեգլարյանի որդուն՝ Հրանտ Բեգլարյանին  «Դյութի ֆրի» կառուցելու համար Բագրատաշենի մաքսակետի տարածքից հող հատկացվեց:  

«Դյութի ֆրի հոլդինգ» ՍՊԸ-ն 2016 թվականին ստեղծված ընկերություն է, որի բաժնեմասերը 50/50 սկզբունքով պատկանում էին Գագիկ Բեգլարյանի որդուն՝ Հրանտ Բեգլարյանին և Վրաստանում գրանցված Դիանա Մութաֆյանին: 

Այս պահի դրությամբ, «Դյութի ֆրի հոլդինգ» ՍՊԸ-ի միակ լիիրավ բաժնետերը Հրանտ Գագիկի Բեգլարյանն է: 

2017 թվականին մարտին արդեն Կառավարությունը որոշեց Բագրատաշեն մաքսակետի տարածքում կառուցվող անմաքս առևտրի սրահը «Դյութի ֆրի հոլդինգ» ՍՊԸ-ին տրամադրել 49 տարի ժամկետով՝ այսկերպ փաստորեն այս ոլորտի մենաշնորհը հանձնելով Բեգլարյանների ընտանիքին: 

«Դյութի ֆրի հոլդինգ» և շատ նման անվանմամբ նորաստեղծ «Դյութի ֆրի մարկետ Արմենիայի» կապը թեև դեռևս արձանագրված չէ, սակայն, «Մեդիալաբի» աղբյուրների պնդմամբ՝ ընկերությունները կապակցված են միմյանց հետ:

Եվ եթե չլիներ հունվարի 30-ի նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանի առարկությունը, առանց մրցույթի, անհասկանալի պատճառներով առավելություն էր տրվելու մի ընկերության՝ առանց հաշվի առնելու դաշտում հայտնված նոր խաղացողներին:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծին հավանություն չտվեց՝ համարելով, որ Կառավարությունը չպետք է որևէ ընկերության հողահատկացում անի՝ առանց մրցութային կարգի։

Այդուհանդերձ, նշված ոլորտում գործունեություն ծավալել ցանկացող ընկերությունները և փորձագետները խիստ մտահոգվեցին նախագծի ներկայացման փաստով՝ որակելով այն ՊԵԿ-ի կողմից ընկերություններից մեկի նկատմամբ հովանավորչության փորձ։ 

«Հելիա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Լիլիթ Ավետիսյանը «Մեդիալաբին» ասում է, որ անսպասելի էր իրենց համար այդ նախագիծը, հատկապես ՊԵԿ-ի կողմից արված այն ձևակերպումը, որ ռուսական ընկերությունն առաջինն է դիմել ՊԵԿ և նման առաջարկով։

Ընկերության ներկայացուցիչը պնդում է, որ դեռևս 2018 թ․ ՊԵԿ-ը տեղեկացվել է իրենց առաջարկի՝ Հայաստանի չորս մաքսակետերում (Գոգավան, Բավրա, Մեղրի, Բագրատաշեն) անմաքս առևտրի խանութներ ստեղծելու մտադրության մասին։ 2019 թ․ եղել են նաև հանդիպումներ և բանակցություններ։

Մինչդեռ, ՊԵԿ-ի ղեկավարը իրենց առաջարկը «երկրորդային» է դիտարկել՝ նիստի ժամանակ նշելով, որ առաջին առաջարկից հետո ևս երեք ընկերություններ դիմել են այդպիսի գործունեություն իրականացնելու առաջարկով։ 

Ըստ ՊԵԿ-ի ղեկավարի՝ այդ ընկերությունների բոլորի խնդրանքները կբավարարվեն կամ եթե կլինի իրավիճակ, որ մաքսային գոտու և դրա սպասարկման գոտու տարածքները լինեն սահմանափակ, ապա ՊԵԿ-ը հանդես կգա նոր առաջարկությամբ, որ թույլատրվի հողատարածքները մրցութային կարգով հատկացվեն տվյալ ընկերություններին:

«Հելիա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Լիլիթ Ավետիսյանը համարում է, որ ՊԵԿ-ը ներկայացված նախագծով անտեսել է «Հելիա» ընկերության հետ ունեցած ողջ գործընթացը։

Լիլիթ Ավետիսյանը տեղեկացնում է, որ 2018 թ․ օգոստոսին «Հելիա» ընկերությունը էլեկտրոնային նամակագրությամբ դիմել է վարչապետի աշխատակազմ՝ այն ժամանակ գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին, նամակագրությունն ուղղվել է նաև ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին՝ անմաքս խանութ բացելու մտադրությամբ: 

«Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի կողմից պատասխան է եղել, որ հետաքրքրված են, ճիշտ կլինի, որ հանդիպեն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել հանդիպում ավելի մանրամասն քննարկելու առաջարկությունը»,-«Մեդիալաբին» ասում է նա։

Ավետիսյանը նշում է, որ 2019-ի հունվարի 30-ին Բեռլին քաղաքում տեղի է ունեցել «Հելիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ  Lուտց Գրաբհորնի հանդիպումը վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանի հետ։ 

«Նախապես «Հելիայի» հետ կապվել են վարչապետի աշխատակազմից, ասել են՝ էս օրերին Բեռլինում է լինելու վարչապետը և խորհրդականը, եթե ունեք քննարկելու հարցեր, կարող ենք հանդիպել: Բրեմենից Helia ընկերության ներկայացուցիչ Լուտց Գրաբհորնը, ես էլ Երևանից մեկնել ենք, ունեցել ենք հանդիպում Վահե Հովհանիսյանի հետ։ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հետաքրքրված են, շատ լավ է, որ այսպիսի ընկերություն է։ Ընկերությունն էլ պատրաստակամություն է հայտնել Երևան գալ, քննարկել»։

Ինչպես Ավետիսյանն է հայտնում, հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Երևանում՝ ոչ պաշտոնական հանդիպում է եղել վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի, այնուհետև ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի հետ։ 

Հանդիպումների ժամանակ քննարկվել է չորս մաքսակետերում առևտրի խանութներ և մաքսային պահեստ ստեղծելու առաջարկը։ 

«Հայաստանին արված առաջարկի մեջ ամենակարևորը այն է, որ բոլոր

խանութներում ընկերությունը պարտավորվում էր ունենալ 30% հայկական արտադրության ապրանքներ։ Նաև ՊԵԿ պաշտոնյաներին հայտնվել է պատրաստակամություն «Հելիայի» տարեկան կատալոգում ներառել

հայկական ապրանքանիշեր, որը մեծ խթան կլինի հայկական ապրանքանիշերը աշխարհի ավելի քան 80 երկրներում ճանաչելի դառնալու համար»,- ընդգծում է Ավետիսյանը։


Հանդիպումների արդյունքում «Հելիա» ընկերության կողմից որոշվում է Հայաստանում ստեղծել տեղական մասնաճյուղը, որպեսզի գործընթացը պաշտոնապես իրականացնելու հնարավորություն լինի։

Այնուհետև, 2019 թ․ հոկտեմբերին պետական ռեգիստրում գերմանական «Հելիա» ընկերության հայկական մասնաճյուղի գրանցումից հետո, ընկերությունը՝ «Արմ Հելիան», 2019-ի նոյեմբերին պաշտոնական գրությամբ առաջարկ-դիմում է ուղարկել  ՊԵԿ:

Կառավարության վերոնշյալ նիստից առաջ «Հելիա» ընկերությունը ՊԵԿ-ի կողմից նամակ է ստանում, որում, մասնավորապես, ասվում է, որ մրցութային կարգով կիրականացվեն հողահատկացումներ։

Մինչդեռ, ի զարմանս ընկերության, կառավարության նիստի ժամանակ Դավիթ Անանյանը ներկայացնում է այնպիսի առաջարկ, որով ռուսական ընկերությունն էր ստանալու առավելություն և առանց մրցույթի ստանալու էր հողահատկացում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարևոր է համարում արձանագրել, որ կառավարությունը տուրք չի տվել ՊԵԿ նախագահի նման մոտեցմանը, որոշել է, որ միայն մրցույթով պետք է տրամադրվի։

Միաժամանակ, Սաքունցը կասկածելի է համարում, որ պետական կառույցը մասնավոր հիմնարկի համար հողահատկացման միջնորդությամբ է հանդես եկել։

«Տվյալ դեպքում ՊԵԿ նախագահը հանդես է գալիս որպես մասնավոր ընկերության շահերի ներկայացուցիչ, դա ակնհայտ շահերի բախում է, և ոչ միայն վարչապետը պետք է դա մերժեր, ճիշտ է արել, որ մերժել է, բայց նաև պետք է քննության առարկա դարձներ, թե ինչ հանգամանքների կամ ո՞րն է շահագրգռվածությունը ՊԵԿ-ի նախագահի, որ ռուսական ընկերությանն է տալիս առավելությունը կամ ընդհանրապես որևիցե ընկերության է տալիս, ոչ թե այլ ընկերության։ 

Ի՞նչ սկզբունքների կամ չափանիշների հիման վրա է որոշում կայացվել, որ ճանաչում է այդ ընկերության  գործունեության իրավունքը և ոչ թե մնացածների։ Նույնիսկ անմաքս առևտրի կազմակերպման գործունեության համար պետք է մրցույթ հայտարարվի, ո՞վ է լավագույն պայմաններն առաջարկում։ Սա իր հիմքում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություն է, և դա պետք  է քննության առարկա դարձնել»։

Մամուլում եղան նաև այլ հրապարակումներ՝ «ՊԵԿ նախագահին մեղադրում են հովանավորչության մեջ» վերտառությամբ, թեպետ ՊԵԿ-ը հերքեց տեղեկատվությունը, այդուհանդերձ նշված նախագծի շուրջ մտահոգությունները չսփոփվեցին։

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ընդգծում է, որ ինչ-որ ընկերության առավելություն տալը արդար չէ, եթե անգամ տվյալ ընկերությունը առաջինն է դիմել որևէ առաջարկով․

«Պետք է խաղի կանոնները հավասար լինեն, այս դեպքում մենք ունենք տարբեր տնտեսավարողներ, որոնք ևս միգուցե ցանկացել են այդ հողատարածքում ինչ-որ գործունեություն ծավալել։ Ինչպե՞ս է որոշվել, որ հենց ինքն էր միակը, առաջինը լինել՝ չի նշանակում, որ միակն է։ Պետական գնումներում, որ մենք ուսումնասիրություն ենք իրականացնում, շատ դեպքերում հենց այդպիսի խնդրի առաջ ենք կանգնում, որ, ենթադրենք, պատվիրատուները գրում են, որ սա միակ մատակարարն է  շուկայում, բայց երբ որ ուսումնասիրում ես շուկան, տեսնում ես, որ միակը չէ, մի քանի ընկերություններ կան, որ, ենթադրենք, այդ նույն ծառայությունները մատուցում են կամ ապրանքը ներկրում, կամ արտադրում»։

Բուռնազյանի խոսքով՝ եթե հաշվի ենք առնում նաև, թե ինչ երկար ժամանակաշրջանով են տալիս այդ հողատարածքը տնտեսավարողին, դա ինքնին խնդիրներ է ստեղծում ուրիշ տնտեսավարողների համար․

«Դա մեկ-երկու տարի չէ, դա բավական երկար ժամանակաշրջան է, որի ընթացքում այդ տնտեսավարողը, ճիշտ է, պետությանը որոշակի օգուտ կտա, եթե իրականում սկսի այնտեղ գործունեություն ծավալել և շահույթ ստանալ և, հետևաբար, հարկային մուտքեր կատարել, սակայն մյուս կողմից էլ՝ մյուս ընկերությունների համար կարծես թե հավասար պայմաններ չեն լինում, երբ մեկին այդ առավելությունը տրվում է, իսկ մյուսին՝ ոչ»։

«Մեդիալաբը» հարցումներ է ուղարկել ՊԵԿ՝ հարցի շուրջ պարզաբանումներ տալու համար, ինչպես նաև նշելու՝ արդյոք եղե՞լ է ՊԵԿ-ի կողմից որևէ ընկերության արտոնություն տալու մտադրություն: 

ՊԵԿ-ը մեր հարցերին ի պատասխան՝ նշել է, որ «Հելիա Արմենիան» չէր կարող 2018-ին դիմել ՊԵԿ, քանի որ տեղական ընկերությունը պետական ռեգիստրում գրանցվել է 2019 թ․ հոկտեմբերին։ 

Այս պատասխանը «Հելիա» ընկերությունը համարում է՝ մինչ այդ ընկերության հետ ունեցած ողջ գործընթացի անտեսում։

Այդուհանդերձ հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ ՊԵԿ-ի կողմից առավելություն ստացող կազմակերպությունը ստեղծվել է 2 ամիս ուշ, քան ՊԵԿ դիմում ուղարկելը։

Իրավապաշտպան Արթուրը Սաքունցը կարծում է, որ ոչ միայն պետք է մերժվեր առաջարկվող նախագիծը, այլև հարցը  դրվել ուսումնասիրության և քննության առարկա դառնար։ 

«Որևէ երկրում, եթե  պետական մարմնի ղեկավարը հանդես գար կոնկրետ մասնավոր հիմնարկության, կառույցի շահերի ներկայացուցիչ կառավարությունում, կլիներ բավական մեծ սկանդալ, և առնվազն այդ պաշտոնատար անձը կհեռացվեր աշխատանքից»,- նշում է նա։ 

Արփինե Արզումանյան

MediaLab.am