Երկու ցուլը մեզ քիչ էր, հիմա էլ գազազած մեծ արջ են կանգնեցնում մեր դիմաց. Կարապետյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը 

– Պարո՛ն Կարապետյան, հայ-ռուսական հարաբերություններում այս պահին ի՞նչ փուլ է, հետագա ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Հայ-ռուսական հարաբերությունները փորձությունների փուլում են, շատ ծանր իրավիճակում են և՛ արհեստական պատճառներով, և՛ ոչ արհեստական։ Գործող իշխանությունները օր առաջ պետք է ձգտեն հարաբերություները Ռուսաստանի հետ եթե ոչ կարգավորելու, ապա գոնե կանոնակարգելու համատեքստում քայլեր ձեռնարկել, որովհետև այսօր տպավորություն է, որ մեր իշխանությունները նեղացածի դիրքերից են հանդես գալիս, ինչը ոչ մի լավ բանի չի բերելու։ 

Եթե վարչապետն ասում էր, որ մենք հայտնվել ենք երկու ցլի արանքում, ես էլ կավելացնեմ հետևյալը՝ երկու ցուլը մեզ քիչ էր, հիմա էլ գազազած մեծ արջ են կանգնեցնում մեր դիմաց, պատկերացրեք դրա հետևանքները։ Մանավանդ երբ խոսվում է Զելենսկու հնարավոր այցի մասին, երբ արևմտյան հարթակներում Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոսում է Ալմա Աթայի հռչակագրի խախտման, այդ կերպ նաև՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման, օկուպացիայի մասին։ 

Նման արտահայտություններով հանդես գալն այս պահին նրան բնավ պետք չէ, սա, բնականաբար, խաթարում է միջպետական հարաբերությունները, և թե ինչ տեղի կունենա, եթե, օրինակ՝ Հայաստանն իրոք գնա նման քայլի ու հայտարարի Ռուսաստանի ռազմաբազայի դուրսբերման մասին, ինչ հետևանքներ կարող է ունենալ, եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք։ 

Հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան ճգնաժամի մեջ չեն եղել, որքան հիմա է, հարաբերությունները դաշնակից-բարեկամից դարձել են ոխերիմ դաշնակից բարեկամական, էլ ուր մնաց թե մեր իշխանությունները կարողանան վարել բազմավեկտոր կշռադատված արտաքին քաղաքականություն։

– Եթե չկա բազմավեկտոր կշռադատված արտաքին քաղաքականություն, Ռուսաստանի հետ հարաբերություններն այսպիսին են, ի՞նչ է սպասում Հայաստանին այդ պարագայում։

– Ցանկացած երկրի հետ պետք է խոսել, առավելևս՝ Ռուսաստանի, նման պետությունների հետ պետք է փորձել խոսել մաքսիմալը հավասարը հավասարի հետ սկզբունքով, դիվանագիտական ճանապարհով պետք է փորձել հասկանալ, թե մեզանից ինչ է պահանջում ու ցանկանում Ռուսաստանը, ու մենք ի՛նչ ակնկալիքներ ու սպասումներ ունենք, այլ տարբերակ չկա, ոչ թե նեղացկոտի դիրքերից փորձել վեկտոր փոխել կամ բացահայտ հակառուսական հայտարարություններով հանդես գալ։ 

Փաստ է, որ արտաքին քաղաքականության համատեքստում պետք է հաշվարկվի, թե Ռուսաստանը՝ որպես բարեկամ, ինչպես կարող է մեզ օգտակար լինել, ու մեզ ինչ են տալիս այդ հարաբերությունները, և դիտարկել, թե որպես թշնամի մեզ ինչ է տալու Ռուսաստանը։ 

– Հիմա կա՞ն այլ երկրներ, որոնք իսկապես պատրաստ են Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ վարել։

– Բարեկամական հարաբերություններ շատ-շատերն ունեն՝ և՛ դիվանագիտորեն հաստատված, և՛ բարիդրացիական ու բազմավեկտոր հարաբերություններ կան։ Եթե խոսում եք ռազմաքաղաքական հարաբերությունների մասին ու այդ համատեքստում նկատի ունեք Ֆրանսիային, ապա ես բազմիցս ասել եմ, որ Ֆրանսիայի հետ կնքվել է ռազմական համագործակցության, սպառազինության ներկրման, այսինքն՝ վաճառքի պայմանագիր, ոչ ավելի: Դա բնավ չի խոսում ռազմաքաղաքական հարաբերությունների հաստատման, առավելևս՝ դաշնակցային հարաբերությունների մասին։ 

Եթե ձեր հարցին ուղիղ պատասխանեմ, ապա պետք է ասեմ, որ ֆրանսիական զորքերը չեն գալու ու չեն կռվելու Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության համար։ Նույնը վերաբերում է նաև Իրանին, ուրիշ բան, երբ մենք Իրանի հետ գնանք դաշնակցային հարաբերությունների ձևավորման, մենք ունենք նման լավ հնարավորություն ու շանսեր Իրանի հետ կնքել այդ ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները, ինչի մասին քննարկումներն առ այսօր կան, բայց իրականություն չի դառնում։ 

– Պարո՛ն Կարապետյան, ուզում եմ հասկանալ՝ մերժելով Ռուսաստանին՝ փոխարենն ի՞նչ այլընտրանք ենք ստանում։

– Հայաստանը վեկտոր է փոխում, արտաքին քաղաքական ռևերս է անում դեպի Արևմուտք, դեպի հավաքական Արևմուտք, դա նորություն չէ, այդ մասին խոսում են նույն իշխանությունները, արդյունքում փորձում են ստանալ Արևմուտքի վստահությունը ու հակառուսական հայտարարություններ անում։ Ուկրաինայի, Վրաստանի օրինակն աչքի առաջ ունենալով՝ մենք իրավունք չունենք նման ոխերիմ դաշնակցի հետ խոսել ուլտիմատումների լեզվով, գոյություն ունի դիվանագիտություն, որով կարելի է սուր եզրերը հարթել։ 

– Ակնարկում եք, որ Հայաստանը կարող է արժանանալ Ուկրաինայի ճակատագրի՞ն։

– Հայաստանը ցանկացած երկրի ճակատագրին կարող է արժանանալ, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, օրինակ՝ Սիրիան, որի տարածքի հյուսիսը գրավված է, ոչինչ չի բացառվում: Առհասարակ ասել եմ, որ լայնածավալ պատերազմի հավանականությունը երբեք չի սպառվել, որևէ աշխարհաքաղաքական կենտրոն չի կարող երաշխավորել, որ Հայաստանի համար կան անվտանգության բարձիկներ, կամ ինչ-որ մեկը դրանով կապահովի, ու թուրք-ադրբեջանական տանդեմը չի կարողանա ռազմական գործողություն կամ էսկալացիա թույլ տալ իրեն։

– Հավաքական Արևմո՞ւտքն էլ չի տրամադրում այդ ռեալ երաշխիքները, որ Հայաստանը կպահպանի իր ինքնիշխանությունը, որով Հայաստանի իշխանությունը հիմնավորում է արտաքին քաղաքականության վեկտորը փոխելու իր մտադրությունը։

– Այդպես ներկայացվում է հայ ժողովրդին, բայց ես էլ ասում եմ, որ խիստ կասկածում եմ, ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոն չի կարող Հայաստանին տրամադրել երաշխիքներ, չի կարող նման բան լինել, ոչ մեկը չի կարող պաշտպանել մեզ մեր փոխարեն։ Եթե Հայաստանի նկատմամբ տեղի ունենա բացահայտ ագրեսիա, աշխարհաքաղաքական կենտրոնները, բացի հորդորներից ու կոչերից, այլ բան չեն անելու։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am