Բանդիվան ՍՊԸ-ից բողոք, գոնե վերջին երեք տարում, չենք ունեցել, թեև շատերը հիմա գրում են, թե գիտեին, որ այնտեղ խախտվում են սանիտարահիգիենիկ նորմերը․ խոսնակ

Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) խոսնակ Անուշ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Բանդիվան Կաթ» ՍՊ ընկերության կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեության կասեցմանը․

«Ժողովուրդ ջան, ձեր վրդովմունքը, կապված Բանդիվան ՍՊԸ կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի գործունեության կասեցման հետ, հասկանում եմ՝ ինչու՞ շուտ չենք ստուգել, և ընդունում:

Տեղեկացնում եմ, սակայն, որ ՍԱՏՄ-ն ստուգումներն իրականացնում է միայն Տեսչական մարմնի խորհրդի կողմից հաստատված ստուգումների ծրագրի հիման վրա: Մոտ 1000 տնտեսավարող: 185 տեսուչով:

Ընկերությունները հաջորդ տարին, հատկապես եթե խախտումներ չեն եղել կամ վերացրել են, չեն կրկնվում, այլապես կստացվի, որ չենք թողնում աշխատել ու ամեն տարի անհանգստացնում ենք: Բանդիվան ՍՊԸ-ն դեռևս դեկտեմբերին ընդգրկվել է մեր ստուգումների ծրագրում: Ստուգման ժամկետը՝ երրորդ եռամսյակ: Ինչևէ: Ծրագրից դուրս այլ ընկերություն կարող ենք մտնել ՄԻԱՅՆ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:

Այդ է պատճառը, որ անընդհատ խնդրում-հորդորում ենք՝ կապի ցանկացած միջոցով՝ հեռախոս՝ թեժ գիծ՝ 010206040 կամ 012906090, ՖԲ էջ՝ այ սա , էլ. հասցե՝ [email protected], [email protected], փոստով կամ անձամբ՝ հասցեն՝ Կոմիտաս 49/2, տեղեկացնել մեզ այն խախտումների մասին, որոնց հանդիպում եք հանրային սննդի կետերում, սննդամթերքի արտադրություններում կամ սննդի իրացման ցանցում:

Կարող եք գրել-զանգել անձամբ ինձ՝ մեսինջերով, sms-ով, հեռախոսով՝ 0120404045… ինչով հարմար է: Միայն շնորհակալ կլինենք: Յուրաքանչյուր քաղաքացի պետության մասնիկն է և ունի ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ:

Պահանջատեր, նկատող ու տեղեկացնող սպառող լինելը բոլորիս պարտականությունն է: Բանդիվան ՍՊԸ-ից բողոք, գոնե վերջին երեք տարում, ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ, թեև շատերը հիմա գրում են, թե գիտեին, որ այնտեղ խախտվում են սանիտարահիգիենիկ նորմերը… Ի դեպ, ահազանգող քաղաքացու անձնական տվյալները երբեք ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ:

Կապվեք մեզ հետ, եթե խախտումներ եք նկատում: