«Դա անլուրջ է, չեմ հասկանում, թե ում վրա են տարածվում այդ սահմանափակումները, և դրա համար ով է պատասխանատու». փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքում փոփոխությունների աղմկահարույց այս նախագիծը շատ քննարկվեց ու քննադատվեց ԱԺ-ում, անգամ «Իմ քայլի» պատգամավորներից շատերը չմասնակցեցին քվեարկությանը։ Իշխանությունը որևէ կերպ չկարողացա՞վ հիմնավորել, թե ինչու էր սա պետք։ Իրականում ի՞նչ էր սրա խորքում թաքնված։

– Ինձ համար կարևոր չէ, թե ինչ հարց էր քննարկվում, որքան կարևոր է, թե ընդհանրապես այդ գործիքի արդյունավետության վերաբերյալ ի՛նչ հիմնավորումներ էին ներկայացնում։ 

Ցավոք սրտի, չեն ներկայացրել այնպիսի հիմնավորումներ և պատճառաբանություններ, որոնք հիմք կտային արձանագրելու, որ այս գործիքի կիրառմամբ մենք հասնելու ենք այդ օրենքի առջև դրված խնդրի լուծմանը։ 

Ավելին, այս օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելը նոր հարցեր է առաջացնում, թե արդյոք մինչ օրս կառավարության համար պարզ չի դարձել այն առավելագույն դրական և արդյունավետ գործիքի հանգամանքը, որի կիրառմամբ հնարավոր է կանխել վարակի տարածումը։ 

Այն հիմնավորումները, որ բերվել էին այս օրենքի նախագծով, ես կարծում եմ՝ ունեն խոցելի տեղեր։ Նշվում է, որ հեռախոսային խոսակցությունների, տարբեր շփումների վերաբերյալ տեղեկություններ ստանալն է կարևորվում։ 

Շատ լավ, բայց եթե նոր տեխնոլոգիաների պայմաններում հասարակության գերակշռող հատվածը օգտվում է նաև կապի և հաղորդակցության այլ միջոցներից, հետևաբար, նշանակում է, որ սա չի լուծելու իր առջև դրված խնդիրը ամբողջականորեն։ 

Երկրորդ՝ ես կարծում եմ, որ կառավարության համար պետք է մինչ օրս արդեն պարզ լինեին այն կարևորագույն գործիքները, որոնք հնարավորություն կտային կանխել վարակի հետագա տարածումը։ Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատելով մամուլում հրապարակված տեղեկություններից՝ կորոնավիրուսի վարակը Հայաստան է ներթափանցել օդային ճանապարհով՝ Հայաստան մուտք գործող անձանց միջոցով։ 

Այսինքն՝ ցամաքային սահմանով կորոնավիրուսի մուտք չի եղել։ Այստեղից հարց է առաջանում, թե ինչո՛ւ օդանավակայանում չի իրականացվել պատշաճ կարանտինային հսկողություն։ 

Ես մեկ ամիս առաջ գրել եմ այդ մասին, որ «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ համաճարակային հիվանդությունների կամ տարբեր այդ հիվանդությունների վարակի կանխումը ապահովելու նպատակով ՀՀ-ն կարող է սահմանափակել ամբողջ տեղաշարժը և սահմանել կարանտին։ Ինչու ռիսկային երկրներից Հայաստան եկող այդ անձանց նկատմամբ հենց տեղում չեն իրականացվել կարանտինային միջոցառումներ, որպեսզի վարակի տարածումը հնարավորինս մեղմվեր կամ կասեցվեր։ 

– Այսինքն՝ իշխանությունը հետևողական չի՞ եղել այս հարցերում, թերանո՞ւմ է իր քայլերում։

– Այդ հարցերի պատասխանը կտա ժամանակը, թե որ հարցերում է իշխանությունը թերացել, և որ հարցերում՝ արձանագրել արդյունքներ։ Ինձ համար կոնկրետ փաստերն են հիմք վերլուծություններ կատարելու համար։ 

Ավելին ասեմ, Կառավարությունն այս տարված ապրիլի 16-ին հայտարարել է արտակարգ դրություն, որից բխող որոշակի միջոցառումներ են իրականացվել։ 

Մասնավորապես, ոչ միայն արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ են սահմանվել ՀՀ Սահմանադրությամբ և արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքով սահմանված կարգով մի շարք սահմանափակումներ, որոնք վերաբերում են մարդկանց տեղաշարժին, կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեությանը, ընդհանուր առմամբ մարդկանց որոշակի հորդորներ հասցնելը, այդ թվում նաև՝ պարետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ և կայացվել որոշումներ։ 

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս որոշումներն անվերապահորեն չեն կատարվում ՀՀ ողջ տարածքում։ Ավելին, ընդգծում եմ, որ մայրաքաղաք Երևանից դուրս գյուղական համայնքներում, քաղաքատիպ ավաններում կամ Երևանից դուրս գտնվող մարզերում ուղղակիորեն մատների արանքով են ապահովում «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման պահանջները, ինչպես նաև պարետի ցուցումները և նրա կայացրած որոշումները։

Սա նշանակում է երկու տարբերակ. կա՛մ վտանգի ռիսկն այդ մարզերում այդքան մեծ չէ, որի պատճառով մեծ ուշադրություն չի դարձվում, կա՛մ էլ գործ ունենք բոլորովին այլ խնդրի հետ։ 

Ես կարծում եմ, որ եթե Հայաստանը ձեռնարկել է այսպիսի արտակարգ իրավիճակներին համահունչ միջոցառումներ, ապա այդ որոշումների հետևից պետք է գնալ։ Եթե պետությունը չի հարգում իր կայացրած որոշումները, և պետական տարբեր լիազոր մարմիններ չեն իրականացնում իրենց գործառույթները, «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշմամբ ամրագրված դրույթների անշեղորեն կատարումը, ո՞րն է երաշխիքը, որ Ազգային ժողովում հեռահաղորդակցության մասին օրենքի ընդունումը լուծելու է երկրի առջև ծառացած խնդիրը։ 

Հլա դուք ձեր արդեն ընդունած որոշումների հետևից մինչև վերջ գնացեք և գուցե եթե կատարեիք արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ ամրագրված բոլոր դրույթները, որոշ տեղերում կհայտարարեիք կարանտին, եթե անհրաժեշտ լիներ՝ նաև որոշակի տեղերում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքի դրույթները կիրառեիք, հայտարարեիք աղետի գոտի, ասենք՝ 

Էջմիածին քաղաքը, կոնկրետ այն արտադրամասը, հարցն այլ կլիներ։ Բայց դուք արդեն գործող օրենքների դրույթները չեք կատարել, հիմա նոր օրենքներ եք ուզում ընդունեք, որ ի՞նչ անեք։ 

Տեսեք, օրինակ՝ դուք զանգել եք ինձ, և այդ տեղեկությունը ֆիքսվեց, հասանելի դարձավ լիազոր մարմնին։ Հիմա նրանք դրանից ի՞նչ հետևության են հանգելու, որ լրագրողը վարակել է Նորայր Նորիկյանի՞ն, թե՞ հակառակը։ 

Այսինքն՝ միայն հեռախոսազանգի ֆիքսումը տալի՞ս է հիմք ու հնարավորություն, որ հեռախոսով խոսացող անձինք ֆիզիկապես շփվել են իրար հետ։ Դա անլուրջ է։ Նույնիսկ ֆիզիկապես միմյանց հետ շփվելու մասին տեղեկատվությունը ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով կարող էր լիազոր մարմնի կողմից հասանելիություն ստանալ միայն դատարանի որոշմամբ։ 

Այսինքն՝ խոսակցության բովանդակությանը հասանելիություն կարող է տրվել միայն դատարանի միջոցով։ Եթե դուք հայտարարում եք, որ մեզ խոսակցությունը չի հետաքրքրում, որ մեզ անհրաժեշտ է ֆիքսել միայն այն, թե ով ում հետ է խոսում, որտեղից է խոսում, այդ դեպքում որտեղի՞ց ձեզ այն համոզմունքը, որ հեռախոսով խոսակցություն ունեցող անձինք միմյանց հետ ունենում են շփումներ։ 

Ես կարծում եմ, որ մի քիչ անհասկանալի մոտեցում է սա, և առավելևս «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն ԱԺ նախագահի մակարդակով տարակուսանք կամ բոլոր դեպքերում հարցադրումներ էին բարձրացրել այս օրինագծի վերաբերյալ։ 

Հասկանալի է, որ այս օրենքի նպատակը վարակի հետագա տարածումը կանխելն է, բայց արդյունավետության տեսանկյունից արդյո՞ք սա այն գործիքն է, որով հնարավոր է արդյունավետություն ապահովել։ Ես դա չեմ կարող ասել։

– Ընդհանրապես, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։ Օրինակ՝ սահմանափակումների խստացումները որքանով էին արդյունավետ, դրանք տալի՞ս են պտուղներ։

– Ես կարծում եմ, որ արդյունավետ չէին։ Եթե արդյունավետ լինեին, մենք այսօր ամենամեծ թվով վարակակիրները չէինք ունենա։ Մարտի 10-ից հետո մենք երբեք այս թվով վարակակիրներ չենք ունեցել։ Մեկ օրում արձանագրվել է 58 վարակակիր։ Ես կարծում եմ, որ գործադրվող ջանքերը դեռևս բավարար արդյունք չեն տալիս։ Այստեղ և՛ օբյեկտիվ խնդիրներ կան, և՛ սուբյեկտիվ։ Ես կարծում եմ, որ հեծանիվ հայտնագործելու կարիք չկար։ 

Հենց այսօր Հայաստանի նախագահը ողջունել է Չինաստանի ղեկավարին այդ երկրում կորոնավիրուսի վարակը հաղթահարելու մասին հայտարարելու կապակցությամբ։ Սա նշանակում է, որ այն երկրում, որտեղ մեկնարկ էր տրվել այդ վարակին, այդ երկրի իշխանությունները գտել էին վարակի չեզոքացման գործիքները։ 

Հետևաբար, պետք չէր հեծանիվ հայտնագործել։ Պետք էր ուղղակի փորձն ուսումնասիրել և դրա հիման վրա իրականացնել գործողություններ։ Եթե անհրաժեշտ են ավելի խիստ միջոցներ, ապա դրանք պետք է իրականացվեն։ 

Պետություններն այն բացառիկ սուբյեկտներն են, որոնք օժտված են անհրաժեշտության դեպքում համաչափ և իրավաչափ հարկադրանքի ուժ կիրառելու իրավասությամբ։ Ես չեմ հասկանում, եթե այս պայմաններում պետությունը պետք է զերծ մնա այդ հարկադրանքի ուժ կիրառելու իրավունքից, էլ ո՞ր դեպքերում պետությունը պետք է դրանք կիրառի։

Ես կարծում եմ, որ այս իրավիճակում պետք էր ավելի կոշտ և ավելի խիստ միջոցներ ձեռնարկվեին կորոնավիրուսի համաճարակը կանխելու համար։ Իսկ որ մենք այդ քայլերը չենք արել՝ փաստ է։ 

Հիմա որևէ մեկը հիշո՞ւմ է՝ Էջմիածնի մուտքերը բա՞ց են, թե՞ փակ են։ Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Էջմիածին քաղաքի 20-ից ավելի մուտքերից բաց են միայն 3-ը։ Անհրաժեշտ հսկողություն իրականացվե՞ց, հիմա մենք ունե՞նք վիճակագրություն, թե հայտնի մորաքույրն ի՞նչ եղավ, առողջացա՞վ։ Երբ դուք ասում եք՝ երկշաբաթյա ընթացք է պահանջվում, հանրությանը բարեխիղճ տեղեկատվություն տրամադրենք, դինամիկա սահմանեք 1-14 օր, որ այսինչ օրը այսինչ մարդը լավացավ, դուրս գրվեց։ 

Օրինակ՝ ես այսօր տնից դուրս չեմ գալիս, քանի որ չգիտեմ, թե ում հետ կարող են շփվել, ում հետ չեմ կարող։ Ես դուրս չեմ գալիս տնից, բայց պատուհանից տեսնում եմ, որ մարդիկ շատ լավ էլ դուրս են գալիս, բլոտ են խաղում, անցուդարձ են անում, մեքենաների շարժ կա։ 

Դա անլուրջ է։ Ես չեմ հասկանում, թե այդ ում վրա են տարածվում այդ սահմանափակումները, և դրա համար ով է պատասխանատու։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am