ՀԱԿ հայտարարությունը հանրապետությունում օրեցօր ահագնացող տնտեսական վիճակի եւ գների աճի մասին

ՀԱԿ հայտարարությունը հանրապետությունում օրեցօր ահագնացող տնտեսական վիճակի եւ գների աճի մասին
ՀԱԿ հայտարարությունը հանրապետությունում օրեցօր ահագնացող տնտեսական վիճակի եւ գների աճի մասին

Հայաստանում առկա կոռուպցիոն հանցավոր իշխանական համակարգը մեծացնում է թալանչիական շահատակումները։ Դրամի արհեստական արժեւորումը մի կողմից՝ մսխեց հանրապետության արժութային պահուստները, մյուս կողմից քայքայեց տեղական արտադրությունը, ինչի հետեւանքով 2009թ. Հայաստանում պաշտոնապես արձանագրվեց 14.4% (իրականում շատ ավելի մեծ) տնտեսական անկում՝ համընդհանուր ճգնաժամի պայմաններում աշխարում ըստ էության ամենամեծը։
Ավելին՝ նույն այդ ճգնաժամը հաղթահերելու համար ՀՀ կառավարությունը մեր ուսերին լրացուցիչ 1.5 միլիարդ դոլարի արտաքին պարտք կուտակեց։ Եթե միայն վերցված հսկայական այդ պարտքը, որպես ոչ լավագույն լուծում, օգտագործվեր ամենապրիմիտիվ ձեւով՝ բաժանվեր ժողովրդին (յուրաքանչյուր միջին ընտանիքին մոտ 2000 դոլարի չափով), ապա միայն բնակչության գնողունակության բարձրացման ու դրա հետեւանքով տնտեսության խթանման հաշվին կարելի էր հանրապետությունում ամբողջությամբ կանխել տնտասական անկումը։

Սակայն, ինչպես ցանկացած նյութական հնարավորություն, կոռուպցիոն համակարգը, հսկայական սպունգի նման իր մեջ ներծծեց նաեւ այդ փողերը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենաբարեկեցիկ ու հզոր երկրներում, ամենահզոր գործարարներն ու կամպանիաները կորցրեցին իրենց կապիտալի մինչեւ 70-80%-ը, այն դեպքում, երբ նվազ տնտեսությամբ, աշխարհում ամենամեծ տնեսական անկումը գրանցած Հայաստանում, անհասկանալի, գիտությունց դուրս մի տրամաբանությամբ, մեր օլիգարխների ունեցվածքը մեծացավ ու աճեց։

Վարչախմբի կոռուպցիոն եւ ավազակապետական լինելու մասին ավելի համոզիչ ապացույց դժվար է գտնել։ Կողոպուտի ու թալանի հիմնական միջոցներից մեկը շարունակում է մնալ գների արհեստական, կամայկան բարձրացումը։ Ընդհանուր գնաճը, նույնիսկ պաշտոնական` ակնհայտորեն նվազեցված տվյալներով, 2010թ. առաջին 8 ամիսներին կազմել է 9.6%։ Անգամ համեստ այս տոկոսները դրամի վերածելով, նշանակում է, թե գնաճի հետեւանքով վերջին մեկ տարվա ընթացքում բնակչությունը ավել է վճարել, կամ նրանից կողոպտվել է 181միլիարդ 753 միլիոն դրամ, կամ յուրաքանչյուր միջին ընտանիքից՝ մոտ 250.000 դրամ։

Ընդ որում՝ ավելի հաճախակի ու շեշտակի բարձրանում են կենսական անհրաժեշտության ապրանքների գները։ Ասել է թե՝ որպես գնաճի թիրախ է դարձվում առաջին հերթին չքավոր, աղքատ եւ միջին խավը, որ բնակչության 99%-ից ավելին է։ Այդպես անհիմն բարձրացվեց գինը։ Միայն վերջերս ցորենի միջազգային գների բարձրացման լուրն ստանալուն պես, ալյուրի գինը բարձրացավ 35-40%-ով՝ դրանից մի քանի անգամ պակաս թանկացած ցորենը դեռ տեղ չհասած։

Խնդիրն այն չէ, թե իշխանությունը չի կարողանում զսպել կամայական գնաճը։ Սա վարչախմբի կողմից միտումնավոր, մշակված, հանցավոր քաղաքական գիծ է՝ ուղղված ոչ միայն օլիգարխիկ համակարգի գերհարստացմանը, այլեւ հասարակության աղքատության խորացմանն եւ լայնացմանը, ընդհուպ սովի մատնելուն, այդ կերպ վերջինիս քաղաքացիական ակտիվության զսպման եւ իշխանության պահպանման նպատակով։

Հայ Ազգային Կոնգրեսը 2010թ. ներկայացրած իր «100 քայլ» ծրագրում արձանագրել է այն առաջնահեթ միջոցառումներն ու վերափոխումները, որոնք կարող են երկիրը վերադարձնել բնականոն զարգացման հուն, նաեւ էականորեն իջեցնել գները։ Մասնավորապես՝ – Սահմանափակել ու կանոնակարգել սուպերմարկետների ցանցը՝ թույլ չտալով առեւտրի ասպարեզում մանր ու միջին բիզնեսի ոչնչացումը։ – Կանխել տնտեսական ռեսուրսների կենտրոնացումը մի քանի ընտանիքների ձեռքում, ջարդել լայն սպառման ապրանքների մենաշնորհները՝ ներկրողների համար օրենքով սահմանելով տվյալ ապրանքի ընդհանուր ծավալի ոչ ավելի, քան 1/3 չափաքանակ։

Դրանով կվերանան Սամվել Ալեքսանյանի, Միկա Բաղդասարովի, Բարսեղ Բեգլարյանի եւ մենաշնորհների տեր այլ օլիգարխների կողմից շուկայում կամայական գներ թելադրելու հանցավոր հնարավորությունը։

– Անմիջապես գործի դնել հարկային եւ մաքսային օրենսդրության փոփոխությունների այն փաթեթը, որն ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի, ուստիեւ՝ առողջ մրցակցության արագ զարգացմանը, բոլոր քաղաքացիների բիզնես-հնարավորությունների իրականացմանը։

– Մաքսային ծառայողներին զրկել գին սահմանելու իրավունքից, իբրեւ հիմք ընդունել էլեկտրոնային կոդավորմամբ «ինվոյսը». դրանով կվերանան մանրածախ գների վրա մաքսային կամայականությունների ազդեցությունը։ –  Մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների պայմաններում պետական բյուջե մուտքագրել մենաշնորհային շահույթի ոչ թե 2, այլ մինչեւ 95%-ը, – Գնագոյացման մեխանիզմների անաչառ ուսումնասիրության հիման վրա իջեցնել բանական չափերի բերել գազի, ջրի, էլեկտրական հոսանքի գները։ –  Ներմուծել պրոգրեսիվ եկամտահարկի համակարգ։

– Դադարեցնել դրամի արհեստական արժեւորումը, ինչը սպասարկում է առաջին հերթին ներմուծող օլիգարխների գերշահույթները, դրանով նպաստել ներքին արտադրության եւ արտահանման մեծացմանը։ Դրամի արժեւորում կարող է լինել միայն ներմուծման եւ արտահանման ծավալների հավասարեցումից հետո։

Անգամ տնտեսության այսօրվա պայմաններում, կոռուպցիոն համակարգի կազմաքանդման, օրինականության հաստատման, երկրի տնտեսական զարգացման ելակետով մեր առաջարկած վերափոխումները կատարելու միջոցով կարելի է ընդհուպ 20-40%-ով իջեցնել կենսական անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների գները, շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի 50-80%-ով բարձրացնել կենսաթոշակները եւ այլն։ Իշխող վարչախումբն իր բնույթով եւ էությամբ անընդունակ է իրականացնել նմանօրինակ որեւէ ծրագիր, քանզի դա իր համար կլինի ոչ այլ ինչ, քան ինքնասպանություն։ Ուստիեւ՝ ինչպես գնաճի, տնտեսության, երկրի զարգացման եւ ընդհանրապես Հայաստան պետության ու հայ ժողովրդի անվտանգությունն ու ապագան ունի մեկ լուծում՝ համընդհանուր քաղաքացիական անհանդուրժողականություն ու պայքար ապօրինի ու հանցավոր վարչախմբի դեմ, նրա անհապաղ հեռացում։ ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱ՛ՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ…