Քաղաքաշինության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Ապարան համայնքում

Քաղաքաշինության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Ապարան համայնքում
Քաղաքաշինության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Ապարան համայնքում

Հիմք ընդունելով 2019 թվականին՝ ՀՀ մի շարք համայնքներում, ըստ անհրաժեշտության, ստուգումներ իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից համաձայնեցված գրաֆիկը՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության աշխատակիցները, ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, ստուգումներ  են իրականացրել Արագածոտնի մարզի Ապարան  համայնքում:

Համայնքում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ և տեղազննությամբ պարզվել է, որ  սխալ է կազմված համայնքի  հողային հաշվեկշիռը, որը հետագայում դառնում է մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։Փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզված բազմաթիվ խախտումներից բացի ստուգող խումբը հայտնաբերել և արձանագրել է, որ Ջրամբար գյուղում քաղաքացու սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասում՝ առանց որևիցէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել է բնակելի շինություն (ամառանոց)։

Պարզվել է նաև, որ Չքնաղ գյուղում քաղաքացիների կողմից գնվել է 5 հողակտոր և կառուցվել են ինքնակամ առանձնատներ, որոնցից 2-ը հետագայում օրինականացվել են, մնացյալը՝ 3-ը ինքնակամ են, որոնցից մեկը համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասում առանց որևիցէ օրինական, գրանցված իրավունքի և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության է։

Արդյունքում Տեսչական մարմնի ղեկավարի կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել Արագածոտնի մարզպետին՝ համայնքի պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Այս մասինհայտնեցին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից: