Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և հաղորդումների ցուցադրման համար կսահմանվի ժամային սահմանափակում

Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումների ցուցադրման համար կսահմանվի ժամային սահմանափակում, ցուցադրումը կթույլատրվի միայն ժամը 00:00-06:00-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Հովհաննիսյանը:

Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2020 թվականին օրենսդիրը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համար պարտադիր կանոնների պահպանման վրա: Պատգամավորը կարևորեց արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները՝ որքանով որ այս պահին թույլ են տալիս օրենսդրությունն ու տեխնոլոգիան:

«Ցավոք, այսօր հաճախ հեռուստառադիոեթերում կարող ենք հանդիպել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների կամ տեսալսողական հաղորդումների: Քրեական ենթամշակույթի բաղադրատարրեր պարունակող տեսալսողական հաղորդումները, որտեղ  հերոսացվում, դրական կերպար են ստանում  քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների կերպարները, միանշանակ ազդում են անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ նման հաղորդումները պարունակում են գռեհկաբանություն ու հայհոյախոսություն, քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության ու դաստիարակության դերը: «Նախագծով առաջարկում ենք քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող տեսալսողական արտադրանքի համար ևս սահմանել ժամային սահմանափակում՝ թույլատրելով ցուցադրել միայն ժամը 00:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում»,-նշեց Հովհաննիսյանը:

 Սրանով պատգամավորները ցանկանում են նվազեցնել քրեական ենթամշակույթի ազդեցությունը հանրային հարաբերությունների, հատկապես անչափահասների դաստիարակության վրա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ օրենքը բոլոր հարցերը չի լուծում, սակայն պետք է քայլ անել:  Նա կարևորեց վատ բարքերի քարոզն արգելելը: