«Շանթ Հարությունյանը իրականացրել է յուրաքանչյուր քաղաքացու ապստամբելու իրավունքը». Քննարկումներ` իրադարձությունների շուրջ

«Շանթ Հարությունյանը  իրականացրել է յուրաքանչյուր քաղաքացու ապստամբելու իրավունքը». Քննարկումներ` իրադարձությունների շուրջ
«Շանթ Հարությունյանը իրականացրել է յուրաքանչյուր քաղաքացու ապստամբելու իրավունքը». Քննարկումներ` իրադարձությունների շուրջ

Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իրականացրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված, յուրաքանչյուր քաղաքացու ապստամբելու իրավունքը, երբ պետությունը վարվում է այնպես, որ մարդուն որպես վերջին միջոց թողնում է ապստամբելը: Այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյանքաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարԱրթուր Սաքունցը «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

Սաքունցի խոսքով՝բախումների ժամանակ ոստիկանությունը նույնիսկ ժամանակ ու էներգիա չծախսեց` մեղավորներին պարզելու, այլ միանգամից բերման ենթարկեց մոտ 40 հոգու: «40 հոգու նկատմամբ ջրցան մեքենաների և այդքան ուժի կենտրոնացումը համարում եմ հրապարակային պատժիչ գործողություն կատարել ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Դա տիպիկ ԿԳԲ-ական մտածողության իրականացում է»,- ասաց Արթուր Սաքունցը:

Ակտիվիստ Դավիթ Գևորգյանը եղել է առաջին ձերբակալվածներից: Նրա խոսքով՝ մոտ 4 ժամ պահվել է ոստիկանական բաժանմունքում: Որևէ ոստիկան չի կարողացել նրան ասել, թե ինչու են բերման ենթարկել: Ոստիկանները նշել են, որ պատրաստվում են ձերբակալել Գևորգյանին: Վերջինս ասել է, որ դեպքի սկզբնական րոպեներին գտնվել է այլ վայրում, ինչը տեսանկարահանված է, և ի վերջո, ոստիկանները բաց են թողել նրան:

Գևորգյանը պատմում է, որ բախումների ժամանակ ոստիկանության աշխատակիցները փորձում էին սադրել, գործողությունների դրդել մարդկանց՝ ասելով, որ «գնանք ոստիկանության շենք, Շանթին ազատենք», հետո կորում էին ասպարեզից: Դավիթ Գևորգյանի խոսքով՝ 7-8-ական կարմիր բերետավորներ հարվածելով-քաշելով մարդկանց տանում էին ոստիկանական մեքենաներ:

Ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողությունիրականացնող դիտորդական խմբի անդամ Նելլի Հարությունյանը նշեց, որ անձամբ հանդիպել է ձերբակալվածներից տասին: Նրանցից որևէ մեկը չի դժգոհել պահման վայրի պայմաններից, սակայն խախտվել է ձերբակալվածների՝ հարազատների հետ տեսակցելու և հեռախոսազանգից օգտվելու իրավունքը:

Քննարկման մյուս մասնակցի՝ քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի կարծիքով՝ Շանթ Հարությունյանը շատ սթափ և ադեկվատ գնահատականներ է տվել ներկայիս քաղաքական համակարգին: Վարդանյանի խոսքով՝ հասարակության մի զգալի հատված դրական է վերաբերվում Հարությունյանին՝ պայմանավորված վերջինիս և գաղափարներով, և ազնվությամբ:

Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ նոյեմբերի 5-ին եղել է սադրանք, որի նպատակն էր քաոս ստեղծել, որպեսզի հասարակությունը չհասկանա, թե ինչ է կատարվում:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ ՍամվելՄարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում և իշխանությունը, և ընդդիմությունը շատ պասիվ են: Ուստի, բնական է՝ կհայտնվեն երիտասարդական ուժեր, որոնց  չեն գոհացնում «ոչ սառած իշխանությունը, ոչ սառած ընդդիմությունը»:

Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ նոյեմբերի 5-ին իրար էր խառնված երեք գործոն: Անոնիմուսների դիմակները հստակ կաղապարի մեջ էին դրել շարժումը՝ լինելով անարխիստական ձախ ծայրահեղականների խորհրդանիշ: Մյուս կողմից, շարժման մեջ կային ակնհայտ ընդդիմադիրներ: Եվ երրորդը Շանթ Հարությունյանն էր, ով հակասական հայտարարություններ է արել: Ուստի, դժվար է այս ամենը մեկնաբանել և լուսաբանել:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Քննարկման ամբողջական տեսագրությունը ստորեւ:

«Մեդիա կենտրոն»

http://www.youtube.com/watch?v=AnN7yheKNdY