Հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում․ Իրանի ԱԳ նախարարը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Իրանի ԱԳ նախարարը նշել է. «Շնորհակալություն մեծարգո վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հանդիպման այս առիթը իմ և իմ գործընկերներին ապահովելու համար։

Եվ թույլ տվեք նաև մեծարգո պարոն Ռոհանիի, ինչպես նաև պարոն Ջահանգիրիի ջերմ ողջույնները փոխանցել Ձեզ։ Հայաստանը միշտ մեր լավ բարեկամն է եղել և երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները գալիս են դարերի խորքից:

Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ոլորտները բազմաթիվ են և այս վերջին երկու օրվա ընթացքում Իրանի քաղաքաշինության ու ճանապարհների նախարարի այցը դրա վառ վկայությունն է, որը շատ հաջողված այց էր։

Եվ հուսով եմ՝ այս պանդեմիայի ավարտից հետո մենք կկարողանանք տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնել։

Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաև Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար։ Լավ համաձայնություն է ձեռք բերվել։

Եվ հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում: Սա այն կարևորությունն է, որ մենք տալիս ենք երկկողմ հարաբերություններին։ Ռազմավարական շատ երկխոսություն եմ ունեցել Հայաստանի գործընկերների հետ և առաջին իսկ պատեհ առիթով մեր ներկայացուցիչը, մեր բանակցողը կգա Հայաստան ու կշարունակի այդ երկխոսությունը:

Շատ կարևոր հարցեր կան և՛ երկկողմ, և՛ տարածաշրջանային շրջանակում, որին պետք է հետամուտ լինել: Մենք ցանկանում ենք խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում: Եվ միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ճգնաժամերի խաղաղ լուծման մասին, Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ կարևորում է միջազգային իրավունքին հարգանքով վերաբերվելը:

Այս շրջանակում վերջին սրացումները լուծելու նպատակով, մեր երկրից երեք այց է իրականացվել Հայաստան: Առաջին այցով ես եմ այցելել, ինձնից հետո մեր հատուկ ներկայացուցիչ-բանագնացն է այցելել Հայաստան և այժմ դարձյալ ես եմ այցելում Հայաստան:

Ցավում եմ, որ այս նոր սրացման հետևանքով զոհ եք ունեցել: Երեկ ես շատ մանրամասն և բովանդակալից խոսակցություն եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

Հուսով եմ՝ այսօրվա մեր հանդիպումը, ինչպես նաև իմ հանդիպումը, որ ունեցել եմ իմ հարգարժան գործընկերոջ հետ, կկարողանա նպաստել, որպեսզի այս ճգնաժամը լուծում ստանա: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում»: