Նեմեսիսի հուշակոթողը` նվեր Թուրքիային և Ադրբեջանին

Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիան պաշտոնապես պահանջել է ապամոնտաժել «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողը Երևանում: 

«Թուրքիան զգուշացրել է Երևանին և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե հուշարձանը չապամոնտաժվի»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Նեմեսիսի հուշակոթողի բացումը տարբեր կարծիքներ ձևավորեց հայ հասարակության մեջ, ու չնայած հասարակության գերակշիռ մասը դեմ չէր հուշակոթողի տեղադրմանը, սակայն քաղաքացիների մի մասը կարծում էր, որ Հայաստանի համար այս խոցելի ժամանակահատվածում, երբ սահմաններին անհանգիստ է, միգուցե առավել ողջամիտ կլիներ հուշակոթողը տեղադրել առավել նպատակահարմար ժամանակահատվածում: 

Այսօր, երբ յուրաքանչյուր պահի առկա է Ադրբեջանի հետ նոր ռազմական էսկալացիայի վտանգը, թվում էր, թե Թուրքիայի հետ օրեցօր կարգավորվող հարաբերությունները կարող էին դրական ազդեցություն ունենալ և հանգեցնել որոշակի լարվածության թուլացման, և վերջին ամիսների երկուստեք դրական ազդակները, ներառյալ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի ցուցաբերած մարդասիրական քայլերը կարծես թե ստեղծել էին անհրաժեշտ դրական միջավայրը, սակայն հուշակոթողի տեղադրումը ԲԱՑԱՌԻԿ հնարավորություն տվեց Թուրքիային միանգամից փոխել ամբողջ խոսույթը և սպառնալի հայտարարություններ անել Հայաստանի Հանրապետության հասցեին:

Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Նեմեսիսի» հուշակոթողի տեղադրման մասին, նշեց, որ սխալ որոշում է կայացվել, և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ, իսկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, և ինքը չէր ցանկանա, որ դա դիտվեր իբրև Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ, սակայն փաստը մնում է փաստ, որ այս քայլով Հայաստանը Թուրքիային տվեց այն պակասող խաղաքարտը, որի շնորհիվ Թուրքիան ըստ էության սպառնում է դադարեցնել Հայաստանի հետ նոր-նոր ձևավորվող հարաբերությունները՝ մեծ նվեր մատուցելով Ադրբեջանին և կրկին սպառնալիքի լեզվով խոսելով Հայաստանի հետ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր հոդվածում, որը հրապարակվել է TRT-World պարբերականում, հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման Թուրքիայի հույսն աստիճանաբար կորչում է, ու թեև հակամարտությունն այժմ սառեցված է, սակայն ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծանում է այնքան, որքան ձգձգվում է համաձայնագրի մշակումը՝ դրանով ըստ էության Հայաստանին սպառնալով գնալու լրացուցիչ զիջումների:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էլ, որ արդեն մի քանի օր է՝ տարբեր ամբիոններից բարձրաձայնում է Նեմեսիսի հուշակոթողի հետ կապված իր սպառնալիքները, ներառյալ Հայաստանի ավիափոխադրողների համար Թուրքիայի օդային տարածքի փակումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցումը, այսօր նաև հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի հետ քննարկում են Հայաստանի դեմ կիրառվելիք քայլերը:

Հաշվի առնելով Նեմեսիսի հուշակոթողի բացման հետ կապված զարգացումները՝ ակամայից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայություններն են կազմակերպել հենց այս պահին իրականացնել աղբյուր-հուշակոթողի բացման աշխատանքները՝ բացման խոսքը վերապահելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամենաառանցքային ներկայացուցիչներից մեկին՝ Տիգրան Ավինյանին, որպեսզի իշխանությունների հետագա հավաստիացումները, թե կապ չունեն արձանի բացման հետ, որևէ հիմնավորում չունենա, և դրանով հիմքեր ստեղծելով, որ Թուրքիան դադարեցնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ընդ որում, Հայաստանում միշտ էլ կառուցվել են նմանատիպ հուշարձաններ, տարբեր  քաղաքաներում և գյուղերում, սական այս հուշակոթողի հետ կապված լրատվական մեծ աղմուկը կապված էր նաև նրանով, որ փորձելով այն օգտագործել Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ՔՊ-ն ոչ միայն լրացուցիչ հնչողություն հաղորդեց հարցին, այլ նաև Նիկոլ Փաշինյանի համար լրացուցիչ լծակներ ստեղծեց Տիգրան Ավինյանի քաղաքական ավելի մեծ ախորժակը սահմանափակելու համար։ Հիմա Թուրքիայի հետ հնարավոր հարաբերությունների վատթարացման դեպքում միշտ էլ կա քավության նոխազ՝ Տիգրան Ավինյանը, մանավանդ եթե Ավինյանը ապագայում վարչապետին փոխարինելու որոշակի հայտ ներկայացնի։ 

Իհարկե հնարավոր է այս գործընթացին մակերեսորեն նայել և Ալեն Սիմոնյանի պես թքած ունենալ այլ երկրներից հնչող կարծիքների վրա, սակայն եթե դիտարկենք, թե Նեմեսիսի հուշակոթողի հետ կապված ով շահեց և ով կորցրեց, ակնհայտ է, որ կորցրեց Հայաստանը, շահեցին Թուրքիան և Ադրբեջանը…

Այսօր արդեն Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, հայտարարեց, որ ոչ մեկ չի կարող խառնվել Հայաստանի գործերին, ե չնայած լայնորեն տարածվող վերնագրերից թվում է, թե Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունը ուղղված է Թուրքիային, բայց իրականում վերջինս հայտարարել է, որ ոչ մեկ չի կարող խառնվել ՏԻՄ գործերին, եթե ՏԻՄ-ը որոշի քանդել հուշակոթողը, իսկ հուշակոթողի քանդելով ինչպիսի հոգեբանական ծանր հարված կհասցվի Հայ հասարակությանը՝ դատեք ինքներդ։ 

Մարի Ներսեսյան

MediaLab.am