«Ասել ենք՝ մոռացե՛ք կարգավորման մասին, եթե չհեռացնեք այն»․ Չավուշօղլուն սպառնացել է Երևանում տեղադրված հուշակոթողի առնչությամբ. Factor

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն շարունակում է Հայաստանին սպառնալ Երևանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողի տեղադրման կապակցությամբ։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Մասնավորապես, տեղական Lider TV-ի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ Թուրքիան այլ քայլեր ևս  կձեռնարկի բացի հայկական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելուց։

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն «Երևանը ցույց է տվել իր ոչ անկեղծ լինելն ու տեղադրել է հուշարձանը»։

«Այդ շրջանում մենք նախապայման չենք դրել, այսպես ասած, ցեղասպանության հետ կապված, և նրանք չեն դրել․ մենք չենք կարող այդ հարցի շուրջ համաձայնության գալ, դրա համար այն դրել ենք փակագծերում, սակայն արձանի տեղադրումը մեզ համար անընդունելի է։ Նրանք ասում են, որ այն դրել է քաղաքապետարանը, և չեն կարող այդ հարցին խառնվել։ Մենք էլ նրանց ասել ենք՝ մոռացե՛ք կարգավորման մասին, եթե չհեռացեք այն»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ այդ թեմայով ուղերձներ են փոխանցվել հատւկ բանագնացի միջոցով, ինչպես նաև այլ ուղիներով։ Չավուշօղլուն նաև ասել է, որ Անկարան այլ միջոցներ էլ է ձեռնարկելու, սակայն չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։ Ըստ նրա՝ այդ միջոցները ներկայացվելու են նախագահ Էրդողանի հավանությանը։