Ոսկու առքուվաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ վստահությունը չարաշահելու եղանակով մեկ այլ ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննությամբ պարզվել են  վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ոսկու առքուվաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, միաժամանակ իրականացնելով  «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության փոխտնօրենի լիազորությունները,  նշված ընկերության ոսկեգործական իրերի առևտրի կենտրոնում ունենալով վարձակալած տարածք՝ ոսկերիչներին ապահովել է ոսկիով:  2011թ. հունիսի  29-ին ՍՊ ընկերության և բանկի միջև կնքվել է վարկային գծի պայմանագիր, ինչպես նաև՝  նույն օրը նույն բանկի, ՍՊ ընկերության և «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության միջև կնքված երաշխավորության պայմանագրով՝ «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությունը հանդիսացել է ՍՊ ընկերության չկատարած պարտավորությունների երաշխավորը:

ՍՊ ընկերության տնօրենը, վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նախնական դիտավորությամբ, 2012 թվականի հոկտեմբերի 26-ին ոսկու ստանդարտացված ձուլակտորների առքուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել 156.929.500 ՀՀ դրամ արժողության  7 ստանդարտացված  ձուլակտոր, որոնցից 4-ը կնոջ միջոցով փոխանցել   է «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության տնօրինությանը: Այնուհետև՝ նույն օրը՝ ժամը 16:34-ին, առանց կատարելու մյուս 3 ստանդարտացված ձուլակտորների՝ 67.255.500 ՀՀ դրամ գումարի վճարման պարտավորությունը, վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Հայաստանի Հանրապետությունից՝ «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը պատճառելով առանձնապես  խոշոր չափերի՝ 67.255.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

2012թ. նոյեմբերի 28-ին ՍՊ ընկերության տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,  և հայտարարվել է հետախուզում:

2019թ. հունիսի 11-ին  վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին  և  տեղափոխվել  «Արմավիր» ՔԿՀ: 2020թ. փետրվարի 27-ին  առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։