Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 26-ին հանդիպեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա էին պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը, Տաթեւիկ Գասպարյանը եւ Կարեն Սիմոնյանը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: «Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ պետությունների կողմի: Բազմաթիվ են միջազգային կառույցները, քաղաքական առաջնորդները, մշակութային, ակադեմիական, գիտական հանրույթների ներկայացուցիչները, որոնք իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ ճանաչելով եւ դատապարտելով 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը»:

ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն հայտնեց պատվիրակության կազմում ընդգրկված Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դանիել Օրտեգային՝ անցած տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության կապակցությամբ, որով դատապարտվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին երկու խորհրդարանների միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագիրը, որը կնպաստի Հայաստանի եւ Կենտրոնամերիկայի միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: «Մոտ ապագայում Կենտրոնամերիկյան խորհրդարանում Հայաստանի Հանրապետությունը կդառնա դիտորդ երկիր»,- հայտարարեց Կարոլինա Ֆերնանդեսը:

Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանի երկրներից ՀՀ Ազգային ժողովում բարեկամական խմբեր գործում են Գվատեմալայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի եւ Կուբայի հետ. «Կարծում եմ՝  ժամանակն է Նիկարագուայի եւ Հոնդուրասի երկրների հետ եւս ունենալու բարեկամական խմբեր»:

 Հանդիպմանն անդրադարձ եղավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին. կողմերը կարեւորեցին հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը: