Հովանավորներն ուղղակի թույլ չեն տա, որ դավիթ տոնոյաններն ու պատրոնները պատասխանատվության ենթարկվեն. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) ձերբակալված են, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածն ու ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Իրականում ավելի քան համոզված եմ, որ այդ կոռուպցիոն սխեմաները չեն ավարտվում Հայաստանում, դրանք սկսվում և ավարտվում են այն տարածաշրջանում, որտեղից գնում ենք զենքերը, ու դա այնքան բարդ ու փոխկապակցված սխեմա է, որ հովանավորներն ուղղակի թույլ չեն տա, որ դավիթ տոնոյաններն ու պատրոնները պատասխանատվության ենթարկվեն: 

Հեռետորական հարց եմ ուղղում. արդյոք նախկինում ԱԱԾ-ն չի՞ աշխատել ու տեղյակ չի՞ եղել, ու արդյոք այդ պաշտոնյաները, որոնք պարտավոր էին ժամանակին այս գործառույթների հետ կապված վերահսկողություն իրականացնել, պատասխանատվության ենթարկվելո՞ւ են, թե՞ չէ, որովհետև մի բան է, երբ հնարավորություն է ստեղծվում որևէ պաշտոնյայի կոռուպցիոն ռիսկերով ինչ-որ ապօրինի գործողություններ անել, բայց բազմապատիկ ավելի մեծ ու ծանր հանցագործություն է, երբ վերահսկողություն, արդարադատություն իրականացնող կառույցներն ուղղակի չտեսնելու են տալիս և ուղիղ իմաստով հանցակից են Տոնոյանին, պատրոններին, պիստոններին ու մնացածին: Այնպես որ, սա միայն Պատրոն Դավիթի խնդիրը չէ, սա ամբոողջ համակարգի խնդիրն է, և այս պատերազմի պարտության մեղքն էլ հենց իրենց վրա է նաև:

– Կարծում եք, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն այնքան ինքնուրույն ու ուժեղ չե՞ն կարող գտնվել, որ, ինչպես նշեցիք, այդ գործի հովանավորներին կարողանան դեմ գնալ ու գործն ավարտին հասցնել:

– Ես զուգահեռներ եմ փորձում անցկացնել այն բոլոր գործերով, որոնց մեջ հետաքրքրություն է ունեցել Ռուսաստանի Դաշնությունը, իսկ նմանատիպ գործերում որևէ շարժ կամ առաջընթաց չկա: Այնպես որ, ոչինչ չի հուշում, որ այս գործով սպառիչ ընթացք կլինի, ու մենք բացահայտումներ կամ առաջընթաց ենք ունենալու: Ուղղակի հերթական աղմուկն է, շարժը, որն անհրաժեշտ է ապահովել, ու այդ խայծը հանրությունն ամեն անգամ, ցավոք սրտի, ընդունում է:

– Տիկի՛ն Կարապետյանց, այդ աղմուկի նպատակը ո՞րն է:

– Շատ կարճ ժամանակ հետո կհասկանանք, ենթադրաբար, ինչ-որ գործողություն պետք է լինի, ու անհրաժեշտ էր հանրությանը մոլորության մեջ պահել:

– Այսինքն՝ մինչև հիմա հաջողվո՞ւմ է այս միջոցով մոլորեցնել հանրությանը:

– Բավականին մեծ խումբ այդ խայծն, այո՛, կուլ է տալիս:

– Տիկի՛ն Կարապետյանց, ստացվում է, որ Հայաստանի արդարադատություն իրականացնող մարմինները ո՛չ դրսի հետ առնչվող գործերն են կարողանում մինչև վերջ քննել, ո՛չ՝ ներհայաստանյան, այսինքն՝ ի՞նչ իրավապահ համակարգ ունենք այսօր:

– Իրականում ունենք համակարգ, որից ակնկալել որևէ դրական շարժ ուղղակի միամտություն է, լուրջ գործերով չբարեփոխված, չլյուստրացված համակարգից որևէ սպասելիք ունենալը անլրջություն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am