Գործազրկության եւ աղքատության կրճատում, տնտեսական աճ եւ ավելին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության զարգացման տեսլականը

«Մեդիալաբը» ներկայացնում է նախընտրական պայքարին մասնակցող հիմնական ուժերի ծրագրերում տնտեսական բաղադրիչի ուսումնասիրությունը։ Այս հրապարակման մեջ անդրադառնում ենք   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Ծրագրի «Տնտեսություն» բաժինը ներկայացնում է ՀՀ տնտեսության առկա վիճակը և բավական մանրամասն՝ մինչև 2026 թ. զարգացման թիրախները, դրանց հասնելու միջոցառումները: Ներկայացված փաստաթղթի կառուցվածքն ավելի շատ հիշեցնում է ՀՀ կառավարությունների կողմից տարիներ շարունակ ներկայացվող միջնաժամկետ՝ եռամյա կտրվածքով զարգացման ծրագրերը: Անդրադարձ կա տնտեսության բոլոր բնագավառներին:

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ իրականացվելիք քաղաքականության նպատակն է՝ 

  • տնտեսական հնարավորությունների ընդլայնումը և դրանց հավասար հասանելիության ապահովումը.
  • մարդու ներքին կարողությունների զարգացման և իրացման միջոցով միջին խավի բարեկեցության աճն ու աղքատության կրճատումը։

Նախ շարադրված են թիրախները, որոնք կարելի է գնահատել որպես իրատեսական, ստեղծված իրավիճակին համահունչ: 

Այսպես, նախատեսվում է ՀՆԱ-ի տարեկան միջին աճը նվազագույնը դարձնել 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%). 2019 թ. ՀՆԱ-ի աճը 7,6% էր, «…որի արդյունքում էականորեն կբարձրանան մարդկանց կյանքի որակը, աշխատավարձերը, աշխատատեղերի թիվը, կենսաթոշակը, կկրճատվեն գործազրկությունն ու աղքատության մակարդակը, հնարավորություն կունենանք վերազինել և արդիականացնել բանակը, էլ ավելի մեծ գումարներ հատկացնել առողջապահությանը, կրթությանը, գիտությանը և մնացած այլ ոլորտների»:

Ներկայացնենք մի քանի ավելի կոնկրետ թիրախներ, որին նպատակաուղղված են լինելու կուսակցության քայլերը՝

  • մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 4269 ԱՄՆ դոլարից դարձնել նվազագույնը 5900 ԱՄՆ դոլար.
  • գործազրկությունը իջեցնել 10%-ից ցածր.
  • աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել.
  • կենսաթոշակի միջին չափը 43.500 դրամից դարձնել առնվազն 61.000 դրամ.
  • նվազագույն աշխատավարձը 68.000 դրամից դարձնել առնվազն 85.000 դրամ.
  • միջին աշխատավարձը 190.000 դրամից դարձնել 300.000 դրամ:

Տնտեսական աճի թիրախին հասնելու նպատակով նախատեսվում է ներդրումների ծավալի զգալի աճի ապահովում, արտադրողականության, զբաղվածության և տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշռի բարձրացում:

Որպես ծրագրային փաստաթուղթ կարելի էր սրանով էլ բավարարվել, քանի որ այն լիարժեք է և տալիս է քաղաքական ուժի տնտեսական քաղաքականության ամբողջական պատկերացումը, տեսլականն առաջիկա հնգամյա ժամանակաշրջանի ՀՀ զարգացման նպատակակետերի մասին:

Թիրախների ներկայացումից հետո ներկայացված է 2018-2021 թթ. կատարվածը` մակրոտնտեսական մակարդակում: Դա հնարավորություն կտա ընտրողներին գնահատականներ տալ գործող իշխանությանը:

Այսպես, 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճը՝ 7,6%, որն այդ տարում կրկնակի գերազանցել է նախկին 5 տարիների միջին աճի ցուցանիշը և ամենաբարձրն էր ԵԱՏՄ, հարևան և եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների համեմատ:

2019 թվականին Հայաստանում արձանագրվել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակը՝ 4604 դոլար, ինչը 2017 թվականի համեմատ ավելի է գրեթե 20 տոկոսով:

2018-2020 թվականների ընթացքում Հայաստանում տնտեսական աճին զուգընթաց էականորեն կրճատվել է ստվերային տնտեսությունը։ Կառավարության իրականացրած տնտեսական ստվերի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ 2019 թվականին՝ 2017 թվականի համեմատ, պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերն աճել են ավելի քան 26%-ով՝ 1 տրիլիոն 158 միլիարդից հասնելով 1 տրիլիոն 464 միլիարդ դրամի:

2018 թվականից հետո բյուջեի եկամուտների նշանակալի ավելացումը հնարավորություն է տվել մեծացնել սոցիալական, առողջապահական, կրթական ծախսերը, բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, բարենպաստ միջավայր ստեղծել մեծ ծավալի բնակարանաշինության համար, կառուցել և բարեկարգել մեծ ծավալի ճանապարհներ և ենթակառուցվածքներ։
Էականորեն ավելացել է գրանցված աշխատողների թիվը՝ 510.000-ից դառնալով 610.000, իսկ 2021 թվականի ապրիլ ամսին հասել է 626.000-ի:

Բացի այդ, 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից բարձրացել է մինչև 68.000 դրամ, ինչի արդյունքում միջինում 20%-ով բարձրացել է մոտ 130.000 աշխատողի աշխատավարձ: 2020 թվականի դրությամբ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 24%-ով բարձր է 2017 և 340%-ով՝ 2007 թվականի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 3 տարիների ընթացքում Հայաստանում միջին աշխատավարձը 2020 թվականին 2017 թվականի համեմատ բարձրացել է 14%-ով:

Ծրագիրը շարունակվում է բնագավառ առ բնագավառ, ըստ էության միկրոմակարդակում, կատարված և կատարվելիք աշխատանքների ներկայացմամբ: Մանրամասն ներկայացված են մշակող արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և հեռահաղորդակցության բնագավառը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ավիացիան և շինարարությունը:

Այսպես, նախատեսվում է մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ դարձնել առնվազն 15%, միջնաժամկետ հատվածում տնտեսական բարդության ցուցանիշը -0.39-ից հասցնել 0.1 միավորի և ստեղծել հիմքեր՝ 10 տարվա ընթացքում դասվելու բարձր տնտեսական բարդություն ունեցող երկրների շարքին (ցուցիչի արժեք՝ 0.46, 42-րդ հորիզոնական): Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը նախատեսվում է ունենալ շուրջ 35.000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թվականի տվյալներով՝ այս ցուցանիշը 3,2% է։ Արդյունքում՝ Հայաստանում կստեղծվի առնվազն 16.000 նոր աշխատատեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Շինարարության նպատակներին հասնելու համար պետական բյուջեից ենթակառուցվածքների բարելավմանը տարեկան տրամադրվելիք միջոցներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է  5-6% և այլն: 

Ծրագրում բացակայում են ֆինանսական, դրամավարկային քաղաքականությանն առնչվող կուսակցության մոտեցումները, պատկերացումները, չկա նաև վերլուծություն այդ մասով: Սա ոչ միայն մասնագիտական շրջանակներին հետաքրքրող բնագավառ է, այլ նաև հասարակության գրեթե բոլոր խավերին հետաքրքրող, մտահոգող հարցերի մի ամբողջ պարունակություն, որի վերաբերյալ պատասխանները և ապագային միտված քայլերը մեծ հետաքրքրություն ունեն և պահանջված են: 

Արամ Բագրատունի

MediaLab.am