Տեղի է ունեցել «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքները. պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր» թեմայով իրազեկման դասընթաց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

Տեղի է ունեցել «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքները. պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր» թեմայով իրազեկման դասընթաց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված առկա իրավիճակը, պատվաստման կարևորությունը հիվանդության կանխարգելման ու հաղթահարման գործընթացում՝ շեշտադրելով լրատվամիջոցների դերը բնակչության իրազեկման և ապացուցողական բժշկության հենքի վրա ճիշտ տեղեկատվության տրամադրման հարցում:

Ոլորտի պատասխանատուները և առողջապահության նախարարության խորհրդատուները խոսել են նոր մարտահրավերների, հետքովիդյան նյարդաբանական բարդությունների, COVID-19-ով հիվանդացածների մոտ արյան մակարդման խանգարումների, առողջության առաջնային պահպանման օղակում հաճախակի գրանցված ուշացած բարդությունների, քաղցկեղ ունեցողների COVID-19-ով վարակման և պատվաստման գործընթացի, իմունաբանական հետևանքների և այլ հարցերի շուրջ:

Մասնագետները պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին՝ ընդգծելով COVID-19-ի դեմ պատվաստմամբ պայմանավորված աշխարհում համավարակի ցուցանիշների նվազման միտումները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը