ՀՀ ոստիկանության ՁՊՎ դիտորդների պահանջն ու ոստիկանության պարզաբանումները

ՀՀ ոստիկանության ՁՊՎ դիտորդների պահանջն ու ոստիկանության պարզաբանումները
ՀՀ ոստիկանության ՁՊՎ դիտորդների պահանջն ու ոստիկանության պարզաբանումները

ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահպանման վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները պնդում են, որ իրենց լիազորությունները սահմանափակվում են, մասնավորապես, թույլ չի տրվում ծանոթանալ ձերբակալվածների անձնական գործերին:

«Ոստիկանությունը չի խանգարում այցելել ՁՊՎ-ներ, սակայն թույլ չի տալիս ծանոթանալ ձերբակալվածների անձնական գործերին», – հայտարարեց ՀՀ ոստիկանությունում ձերբակալված անձանց պահման վայրերում դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին մասնակցում էին նաև դիտորդական խմբի անդամԱրթուր Հարությունյանն ու Նելլի Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյանը, ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ Մայիս Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության հատուկ, կարևորագույն հանձնարարություններով ավագ տեսուչ Արմեն Մարտոյանը:

Ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը դիտեք այստեղ:

Հակադարձելով ՁՊՎ դիտորդների խմբի նախագահի պնդմանը` ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության հատուկ, կարևորագույն հանձնարարություններով ավագ տեսուչ Արմեն Մարտոյանը նշեց, – «Անձնական գործերը երրորդ կողմին տրամադրելն արգելվում է Անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքի 10-րդ կետով»:

Ըստ բանախոսի` անձնական գործերը կարող են տրամադրվել երրորդ կողմին միայն ձերբակալվածի համաձայնությամբ, ինչն ամրագրված է Անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքի 4-րդ կետում:

Ընդհանուր առմամբ, Հասմիկ Սահակյանի խոսքով, 2013 թ. քննարկումների արդյունքում առանձնացվել էր ՁՊՎ դիտորդների լիազորությունների փոփոխման 13 առաջարկություն, սակայն ՀՀ ոստիկանությունը ընդունել է միայն 3 -ը, այն էլ մասամբ:

Սակայն Արայիկ Առաքելյանը նշեց, որ ոստիկանությունը փոփոխություններում ներառել է ավելի, քան 3 առաջարկություն, իսկ մերժվածների վերաբերյալ էլ համապատասխան հիմնավորում և մեկնաբանություն է տրվել:

Անդրադառնալով ոստիկանության մերժած կետերին` Նելլի Հարությունյանն ասաց, -«Դիտորդական խմբում փաստաբան ու փորձագետ ներառելու, ինչպես նաև հրատապ հաղորդագրություններին 40 օրից շուտ պատասխանելու առաջարկները մերժվել են»:

Արթուր Հարությունյանը վստահ է, որ փորձագետի կամ փաստաբանի ներգրավումը դիտորդական խմբի մեջ հնարավորություն կտա իրենց բացահայտելու ՀՀ ոստիկանության ՁՊՎ համակարգում, ինչպես նաև խմբի աշխատանքներում գոյություն ունեցող  թերություններն ու բացթողումները, ինչի արդյունքում երկուստեք  կկարողանան վերացնել դրանք՝ էլ ավելի արդյունավետ գործելու հեռանկարով: Այս պնդմանն ի պատասխան` Արայիկ Առաքելյանն ընդգծեց, որ փաստաբանի ներառումը խմբի մեջ ռիսկային է, քանի որ նույն փաստաբանը կարող է իր լիազորություններն օգտագործել ի շահ իր իսկ փաստաբանական ծառայությունների:

Այդուհանդերձ, քննարկման ավարտին կողմերը որոշեցին, արդեն ոչ հրապարակային, ևս մեկ քննարկում անցկացնել և գտնել առկա տարաձայնությունների իրատեսական լուծում:

ՀՀ ոստիկանությունում ձերբակալված անձանց պահման վայրերում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գործունեության վերաբերյալ կարգը հաստատվել է 2005 թվականի հունվարին, վերահսկողական աշխատանքները սկսել է 2006 թվականի ապրիլից:

«Մեդիա կենտրոն»