Շոլցը կոչ է արել շտապ դեէսկալացիա սկսել Ուկրաինայի շուրջ

Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիան շտապ անհրաժեշտ է, պատերազմ չպետք է սկսվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը։

«Իմ այցը տեղի է ունենում Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր և սպառնացող ճգնաժամի նշանի ներքո։ Ռուսաստանի ռազմական գործունեությունը և սահմանի երկայնքով ռուսական զորքերի կենտրոնացումը, Ռուսաստանի կողմից ձևակերպված անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը մեր բանակցություններում շատ ժամանակ խլեցին։ Ես իմ գնահատականը հայտնեցի անվտանգության իրավիճակի վերաբերյալ, և քննարկեցինք՝ ինչպես ենք մենք և մեր եվրոպացի գործընկերները գնահատում այս իրավիճակը»,- ասել է Շոլցը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:

«Մենք անհանգստացած ենք, որ ուկրաինական շփման գծում զինվորականներ են կենտրոնացված, դրա համար ակնհայտ պատճառ չկա: Ուստի շտապ անհրաժեշտ է դեէսկալացիա: Այս լարված իրավիճակում շատ կարևոր է պատերազմ չսկսել»,- ասել է նա: