«Որպեսզի ասածին ազդեցիկ ոճ հաղորդի, Քոչարյանը ասում է, որ Ռուսաստանից իրեն իբր պաշտպանում են»․ Ռուբեն Մեհրաբյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցը նշանակում է, որ Քոչարյանը շարունակում է քաղաքական մեթոդներով պաշտպանել ինքն իրեն՝ քաղաքականացնելով այն քրեական մեղադրանքը, որն առաջադրված է իրեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Հենց այդ շրջանակներում էլ նա ինչ անտրամաբանական-հակատրամաբանական հայտարարություն կա, կարող է անել: Եվ որպեսզի ասածին ազդեցիկ ոճ հաղորդի, Քոչարյանն այդ հայտարարություններն անում է ռուսական ԶԼՄ-ներով, խոսում է այն մասին, որ Ռուսաստանից իրեն իբր պաշտպանում են»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Նշենք, որ ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին անվանել է երկնաքար, որը, նրա խոսքով, շատ արագ կվառվի:

«Փաշինյանն ընտրել է կառավարման այն մոդելը, երբ երկնակամարում կա միայն մեկ արև, նրանից հետո չկա երկրորդ, երրորդ, տասներորդ համար: Այս մոդելը չի կարող կենսունակ լինել և նպաստել զարգացմանը»,- ասել է Քոչարյանը:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ հասկանալի են Քոչարյանի այս պահվածքն ու հարցազրույցները, քանի որ մեղադրյալ Քոչարյանն այսօր, ըստ իրավապահ մարմինների հայտարարությունների, անցնում է նաև այլ քրեական գործով:

«Քրեական օրենսգրքի այլ հոդվածներ էլ կան, որոնցով նա մեղադրվում է՝ կապված փողերի լվացման հետ: Բացի դրանից, Քոչարյանի հարցով զբաղվելու է Վճռաբեկ դատարանը, որը Մարտի մեկի գործի շրջանակներում քննելու է վերաքննիչ դատարանի որոշումը՝ նրա խափանման միջոցը փոխելու հետ կապված»,- հավելեց քաղաքագետը:

Նշենք, որ նույն հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել է քաղաքականություն վերադառնալու մասին: Նա ասել է, որ մասնակցելու է քաղաքական գործընթացներին, բայց դեռ չի որոշել, թե ինչպես:

«Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով: Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել, այդ թվում՝ չեմ կողմնորոշվել այն իմաստով, թե ինչ տեղի է ունենում Հայաստանում: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է Քոչարյանը:

Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարություններին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի գործ ունենք քաղաքական դիակի հետ: Բայց, ըստ Փաշինյանի, քաղաքական դիակ լինելը որևէ մեկին չի ազատում պատասխանատվություն կրելուց:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը, ասում է, որ նա անելիք չունի քաղաքականության մեջ:

«Այստեղ ես կասեմ հետևյալը. դժվար է չհամաձայնել այն մտքի հետ, որ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն այսօր գոյություն չունի: Հետևաբար, թող նա իր բախտն ու ուժերը փորձի: Հայաստանի որևէ օրենքով արգելված չէ քաղաքականություն մտնելը: Բայց այդ ժամանակ թող նա սպասի համապատասխան հակազդեցության և հիշեցումների, թե ինչ ուղիով է ինքն անցել»,- հավելում է քաղաքագետը:

Մեհրաբյանի խոսքով՝ համենայնդեպս, մեկ բան այսօր պարզ է՝ ի դեմս Քոչարյանի մենք գործ ունենք ոչ թե քաղաքական գործոնի հետ, այլ գործ ունենք քաղաքական spoiler-ի հետ, որի հնարավորություններն էլ այնքան էլ մեծ չեն:

Ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նաև անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին՝ իր ծննդյան օրվա առթիվ: Նա ասել է, որ ժամանակի ընթացքում իր ու Պուտինի հարաբերությունները դարձել են ջերմ ու ընկերական:

«Իմ ծննդյան օրվա կապակցությամբ Պուտինի շնորհավորական հեռախոսազանգը լուրջ աջակցություն էր»,- հավելել է նա:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ թող Քոչարյանը չփորձի Հայաստանում մարդկանց զարմացնել ռուսական ԶԼՄ-ներով ու Պուտինի աջակցությամբ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի կողմից այսօր պետական մասշտաբով աջակցություն չի ցուցաբերվում Քոչարյանին: Բայց Ռուսաստանի որոշ շրջանակներ շարունակում են միջամտել Հայաստանի ներքին գործերին:

«Բայց թույլ չենք տա, որ դա Հայաստանում իրավիճակ փոխի, որքան էլ ռուսներն իրենց կեղտոտ քիթը փորձեն մտցնել Հայաստանի ներքին գործերի մեջ: Եվ, բարեբախտաբար, Ռուսաստանում ներքին իրավիճակն այնքան հեղհեղուկ է, որ նրանց հնարավորությունները սահմանափակ են: Եվ սա ևս մեկ անգամ վկայում է՝ որքան թույլ է Ռուսաստանը, այնքան լավ է Հայաստանի համար»,- հավելում է քաղաքագետը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am