«Հեղափոխությունից հետո հասկացա, որ իրավիճակ է փոխվել, ու արժի զբաղվել բիզնեսով»․ հնդիկ ցուցարարը՝ պայքարից մինչեւ հնդկական խոհանոց

«Հեղափոխությունից հետո հասկացա, որ իրավիճակ է փոխվել, ու արժի զբաղվել բիզնեսով»․ հնդիկ ցուցարարը՝ պայքարից մինչեւ հնդկական խոհանոց
«Հեղափոխությունից հետո հասկացա, որ իրավիճակ է փոխվել, ու արժի զբաղվել բիզնեսով»․ հնդիկ ցուցարարը՝ պայքարից մինչեւ հնդկական խոհանոց

Ազգությամբ հնդիկ Շաֆի Ալ Կապրիոնեի համար խիստ կարևոր է, որ իր նորաբաց «Շաֆիի մոտ» արագ պատրաստման սննդի կետը գտնվում է վարչապետի նստավայրի հարևանությամբ՝ Բաղրամյան 26-ը հատող Սիլվա Կապուտիկյան փողոցում։

«Չեմ կարող ասել՝ ի՛նչ նշանակություն ունի, բայց ունի։ Ասեմ, որ առաջին սևամորթ տղան էի, ով քայլում էր Նիկոլի հետ, հիշո՞ւմ եք առաջին օրը, որ պայթուցիկներ բաց թողեցին, ես Նիկոլի կողքին եմ եղել։ Առաջին շարքերում էի։ Բժիշկ եմ ու առաջին օգնությունն եմ ցույց տվել ցուցարարներին, մոտակա դեղատներից մեկից բերեցինք անհրաժեշտ ամեն ինչ։ 14 օր շարունակ մասնակցել եմ ցույցերին։ Հեղափոխությունից հետո հասկացա, որ իրավիճակ է փոխվել, ու արժի զբաղվել բիզնեսով։ Իսկ մինչև հեղափոխությունը դժվար էր գործ դնելը, կաշառք պետք է տայիր։ Իսկ հիմա շատ արագ՝ ընդամենը մուծումներս եմ արել և 15 օրում թույլտվությունը ստացել»,- պատմում է Շաֆին։

Եվս մեկ «Շաֆիի մոտ» էլ գործում է Երևանի «Հայբուսակ» համալսարանում, որտեղ սովորում է դեռևս յոթ տարի առաջ Հնդկաստանից Հայաստան տեղափոխված Շաֆի Ալ Կապրիոնը։ «Շաֆիի մոտ»-ը ուսանողներին առաջարկում է հնդկական և հայկական ուտեստներ, որոնք պատրաստում է անձամբ ինքը`Շաֆին։

«Այստեղ հնդիկ ուսանողների թիվը հասնում է 400-ի։ Բա հայերը գիտե՞ք ինչքան շատ են օգտվում հնդկական խոհանոցից, սիրում են։ Մեզնից օգտվում են նաև այլազգի ուսանողները Պաղեստինից, Իսրայելից, Քրդստանից, Իրանից, Իրաքից։ «Շաֆիս փլեյսը» ոչ միայն բիզնես է, այլ նաև շփվելու, նստելու ու խոսելու հաճելի վայր»,- ասում է նա։

«Շաֆիի մոտ»-ը շուտով կբացվի նաև պետական բժշկական համալսարանում։ Ապագայում մտածում է նաև Երևանում բացել հնդկական ռեստորան։

«Բիզնեսի առումով այնքան էլ ձեռնտու չէ, ուսումնասիրել եմ։ Մարդիկ այսօր Հայաստանում շատ են շտապում, նախընտրում են մի բան գնել, քայլելով ուտել, քան երկար ժամանակ նստել։ Իսկ ընդհանրապես ես եմ իմ ձեռքով պատրաստում`հնդկական շաուրմա, ջիլեբի, բիրիանի, պանի պուրի, մոմուս, հնդկական քաղցրավենիք… Մտածում եմ նաև, ինչու չէ՝ ապագայում, հայկական ռեստորան բացել Հնդկաստանում»,- պատրաստակամ ներկայացնում է Շաֆին։

Շաֆին պատմում է, թե ինչպես Հայաստանի մասին առաջին անգամ իմացավ Գուգլից, երբ պարզապես փնտրում էր մի երկիր, ուր ցանկանում էր գնալ ճանապարհորդելու նպատակով։

«Բերեց Ա տառով սկսվողները`Ալբանիա, Անգոլա, Արմենիա, ես ընտրեցի Արմենիան, հենց ամենավերևում էր, չնայած քարտեզի վրա տեղն էլ չգիտեի։ Հայաստան գալուս միակ պատճառը դա է եղել»,- վարժ, մաքուր հայերենով պատմում է հնդիկ ուսանող գործարարը, ով Հայաստանում է 2011 թվականի մայիսից։

Շաֆիի հայերենը՝ հնդկական առոգանությամբ, ինքնատիպ է հնչում։ Ասում է՝ երկու հայրենիք ու երկու ազգություն ունի։

«Ինձ թվում է` հայ եմ, պարզապես հնդիկ եմ ծնվել։ Հնդկաստան որ գնում եմ, այնքան եմ կարոտում այս երկիրը։ Առաջին երեք օրից հետո հա՛ օրացույցին եմ նայում ու սպասում, թե ե՛րբ է վերջապես դեպի Երևան թռիչքիս օրը գալու։ Սիրում եմ Հայաստանը»,- անկեղծանում է Շաֆին։

25-ամյա Շաֆի Ալ Կապրիոնը Հնդկաստանի մայրաքաղաք Դելիից 300 կմ հեռավորության վրա գտնվող Սալեմ քաղաքից է։ Հայրը նահանգի գլխավոր ոստիկաններից է, մայրը՝ մանկավարժ։ Ասում է, որ չնայած ինքն արդեն յոթ տարի է՝ ապրում է Հայաստանում, ծնողները դեռ այստեղ չեն եղել։ Շուտով իրեն կայցելի մայրը։

«Ընկերներիս 99 տոկոսը հայեր են։ Եկել եմ 18 տարեկանում ու հիմա 25 եմ։ Կյանքիս կարևոր ու գիտակցված շրջանում կայացել եմ Հայաստանում»,- ասում է Շաֆին։

2011 թվականի սեպտեմբերին Շաֆին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան և միայն 2014-ին տեղափոխվել «Հայբուսակ» համալսարան՝ շարունակելով սովորել ընդհանուր բժշկության ֆակուլտետում։

«Յոթ տարի Հայաստանում եմ, բայց ծնողներիցս մեկ դրամ անգամ ուզած չկամ։ Աշխատել եմ 19 տարեկանից, ամեն ինչ արել եմ՝ ավտոլվացման կետում եմ աշխատել, «Տաշիր պիցցայում», չեմ ամաչում, կարող եմ ասել, որ անգամ զուգարան եմ մաքրել։ Ինչ գործ գտնում էի, անում էի, ապրում էի ընկերներիս հետ վարձով»,- պատմում է Շաֆին։

Ասում է՝ Հայաստանում իրեն ամեն ինչ հետաքրքիր է, ամեն օր նոր բան է սովորում։ Չնայած իր մաշկի գույնին՝ խոստովանում է. հայերն իրեն ռասիստի նման չեն վերաբերվում։ 99 տոկոսով իրեն հայ է համարում, քանի որ առանց «աղ ու հացի» չի կշտանում։ Միակ տարբերությունը, ըստ նրա՝ կրոնն է։ Սակայն դա չի խանգարել նրան հայ ընկերուհի ունենալ, ում հետ շուտով պատրաստվում է և ամուսնանալ։

Ինչո՞ւ հայ աղջիկ ընտրեցիր հարցին Շաֆին պատասխանում է՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Բացատրում է, որ իր համար էլ հեշտ չէ, մեծացել է այլ ավանդույթներով, մուսուլման է, սակայն իրեն դուր է գալիս հենց այդ տարբերությունը։

«Երբ մենք տարբեր ենք, բայց ուզում ենք միասին լինել։ Տարբերությունները մեր կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում։ Դու չես հասկանում նրա կրոնը, նրա լեզուն, նրա ավանդույթները, բայց դու հասկանում ես նրա սերը։ Տարբեր, բայց հետաքրքիր։ Մեր ընտանիքները համաձայնության են եկել, շուտով երևի ավելի պաշտոնական ընթացք կտանք մեր հարաբերություններին»,- ասում է Շաֆին։

Նա նշում է, որ հնդիկները վերջին շրջանում շատացել են Հայաստանում, մարդիկ գալիս են ու ցանկանում գործ դնել այստեղ։

«Հնդիկները հասնում են մինչև Դուբայ, Օման… աշխատելու։ Հիմա նաև այստեղ են գալիս, Հայաստանը Հնդկաստանին մոտ է ու հարմար։ Գալիս են, հատկապես Նիկոլից հետո, գործ են դնում, սնվելու կետեր, փաբեր բացում։ Ու ոչ միայն հնդիկները, նաև՝ պարսիկները, սփյուռքահայեր»,- ասում է Շաֆին։

Նա հայերեն խոսում է շատ արագ ու առանց սխալների։ Բառերն արտասանում է պարզ, երբեմն օգտագործում է նաև ռուսերեն բառեր և ինքնագոհ ժպտում։

«Հայերենը հեշտ լեզու չէ, բայց սովորեցի։ Առաջին մեկ տարում խոսում էի անտանելի սխալներով, բայց մարդիկ ինձ սիրով ուղղում էին։ Ես խոսակցականի վրա եմ սովորել, Հայաստանի ժողովուրդը իմ հայերենի դասախոսն է։ Մարդիկ ինձ սովորեցրին հայերեն խոսել, ես ոչ մի դասարան չեմ նստել»,- ասում է նա։

Շաֆիին հայերեն գրել է սովորեցնում նրա հայ ընկերուհին։ Հայերենի ամենադժվար բառերը նրա համար հեռակառավարման վահանակն է և կամավորը։

Շաֆիի ինքնատիպ հայերենը, սուր հումորն ու դերասանի վարպետությունը պատճառ դարձան, որ բժիշկ գործարարին առաջարկեն հանդես գալ Ucom ցանցում հեռարձակվող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի Stand Up հումորային նախագծում։ Երրորդ եթերաշրջանն է՝ Շաֆին հանդես է գալիս որպես սթենդափեր։

«Ինձ արդեն ճանաչում են, փողոցում մոտենում են ու ասում. «Ապե՛, ո՞նց ես, քեզ հավանում ենք»։ Սցենարը գրելիս հաշվի եմ առնում հայկական իրականությունը։ Իմ բոլոր պատմությունները կյանքից են վերցված։ Իմ հայերենը դուր է գալիս մարդկանց»,- պատմում է սթենդափեր Շաֆին։

Ո՞րն է ավելի գերադասում՝ բժշկի՞, գործարարի՞, թե՞ դերասանի մասնագիտությունը, Շաֆին ասում է.

«Երեքով էլ զբաղվելու եմ, հասցնում եմ։ Հիմա վաղը մի սթենդափ ունեմ, փաբում էլ ելույթ ունեմ, դեռ հարսանիք էլ եմ վարում»։

Շաֆին զարմացած է հայերի հյուրընկալությունից ու հյուրասիրությունից։

«Երբ նոր էի եկել, ամբողջ Հայաստանը ավտոստոպով ման եկա։ Վրան էի վերցրել ու սնունդ հետս, հասա Գյումրի, Վանաձոր, Սևան, Մարտունի, մինչև Արցախ գնացի։ Էդ վրանը ես ոչ մի տեղ վերջը չբացեցի, մարդիկ չէին թողնում ու տեղ էին տալիս իրենց ընտանիքի կողքին, իրենց տանիքի տակ։ Ցավդ տանեմ, շատ հյուրասեր են։ Հնդիկներն էլ են հյուրասեր, բայց հայերի մոտ դա մի ուրիշ ձև է դրսևորվում, հայերը գենետիկ հյուրասեր ազգ են, չափից ավելի»,- ծիծաղելով ասում է Շաֆին։

Ապագայի մասին խոսելիս էլ նշում է՝ պլանավորում է դառնալ Հայաստանի քաղաքացի, ամուսնանալ սիրած աղջկա հետ։

«Իմ երկիրն ա, ոնց ասեմ, անունս էլ փոխելու եմ՝ Շաֆի ալ Կապրիոնի տեղը դառնամ Շաֆի Կապուտիկյան»,- ծիծաղելով ասում է Շաֆին։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am