Բարի գործը վերածում են քաղաքական մանրադրամի. Վարդան Օսկանյան

Բարի գործը վերածում են  քաղաքական մանրադրամի. Վարդան Օսկանյան
Բարի գործը վերածում են քաղաքական մանրադրամի. Վարդան Օսկանյան

Ի պատասխան այսօր ԱԱԾ տարածած հայտարարության, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը կրկին արձագանքել է իր Ֆեյսբուկյան էջում:
«Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով փորձ է արվում ցույց տալ, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր չէ: Կրկնում եմ՝ դա միանշանակ քաղաքական պատվեր է: Չեմ ուզում մտնել թվերի և այլ մանրամասների մեջ, բայց ուզում եմ ասել հետևյալը՝ «փողերի լվացում – Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել,-գրել է Օսկանյանը:
Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ և Սիվիլիթասին նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար:

Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»:

Հիշեցնենք, որ երեկ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ, եւ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին, որպես վկա հրավիրել են ԱԱԾ ցուցմունք տալու, որը վերջինս որակել է որպես «քաղաքական պատվեր»:

««Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ և իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը:

Հիմնադրման օրվանից՝ Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ և օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,-երեկ մամուլի համար հաղորդագրություն է տարածել Վարդան Օսկանյանը:

Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում:

Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»,-նշել էր նա:

Այսօր անդրադառնալով այս գործին, ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Վարդան Օսկանյանի հայտարարությանն արձագանքելով, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Օսկանյանին եվս մեկ անգամ հիշեցրել է», որ «ՀՀ-ում քաղաքական պատվերների, հետապնդումների եւ ռեպրեսիաների ժամանակներն անցյալում են, եւ որ այսօր ՀՀ-ն կառուցում է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկիր»:

© Medialab.am