«Չեմ տեսնում նման հնարավորություն, որ Եվրամիությունը, Արցախի հարցը չլուծված թողնելով, որոշի համագործակցել Ադրբեջանի հետ». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով այսօր կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից։

– Քանի որ այդ այցելության նպատակը ներկայացված չէ, կարծում եմ, որ այս փուլում նման այցելությունը կարող է պայմանավորված լինել միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման հետ կապված՝ ԱՄՆ-ի առաջարկները քննարկելով, որևէ այլ նպատակ ես հիմա դժվարանում եմ պատկերացնել։

– Ադրբեջանն ու Հայաստանն արդեն խոսում են խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր ժամկետների մասին, ըստ ձեզ՝ ե՞րբ է հնարավոր լինելու պայմանագրի կնքումը, ու ի՞նչ բովանդակություն է ունենալու այն։

– Կարող է լինել նոյեմբերին, որովհետև դա նշվեց Բրյուսելում՝ հանդիպումից հետո, իսկ պայմանները, իմ կարծիքով՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի առջև Եվրամիությունը պայման է դրել՝ համաձայնել, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ու պետք է կողմերը համաձայնություն տան, որ միջազգային խաղաղարար բազմազգ ուժեր տեղակայվեն՝ ռուսական զորակազմի փոխարեն։

– Իսկ Ադրբեջանը կհամաձայնի՞ այդ պայմանին, որովհետև շարունակ պնդում է, որ այդ պայմանագրի հիմքում լինելու է իրենց կողմից արված հինգ կետանոց առաջարկը, որն ընդունել է նաև հայկական կողմը, պարո՛ն Ղուկասյան։

– Այդ կետերը լինելու են, ինչը տրամաբանական է, բայց Եվրամիությունը, իմ կարծիքով, Ադրբեջանին ընտրության առջև է կանգնեցրել՝ կա՛մ էներգետիկ ոլորտում համագործակցություն, կա՛մ Լեռնային Ղարաբաղ։

Նույնպես Հայաստանին է կանգնեցրել ընտրության առջև՝ կա՛մ Եվրամիության հետ համագործակցություն ու Լեռնային Ղարաբաղ, կա՛մ Ռուսաստանի հետ ռազմական-դաշնակից հարաբերություններ։ Այսինքն՝ Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանը կհրաժարվի Ռուսաստանի հետ ռազմական-դաշնակից հարաբերություններից, ինչպես նաև ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն կտան ռուսական զորքերի փոխարեն ԼՂ-ի շուրջը տեղակայել միջազգային խաղաղարար ուժեր, նաև հասկանալի է, որ Ադրբեջանից պահանջվում է դուրս բերել իր զորքերը Շուշիից, Հադրութից ու Մատաղիսից, այսինքն՝ նախկին ԼՂԻՄ-ի բոլոր տարածքներից։

– Ձեր կարծիքով՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպմանը ա՞յս հարցերն են քննարկվելու։

– Այո՛։

– Հայաստանն ու Ադրբեջանը ի՞նչ ընտրություն կկատարեն, եթե Եվրամիությունը ընտրության առաջ է կանգնեցրել, ինչպես ասում եք։

– Իմ կարծիքով՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ղեկավարության համար այդ պայմաններն ընդունելի չեն։ Հայաստանը կարևորում է հարաբերությունները իր ռազմական դաշնակցի հետ, Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ հարաբերությունները խզելու վերաբերյալ որոշում կայացնել։

Ադրբեջանը պայքարում է ու ցանկանում է Եվրամիությանը համոզել, որ «Գազ՝ Ղարաբաղի դիմաց» բանաձևը գործի, այսինքն՝ երկու կողմն էլ Եվրամիության առաջարկած պայմաններին համաձայն չեն լինի։ Խնդիրն այն է, որ եթե Եվրամիությունը, ըստ էության, և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին առաջարկում է փող, ապա Ռուսաստանըոչինչ չի կարող առաջարկել կողմերին, բացի իշխանությունը պահելու միջոցներից։

– Ու այդ քաղաքական գործիչները կնախընտրեն Ռուսաստանի առաջա՞րկը։

– Կոնկրետ այդ երկու կերպարը՝ այո՛։ Ե՛վ Իլհամ Ալիևի, և՛ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է իշխանությունը պահելը, քան խաղաղ կարգավորումը։ Ես ավելի հակված եմ, որ Եվրամիության առաջարկը չի ընդունվի կողմերի կողմից, որովհետև նրանց համար կարևոր է իշխանությունը պահելը։ Այն տարբերակը, որը քննարկվում է քարոզչական շրջանակներում, թե կարելի է խաղաղության պայմանագիր կնքել՝ շրջանցելով Արցախի հարցը, նման պայմանագիր Բրյուսելում չի կարող կնքվել։

Չեմ տեսնում նման հնարավորություն, որ Եվրամիությունը, Արցախի հարցը չլուծված թողնելով, որոշի համագործակցել Ադրբեջանի հետ ու, ըստ էության, պատասխանատվություն վերցնի հետագայում թե՛ պատերազմի վերսկսման, թե՛ Արցախում հայերի բնաջնջման համար։

– Այսինքն՝ եթե կողմերը նախընտրում են Ռուսաստանի առաջարկը, այդ պայմանագիրը կնքվում է պաշտոնական Մոսկվայի աջակցությա՞մբ։

– Չէ՛, ընդհանրապես չի կնքվում։ Ադրբեջանի ռազմավարությունը, ըստ էության, ենթադրում է, որ երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Վլադիմիր Պուտինի պարտավորությունները Ադրբեջանի առջև կատարված կլինեն, իսկ այդ համաձայնագրի մեխանիզմը հետևյալն էր՝ Վլադիմիր Պուտինն ունի պարտավորություններ Ադրբեջանի ու Հայաստանի առջև, սրանից հետո, հավանաբար, Ադրբեջանը դուրս կգա ԵԱՀԿ Մինսկի խմբից ու մանդատ կտրամադրի ռուսական զորքերին Ղարաբաղում տեղակայվելու համար: Այդ ժամանակ արդեն, Մինսկի խմբից դուրս գտնվելով, Ադրբեջանը կարող է խաղաղության պայմանագիր կնքել։

Քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են անդամակցել Մինսկի խմբին, նրանք առանց մյուս մասնակիցների չեն կարող որոշել Արցախի կարգավիճակը, իսկ Մինսկի խմբի կազմում ներառված է 11 պետություն, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ու ԵԱՀԿ-ն իր որոշումով լիազորել է այդ 11 պետությանը որոշել Արցախի կարգավիճակը, այսինքն՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը միակողմանի քայլերով, նույնիսկ երկուսը միասին, պահպանելով իրենց անդամակցությունը Մինսկի խմբին, չեն կարող նման պայմանագիր կնքել:

Որպեսզի նման պայմանագիր լինի, Ադրբեջանը կամ Հայաստանը պետք է դուրս գան Մինսկի խմբից։ Հայաստանն այդ առումով ավելի քիչ հնարավորություններ ունի, Ադրբեջանի դուրս գալն ավելի հավանական է։ Մինսկի խմբի շրջանակում չի կարող կնքվել այն պայմանագիրը, որը շրջանառվում է։

– Այսինքն՝ Մինսկի խմբի շրջանակներում չի՞ կարող կնքվել խաղաղության պայմանագիր, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, պարո՛ն Ղուկասյան։

– Այո՛, որով կշրջանցվի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։ Ի սկզբանե Արցախի խնդիրն առաջացել է ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ, դրա համար 1992 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են, որ ԵԱՀԿ-ն որոշի՝ ինչպես կարգավորել այդ խնդիրը։ Եվ, ինչպես ասացի, 56 պետություն լիազորեց 11 պետության, որ վերջիններս կոնֆերանս գումարեն ու այդտեղ որոշեն, թե ինչպես պետք է իրացնեն ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու այս բոլոր տարիներին ամբողջ բանակցություններն ընթանում էին այդ հարցի շուրջ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am