Փաշինյանը փորձում է այլ կուսակցության ձեռքերով կրակից շագանակներ հանել. Բադալյանը՝ «Ուժեղ Հայաստանի» շուրջ ԿԸՀ դիմումի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, նախընտրական քարոզարշավի վերջին օրն է այսօր, ինչպե՞ս կգնահատեք քաղաքական ուժերի քայլերն այս ընթացքում, հնարավոր ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:

– ՔՊ-ն անցած տարվա օգոստոսի 8-ից մինչև մայիսի կեսերը տանում էր իր գծած նախընտրական սցենարը. մենք նախաստորագրեցինք խաղաղության պայմանագիրն ու ԹՐԻՓՓ-ը ու հիմա գնում ենք խաղաղության, իսկ այն եռյակ ուժը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատերազմի կուսակցություն են: Սա շարունակվեց մինչև մայիսի կեսը, բայց եռյակին հաջողվեց մայիսի 10-ից հետո ընկած ժամանակահատվածում կոտրել ՔՊ-ի «խաղաղություն կամ պատերազմ» սցենարը, ու իբրև հետևանք մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը իրեն սկսեց պահել ոչ ադեկվատ, հետո կարողացավ գալ ադեկվատ դաշտ, բայց չկարողացավ վերականգնել ի սկզբանե գծած այդ սցենարը: Հետո անցավ նախկին-ներկա սցենարին, որն այս քարոզարշավի ժամանակ այդքան էլ չաշխատեց, որովհետև իր հակավարկանիշը բավականին աճել է, իսկ իր հիմնական մրցակիցների հակավարկանիշը՝ իջել: 

Այսպիսով Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ավելացնել իր ընտրազանգվածը, ու նա մնաց իր եղած ընտրազանգվածի հույսին, որ ուներ ի սկզբանե, իսկ սա բավարար չէ 50 + քվե ստանալու համար, եթե մասնակցությունը բարձր լինի: 

ՔՊ-ի հիմնական մրցակիցներին՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներին, ԲՀԿ-ին, հաջողվեց կոտրել ՔՊ-ի հիմնական սցենարը, ինչպես ասացի, բայց իրենք էլ իրենց հերթին չկարողացան ներկայացնել Հայաստանի համար տեսանելի ու ընկալելի տեսլական: Փաստացի կարող ենք ասել, որ այս պահին մրցակցությունը ՔՊ-ի ու այդ եռյակի միջև է: 

Պետք է նշել հետևյալը, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրություններն ավելի շուտ աշխարհաքաղաքական երկու կենտրոնի բախումն է Հայաստանի տարածքում, որը կրում է քաղաքական բնույթ: Ուկրաինայում այն կրում է ռազմական, իսկ Հայաստանում՝ քաղաքական բնույթ: Կենտրոններից մեկը Արևմուտքն է, որի մաս են կազմում Թուրքիան, ԵՄ-ն, Բրիտանիան, ԱՄՆ-ն և այլն, մյուս կողմը՝ Ռուսաստանն ու ինչ-որ չափով Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց հիմնականում Ռուսաստանն է: Մի մեծ տարածաշրջանի ճակատագիր է որոշվելու՝ կախված նրանից, թե Հայաստանում ի՛նչ իշխանություն է լինելու: 

Աշխարհաքաղաքական կենտրոնները նահանջելու տեղ չունեն, ու երկուսն էլ անելու են առավելագույնը՝ հաղթելու համար: Այս պահի դրությամբ երկու կարևոր գործոն կա. եթե եռյակին հաջողվում է շատ բարձր մասնակցություն ապահովել ու վերահսկել քվեարկության ու ձայների հաշվարկի արդար գործընթացը, ապա եռյակը կհաղթի, եթե մասնակցությունը քիչ է լինում, կամ ուղղորդված քվեարկությունը շատ է լինում՝ հաղթում է ՔՊ-ն: Այսօր կան երկու կարևոր բան՝ բարձր մասնակցություն ու ազնիվ, արդար և թափանցիկ ընտրության անցկացում, թե ի՞նչ կլինի հունիսի 8-ից հետո, կասեմ ամսի 8-ից հետո:

– Մինչև հունիսի 8-ն ի՞նչ կարող է տեղի ունենալ, առավոտից ձերբակալություններ են, «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում է դիմել ԿԸՀ, որ դադարեցնեն «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ընտրություններին:

– Իշխող քաղաքական ուժն ուզում է մանիպուլյատիվ խորամանկություն դրսևորել. տեսնելով, որ միանշանակ չի հաղթում, եթե «մոլդովական սցենարի» այս կամ այն տարբերակը չի կիրառում, նա փորձում է այլ կուսակցության ձեռքերով կրակից շագանակներ հանել: Ես ասացի, որ սա Ռուսաստանի համար ճակատագրական ընտրություն է, ու նա, ըստ իս, ոչնչի առաջ չի կանգնելու, որպեսզի հաղթանակ տանի: 

Փաշինյանը ցանկանում է իրենից դեպի Վահագն Հովակիմյան ուղղել ռուսական կողմի հնարավոր հարձակման թիրախը: ԿԸՀ-ն պետք է որոշի՝ պատրա՞ստ է դառնալու թիրախ ռուսական հնարավոր ազդեցության համար, որովհետև, ասացի, որ Ռուսաստանի համար սա Ստալինգրադի ճակատամարտ է, ինքը նահանջելու տեղ չունի: 

Ռուսաստանը հիմա էլ ամեն ինչ անում է, որ իշխող քաղաքական ուժին զրկի իշխանությունից՝ անուղղակի աջակցելով ընդդիմությանը: Ամեն բան կախված է ԿԸՀ-ից, եթե նրանք հաստատեցին դա, ապա դառնում են թիրախ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, որովհետև Ռուսաստանը դրանից հետո կարող է չճանաչել ընտրությունները, այս սահմանափակումներն ավելի ուժեղանան, և այլ զարգացումներ լինեն: ԿԸՀ-ն պետք է հասկանա՝ ցանկանո՞ւմ է դառնալ թիրախ ռուսական հարձակմանը, որն այլևս չի նահանջելու, սա է խնդիրը:

– Ձեր խոսքից տպավորություն է, որ պաշտոնական Մոսկվան ուղիղ կամ անուղղակի մասնակցում է Հայաստանի ներքին գործերին, այդպե՞ս է, պարո՛ն Բադալյան:

– Այս ընտրությունները տարբերվում են Հայաստանում նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրություններից նրանով, որ այս անգամ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանն էականորեն հավասարաչափ մասնակցություն ունեն: Սա ավելի շուտ վերածվել է արտահայաստանյան քաղաքական գործընթացի, որը տեղի է ունենում Հայաստանի տարածքում: 

50 միլիոն եվրոյի տրամադրումը ևս աջակցություն է կոնկրետ ուժի, Կայա Կալասի կողմից խումբ ուղարկելը՝ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար, կոնկրետ քաղաքական ուժի աջակցություն է: Հայկական արտադրանքի մուտքի սահմանափակումը ռուսական շուկա նույնպես աջակցություն է կոնկրետ ընդդիմությանը: Սրանք, այո՛, կոնկրետ միջամտություն են Հայաստանի ներքին գործերին, երկու կողմն էլ հավասարաչափ պայքարում է այստեղ իրենց նպատակին հասնելու համար: Նախորդ ընտրությունները հայաստանյան գործընթացներ էին, որին մասնակցում էին արտաքին քաղաքական կողմերը, հիմա՝ արտաքին քաղաքական գործընթաց է, որին մասնակցում են ներքաղաքական ուժերը, բաց ամեն ինչը որոշում են Հայաստանի ընտրողների բարձր մասնակցությունը ու ազնիվ և թափանցիկ ընտրությունների անցկացումը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am