«Թուրքերն ամեն ինչ անում են, որ իրենց զորքերն օրինական կերպով տեղակայեն նաև Արցախի սահմաններին և Արցախի տարածքում». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, այս փուլում Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ կան, քանի որ թուրքերը ցանկանում են Ղարաբաղում բացել ռուս-թուրքական միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտակետ։ Ի՞նչ նպատակներ ունի Թուրքիան։

– Այո՛, սկզբնական փուլում Թուրքիան ցանկանում էր իր խաղաղապահ ուժերը տեղակայել ռուսական խաղաղապահ ուժերի կողքին՝ ամբողջ Արցախի սահմանի երկայնքով։ Դա չհաջողվեց։ Թուրքիայի երկրորդ ցանկությունն այն է, որ մոնիթորինգային կենտրոնը, որը պետք է համատեղ ստեղծվի, իրավունք ունենա մոնիթորինգ իրականացնել նաև Արցախի տարածքում։

Եվ դա օգտագործելով՝ թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները կկարողանան մուտք գործել Արցախի տարածք։ Ռուսները դրան էլ չեն համաձայնում։ Եվ մամուլի հրապարակումների համաձայն՝ թուրքերը ցանկություն ունեն ստեղծել իրենց առանձին մոնիթորինգային կենտրոնը, որի մասին հայտնի համաձայնագրում չկա։

Թուրքերն ամեն ինչ անում են, որ իրենց զորքերն օրինական կերպով տեղակայեն ոչ միայն Ադրբեջանի տարածքում, այլև մոտեցնեն Արցախի սահմաններին և նույնիսկ իրավունք ստանան մուտք գործել Արցախի տարածք։

– Դա Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթի դրույթների խախտում է, և ռուսական կողմի արձագանքն այս իրավիճակում ո՛րը պետք է լինի։

– Դժվար է ասել, թե ինչ արձագանք կլինի ռուսական կողմից, բայց, համենայնդեպս, մենք տեսանք, որ ռուսները թույլ չտվեցին, որ Թուրքիայի վերոնշյալ երկու ցանկությունները կատարվեին։ Դրա համար հիմա թուրքերը նոր առաջարկ են արել, որը նույնպես չկա փաստաթղթում։ Նրանք ամեն կերպ ճնշում են գործադրում ռուսական կողմի վրա, բայց ռուսները կարծես թե դեռ չեն ենթարկվում այդ ճնշումներին։

– Վերջին շրջանում տեղեկություն եղավ, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ուժեր է կենտրոնացնում։ Ի՞նչ վտանգ է պարունակում սա։

– Մենք պետք է զգոն լինենք, Թուրքիան ակնհայտորեն թշնամական է տրամադրված Հայաստանի նկատմամբ և դա չի էլ թաքցնում։ Մենք պետք է շատ զգոն լինենք, պետք է ուշադիր հետևենք, թե ինչ են անում, և պատրաստ լինենք ամեն տեսակի սադրանքների։

Ես կարծում եմ, որ Թուրքիան սադրանքները կշարունակի՝ և՛ ճնշում գործադրելու, և՛ սահմանին զորք կուտակելու տեսանկյունից։ Ամեն ինչ կանի, որ իր նպատակին հասնի։ Իսկ Թուրքիայի նպատակն այս փուլում իրենց զորքերը Արցախի սահմանի երկայնքով, Արցախի տարածքում տեղակայելն է։

– Ըստ ստորագրված փաստաթղթի՝ ռուս խաղաղապահները 5 տարի ժամկետով են տեղակայվելու Արցախում։ Հնարավո՞ր է, որ 5 տարի անց նրանք գնան։ Եվ այդ դեպքում ի՞նչ կլինի, Թուրքիան իր նկրտումները կյանքի՞ կկոչի։

– Միանգամայն հնարավոր սցենար է, այո։ Խաղաղապահները գտնվում են երկու կողմերի համաձայնությամբ։ Ադրբեջանը կարող է 5 հինգ տարի հետո իր համաձայնությունը չտալ, և ռուսները ստիպված լինեն հեռանալ, իսկ թուրքերի ուզածը դա կլինի։

Ռուսաստանը կարո՞ղ է այդպես հանգիստ զիջել իր դիրքերը տարածաշրջանում։

– Հիմա դժվար է ասել, թե օրինական ճանապարհով ինչի կդիմի Ռուսաստանը, բայց եթե ընդհանուր աշխարհաքաղաքական գնահատական տանք, այո, իհարկե, Ռուսաստանը չի ուզում իր դիրքերը զիջել։ Ակնհայտ է, որ մոտ 2000 խաղաղապահ զորքեր տեղակայելով Արցախի սահմանների երկայնքով՝ Ռուսաստանն ուժեղացրեց իր աշխարհաքաղաքական դիրքերը տարածաշրջանում։

Իհարկե, որոշ չափով Ռուսաստանը Թուրքիային էլ զիջում արեց, որ հնարավորություն տվեց մոնիթորինգային կենտրոնում Թուրքիան ունենա իր ներկայացուցիչները, բայց, ընդհանուր առմամբ, ՌԴ-ն ուժեղացրեց իր դիրքերը։ Եվ ամեն ինչ կանի թույլ չտալու, որ Թուրքիան ուժեղացնի իր դիրքերը, դա ակնհայտ է։

– Տեղեկություններ կան, որ Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իր նվաճած տարածքներից հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։ Ի՞նչ վտանգ է պարունակում սա։

– Այո՛, այդ տեղեկությանը ես ծանոթ եմ։ Ինձ թվում է՝ դա պետք է համարել արժանահավատ տեղեկություն, քանի որ դա Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության տրամաբանության մեջ է մտնում։

Արցախ տեղափոխելով այդ ահաբեկիչների ընտանիքների անդամներին՝ մի կողմից Թուրքիան այդ տարածքում վարձկանների թիվն է ավելացնում, մյուս կողմից՝ նրանք լրացուցիչ հնարավորություն են ստանում իրենց կամքը թելադրելու և՛ Ադրբեջանին, և՛ նաև կփորձեն ռուսների, Հայաստանի ու Արցախի վրա ազդել։ Սա այն քաղաքականությունն է, որը պետք է սպասել Թուրքիայից։

Իսկ եթե ավելի լայն դիտարկենք սա, ապա, ես համոզված եմ, Թուրքիան նմանատիպ քայլերը դիտարկում է նաև ռազմավարական տեսանկյունից՝ իր պանթյուրքիստական ծրագրերն իրականացնելու համար։ Ինքը նրանց կօգտագործի՝ իր հետագա պանթյուրքիստական ծավալապաշտական ծրագրերն իրականացնելու համար և՛ Ռուսաստանի, և՛ Կենտրոնական Ասիայի նկատմամբ։

– Ինչպե՞ս դիմադրել դրան։

– Հայաստանն ի սկզբանե իր էությամբ, ինչպես Աթաթուրքն էր ասում, հայկական պատ է, որը թույլ չի տալիս, որ այդ պանթյուրքիստական ծրագրերն իրականանան։ Այնպես որ, մեր գոյությունն արդեն Թուրքիայի համար վտանգ է՝ իր ծրագրերն իրականացնելու տեսանկյունից։

Եվ դրա համար, ես համոզված եմ, որ ներկայիս Թուրքիան շարունակում է երիտթուրքերի և Աթաթուրքի քաղաքականությունը, այն է՝ Հայոց ցեղասպանության ուղղությամբ։

Այնպես որ, սա շատ լուրջ վտանգ է։ Մենք այդ վտանգին պետք է պատրաստ լինենք, պետք է մեր զինված ուժերը բարձր մակարդակի վրա լինեն։

Բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է ի դեմս Ռուսաստանի ունենանք շատ հուսալի ռազմավարական դաշնակցի։ Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ավելի բարձր մակարդակի վրա դնենք՝ համագործակցելով և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ հետախուզական, վերլուծական ոլորտներում։

Այս փորձը ցույց տվեց, որ մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am