«Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է և ոսկերչությունն ու ադամանդագործությունը դրա ամենալավ օրինակներից են». Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանը հերթական հանդիպումն է ունեցել ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 16-ին հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ Աբովյան քաղաքի ADM Diamonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը։

Ոլորտի ներկայացուցիչների հետ նախարարի առաջին հանդիպումը կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ էկոնոմիկայի նախարարությունում, որի ժամանակ նախարար Քերոբյանը նշել է, որ երկու ոլորտների խնդիրների քննարկումները կլինեն շարունակական և կանցկացվեն նաև ընկերություններում։ 

Խնդիրների քննարկումից առաջ  ADM Diamonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը նախարարին և հանդիպման մյուս մասնակիցներին ծանոթացրել է ընկերության արտադրական գործընթացին և շենքի պայմաններին, որի մի հատվածը լավագույնս հարմարեցված է հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար։ 

Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և դրանց վերաբերյալ առաջարկվող լուծումները։

Ներկայացնելով ադամանդագործության ոլորտի խնդիրները՝ ADM Diamonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը շեշտել է ոլորտի զարգացման կարևորությունը Հայաստանի համար։ 

Alrosa ընկերության հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար առաջարկվել է ստեղծել կառավարության և արտադրող ընկերությունների բաժնեմասերով կազմակերպություն, որը հանդես կգա որպես խոշոր գնորդ և ի վիճակի կլինի Alrosa ընկերությունից միանգամից ձեռք բերել հայկական ընկերություններին անհրաժեշտ հումքի ամբողջ խմբաքանակը։

Բարձրաձայնվել են նաև Ռուսաստանի Գոխրանի հետ ավելացված արժեքի հարկի մասով խնդիրները, ներմուծման և արտահանման ընթացակարգերի կանոնակարգման անհրաժեշտությունը և այլ հարցեր։ Առաջարկվել է ստեղծել ադամանդագործության և ոսկերչության կոոպերացիա։

Ոսկերչության մասով որպես կարևոր առաջարկ նշվել է ոլորտը ավելացված արժեքի հարկից ազատելը կամ ցածր տոկոսադրույք սահմանելը, ինչը, քննարկման մասնակիցների կարծիքով, կարող է նպաստել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները դուրս գան ստվերից առանց հավելյալ հարկային բեռի։ Կարևորվել է նաև ԵԱՏՄ երկրների կողմից Հայաստանում կատարված հարգադրոշման ընդունումը։

Առաջարկություն է եղել ադամանդագործության ոլորտի օրինակով հիմնել պետական մասնակցությամբ կազմակերպություն, որը շահավետ պայմաններով կիրականացնի ոսկու մեծաքանակ ձեռքբերում։ Առանձնակի կարևորվել է հասանելի դրամական միջոցների առկայությունը։ Գունավոր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հումքի նկատմամբ մաքսատուրքի կիրառումը ոլորտի ներկայացուցիչները համարել են լուրջ խոչընդոտ արտադրության զարգացման համար։ 

Ամփոփելով հանդիպումը, էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին շահագրգիռ և առարկայական քննարկման համար, նշել, որ տեսնում է մեծ ներուժ և զարգացման հեռանկար ադամանդագործության և ոսկերչության ոլորտների համար, նաև հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստ է լսել, քննարկել և համատեղ ուժերով լուծել ոլորտի խնդիրները։

«Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է և ոսկերչությունն ու ադամանդագործությունը դրա ամենալավ օրինակներից են», – ասել է Վահան Քերոբյանը։

Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը։   

Այս մասին հայտնում է

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։