Թեև Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան դեսպանի կարգավիճակով արդեն Բաքվում է, այդուհանդերձ, հայկական լոբբիստական կազմակերպությունները հայտարարել են, որ չեն դադարեցնի իրենց պայքարը և կպայքարեն այնքան, որ ԱՄՆ Սենատը չհաստատի նրան դեսպանի պաշտոնում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, անցյալ կիրակի Բրայզան Բաքու ժամանելով հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ Բաքու որպես Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան։
«Ես ափսոսում են, որ դեսպանի սպասումը այսքան ձգձգվեց։ Բայց ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք»,- ասել է Բրայզան։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակել անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին` շրջանցելով Սենատը:
Բրայզայի նշանակմանը ամեն գնով փորձել են խոչընդոտել ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունները` նշելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահն անկողմնակալ չէ ԼՂ հարցում:
Սակայն, ԱՄՆ նախագահ Օբաման, ի վերջո, Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակեց` այդպիսով առայժմ զրկելով ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններին և հայամետ կոնգրեսականներին նրա նշանակումը հերթական անգամ կասեցնելու հնարավորությունից, ովքեր այդ քայլին դիմել էին արդեն երկու անգամ:
Այժմ, երբ Բրայզան արդեն Բաքվում է, հայկական կողմից տարբեր կարծիքներ են հնչում, թե այդ նշանակումն ինչպե´ս կարող է ազդել բանակցային գործընթացի վրա. ամեն դեպքում, ընդհանուր կարծիքն այն է, որ չպետք է ամեն ինչ պայմանավորվել Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հանգամանքով:
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հիշեցնելով, որ Դաշնակցությունն ամեն ինչ արել է Բրայզայի նշանակումը կասեցնելու համար, նշում է, որ ամեն դեպքում նշանակումն արդեն կատարվել է:
«Ես միշտ կրկնել եմ, որ մեր սպասելիքները կապում եմ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության, դիվանագիտական հմտությունների, ճիշտ պատրաստվածության հետ: Անշուշտ, Բրայզայի անկողմնակալությունը կասկածի տակ դնելու բազմաթիվ հիմքեր ունեմ:
Բայց որոշումը կայացվել է, և եկեք այժմ փորձենք մեր զինանոցը լրացնենք դիվանագիական հմտություններով, որպեսզի ԼՂ խնդիրը մեզ համար հաջող տարբերակով լուծենք»,- ասում է դաշնակցական պատգամավորը` հավելելով.
«Դե, Բրայզան Բրայզան է, նորություն չէ մեզ համար, թող Ադրբեջանը վայելի Բրայզային, իսկ մենք եկենք միայն նրանով չպայմանավորենք մեր արտաքին քաղաքական հաջողություններն ու ձախողումները»:
Լիլիթ Գալստյանը, սակայն, հավելում է, որ այսօր Հայաստանի ներկայիս իրավիճակում դժվար է հաջողություններ արձանագրել արտաքին ճակատում:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ առայժմ չպետք է Բրայզայի նշանակումից հետևություններ անել, առավելևս այն հարցում, թե այդ նշանակումն ի´նչ ազդեցություն կունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա:
«Բրայզան շատ տեղեկացված է բանակցային գործընթացից, և այդ առումով նշանակումը դրական է: Այսինքն` նա ժամանակ չի ծախսելու դետալների մեջ խորանալու համար»,- ասում է Արման Մուսինյանը:
Կոնգրեսի մամլո խոսնակի խոսքով` թե մնացածն ինչպե´ս կազդի բանակցային գործընթացի վրա, ժամանակը ցույց կտա:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am