Կրեմլը Բաքվին հանձնարարում է Հայաստանը միշտ սպառնալիքի տակ պահել, որ շանտաժի ենթարկի Ֆրանսիային և ԱՄՆ-ին. Չաքրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

– Պարո՛ն Չաքրյան, Ալիևը նորից հայտարարել է, որ Զանգեզուրն ու Սևանն իրենց պատմական հողերն են, և իրենք վերադառնալու են այնտեղ, ու դա երկրորդ փուլն է լինելու: Այս սպառնալիքների լեզվով խոսելն ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչ վտանգներ ունի իր մեջ:

– Ես վտանգ չեմ տեսնում, ուղղակի ափսոսում եմ սահմաններին զոհված մեր զինվորների համար: 44-օրյա պատերազմը Հայաստանի և Արցախի դեմ Պուտինի նախաձեռնությունն էր, ոչ թե Ալիևի: Ինչու էր նախաձեռնել՝ որպեսզի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացից դուրս մղի Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Դրա համար էլ շատ արագ գործեց, իսկույն բերեց այսպես կոչված խաղաղապահ զորքեր տեղակայեց, որոնք իրականում հայկական կողմի համար ավելի քան պատժիչ ջոկատներ են: 

Երբ Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն վերադառնում է տարածաշրջան, Մոսկվայում անհանգստացել էին: Գիտեք, որ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, Մոսկվայից պահանջել էր հայ-ադրբեջանական սահմանի 1922-1923 թվականների ռազմական քարտեզները: 

Մակրոնն էլ, գիտենք՝ կոչ էր արել, որ կողմերը վերադառնան 1994 թվականի սահմաններին: Հիմա Մոսկվան անհանգստացած է, որ եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վերադառնան, ինքը չի կարող իրականացնել իր ծրագրերը Հարավային Կովկասում: 

Դրա համար էլ հանձնարարում է Բաքվին Հայաստանը միշտ սպառնալիքի տակ պահել, որ շանտաժի ենթարկի Ֆրանսիային և ԱՄՆ-ին՝ առանց հաշվի առնելու, որ այդ երկրները ոչ միայն Ալիևի, այլև Պուտինի շանտաժներին չեն ենթարկվում: Ամբողջ պատմությունը դա է: 

Մյուս կողմից տեսնում ենք մեր կառավարության անհետևողական քաղաքականությունը, այսինքն՝ մինչև հիմա դեմքով շրջվել են Մոսկվայի կողմը ու նայում են, թե Կրեմլից ինչ հայտարարություններ կհնչեն: 

– Կարծում եք՝ Հայաստանը պետք է իր անվտանգության հարցում որոշակիորեն համագործակցի նաև Արևմուտքի՞ հետ:

– Երբեմն շատերն ասում են՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն խոսում են, բայց ոչինչ չեն անում: Իսկ ի՞նչ պետք է անեն: Մակրոնն առաջարկել է պատերազմի ընթացքում զորք ուղարկել, ԱՄՆ-ն էլ առաջարկել է ռազմական ամեն տեսակի օգնություն ցուցաբերել Հայաստանին: 

Եթե դու չես ընդառաջում նրանց, էդ մարդիկ ի՞նչ պետք է անեն, հո Մոսկվային պատերազմ չե՞ն հայտարարելու: Այսինքն՝ Հայաստանն անբովանդակ քաղաքականություն է վարում և հետևողականություն չունի: Միայն Մոսկվային երախտագիտություն են հայտնում, Լավրովին շնորհակալություն են հայտնում, անվտանգության երդում են տալիս Մոսկվային և այլն: 

Միայն այդ հարցերում են հետևողական: Չի կարելի այս աստիճանի քծնել: Ի վերջո, այդքան զոհ ենք տվել: Պատկերացրեք՝ մենք Ադրբեջանում 100-ից ավելի գերիներ ունենք, և երբ մենք ենք գերիներ վերցնում, Մուրադովն անմիջապես վերցնում, տանում է Ադրբեջան: Այսինքն՝ արդեն մեկ տարին կլրանա, մենք չենք կարողանում մեր գերիներին վերադարձնել: 

– Ալիևի ախորժակը կարծես գնալով մեծանում է, նա շարունակ խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, նաև տեսնում ենք փոխվարչապետների մակարդակով եռակողմ ձևաչափով հանդիպումներն են վերսկսվել, թեև Երասխում, Գեղարքունիքում ու Սյունիքում իրավիճակը չի փոխվել, լարվածությունն անգամ աճել է: Ստացվում է, որ Հայաստանը համաձա՞յն է այս պայմաններում բանակցություններ վարել, և ինչի՞ կհանգեցնի: 

– Ես չեմ հասկանում, թե Փաշինյանն ինչ է մտածում: Հիմնականում Իլհամ Ալիևի միջնորդությամբ պայմանավորված Մոսկվայի նպատակը հետևյալն է. տեսեք, Մինսկի խմբի ձևաչափում չկա այսօր դե ֆակտո իրավիճակը, մասնավորապես, Շուշիի ու Հադրութի մասով: 

Ռուսական խաղաղապահ զորքերի մասին նույնպես Մինսկի խմբի փաստաթղթում չկա: Այդ փաստաթղթում միջազգային խաղաղապահ ուժեր են նախատեսվում: 

Եթե հիշում եք՝ այդ եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո Պուտինը հայտարարեց, որ տասնյակ տարիների պատմություն ունեցող հարցը Ռուսաստանը լուծել է: Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հակամարտության կարգավորման նախաձեռնությունը հանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ուրեմն հաշտության պայմանագիրն էլ նրանք պետք է կնքեն: 

Անտրամաբանական է, որ իրենք կարգավորեն, հետո պարզվի, որ Պուտինն է կարգավորել: Ամբողջ պատմությունն այն է, որ Պուտինն անհանգստացած է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դե ֆակտո իրավիճակը չեն ճանաչի, որի մասին արդեն հայտարարել են, և հիմա ուզում է ստիպել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նստեն առանց Մինսկի խմբի հաշտության պայմանագիր կնքեն, և մյուս համանախագահող երկրներին փաստի առջև կանգնեցնի: 

Հաշտության պայմանագիրը պետք է կնքվի Մոսկվայում, որից հետո Կրեմլը կասի՝ ես ի՞նչ կապ ունեմ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն իրար հետ եկել են համաձայնության, կնքել են հաշտության պայմանագիր: Այդպիսի պայմանագրի ստորագրման դեպքում Կրեմլը հույս ունի, որ նրանք արդեն ձեռք կքաշեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման նախաձեռնությունից: 

– Ալիևը նաև Ռուսաստանին է մեղադրում, որ զինում է Հայաստանին: Սա ինչո՞վ է պայմանավորված:

– Դա էֆեկտի համար կարող է մեղադրել: Այսինքն՝ ես մեղադրում եմ Մոսկվային, ինքս եմ նախաձեռնում քայլեր: Բայց Ալիևն ո՞վ է: Որևէ երկրում զորք տեղակայելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը: 

Եթե առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դու զորք ես տեղակայում, դա, ըստ միջազգային նորմերի, համարվում է օկուպացիա կամ ագրեսոր զորքերի տեղակայում: Այսինքն՝ Մոսկվան փորձում է Փաշինյանին ու Ալիևին ներկայացնել հաշտության պայմանագիր, որ սրանք ստորագրեն, ու հարցը կլուծվի: 

Բայց Կրեմլը մոռանում է մի բան. ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ելնելով իրավիճակից քաղաքականություն չեն վարում: Նրանց քաղաքականությունը նախապես ծրագրված է, իրավիճակային փոփոխություններն այդ ծրագրի վրա չեն ազդում: 

Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը ինչ-որ բան ստորագրեն, նրանք դա չեն ճանաչի: Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դա չճանաչի, այդ դեպքում այդ պայմանագիրը դառնում է սովորական թուղթ: Ուղղակի ամբողջ պատմությունը Նիկոլի վախվորած քաղաքականությունն է: Չեմ հասկանում ՝ ինչի՞ց է վախենում:

Մանե Հարությունյան

MediaLab.am