Նոր տարի է, մարդիկ պետք է խոզի բուդ գնեն, չկա այդքան մորթող սպանդանոց, ի՞նչ եք առաջարկում. պարզ հարց եմ տալիս. Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 

– Պարո՛ն Պիպոյան, դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունից, ըստ որի՝ պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, և ամբողջ խմբաքանակը ոչնչացվելու է, դժգոհում են մսագործներն ու մսավաճառները։ Արդարացվա՞ծ է նրանց բողոքը, ու որո՞նք են այս փոփոխության բացերը։

– Պարտադիր սպանդանոցային մորթի մասին Կառավարության՝ դեռևս 2016 թվականին ընդունված որոշման ժամկետները մի քանի անգամ հետաձգվեցին, և երբ օրենքն ուժի մեջ մտավ 2020 թվականի հուլիսի 1-ից, եղան դժգոհություններ ու ցույցեր, բայց ես էլի որևէ վատ բառ չասացի՝ հասկանալով, որ Մոսկվան մեկ օրում չեն կառուցել, այսինքն՝ այս փոփոխությունը կբերի տնտեսության ակտիվության, եթե ինքնաբուխ էլ չլինի այդ ակտիվությունը՝ Կառավարությունը ենթակառուցվածք ստեղծելու ուղղությամբ քայլեր կձեռնարկի, դա էլ չեղավ։ 

Եթե օրենսդրական փոփոխություն չբերեին, էլի ձայն չէի հանի, բայց երբ տեսնում եք, որ մի բանը չի աշխատում, փոփոխությունների գնալուց առաջ գլուխներդ պետք է մի քիչ աշխատեցնեք։ Լինում են դեպքեր, որ ես ինքս ինձ զսպում եմ, որ վատ բաներ չասեմ, բայց մեկ-մեկ լինում է, որ այնպես են անում, որ ստիպված մտնում ես վիրավորական դաշտ։ 

Գործիքները պետք է ավելացնել՝ շատ լավ է: Լավ է, որ հասկացել եք՝ կա բաց, բայց ո՞նց է լինում, որ մենակ հօգուտ ձեզ բացն եք հասկանում, ո՞նց է լինում, որ գնում են օրենսդրական փոփոխության ու չեն որոշում հասկանալ, թե քանի՞ նոր սպանդանոց կառուցվեց այս ընթացքում։ Օրենք ունենք ուժի մեջ մտած, չէ՞, հիմա դա փոխում եք, ու այդ փոփոխություն առաջարկողը պետք է հասկանա, չէ՞, ի՛նչ է փոխվել այս կյանքում, հասկանում է, չէ՞, որ գործիքը լավը չէ, գործիք է բերում, բայց իրավիճակը պետք է նոր գնահատական ստանա, չէ՞։ 

Ենթադրենք, մասնագիտական գիտելիքի իմաստով բաց ունեն, բայց պարզ տրամաբանական ինչ-որ հարցեր կան, որոնք մասնագիտական խոր գիտելիքներ չեն պահանջում, օրինակ՝ քանի՞ սպանդանոց է ավելացել, գործող սպանդանոցներից քանի՞սն են, որ արդեն վատ վիճակում են ու փակվելու ենթակա, դրանից հետո հաշվենք ու հասկանանք՝ քանի սպանդանոց ի վերջո ունենք, հասկանանք՝ սպանդանոցները երկրի պահանջարկի քանի՞ տոկոսն են փակում։ 

Մի պահ պատկերացրեք, որ Հայաստանում ունենք օրենք, որի համաձայն միսը պետք է լինի պարտադիր սպանդանոցային ծագման, բայց ոչ մի սպանդանոց չկա։ Ասում են՝ եկեք օրենքը պահենք, ո՞նց ենք օրենքը պահում, երբ չունենք պատշաճ թվով սպանդանոց, սա արդեն լրիվ աբսուրդ է դառնում։ 

Հիմա, եթե մենք ունենք երկրի պահանջարկի կեսի մորթն իրականացնող սպանդանոց, մենք նույն կոնտեքստում պետք է դիտարկենք, նորություն ենք, չէ՞, բերում, նորից հետ ենք գալիս, չէ՞, հասկանում ենք, որ թերի է, պետք է հասկանանք՝ ինչն էինք կարողանում անել, ինչը չէինք կարողանում։ Որտեղ մենք հասկանում ենք, որ կա պահանջարկ, բայց չի կարող լինել առաջարկ, որովհետև չունենք սպանդանոց, երկրին պետք է պայմանական 100 կգ միս, մենք կարողանում ենք ապահովել 50 կիլոգրամը, այդ 50 կիլոգրամը լինելու է իքս վայրում, ու խիստ հսկելու ենք, երբ երկիրը դառնա 60 կգ մորթի հնարավորության կրող, մեկ այլ վայրում էլ ենք ավելացնելու։ 

Հիմա՝ առանց մտածելու գործն արել են, դա էլ հերիք չէ, մի հատ նախօրոք չեն գնացել տեսնեն, էդ որ ասում են՝ կարողանում են մորթ անել, իրենց պայմանները լա՞վն են, թե՞ չէ։ Երեկ են հայտարարություն տվել, որ հերթականը փակվել է, դե թող գնան հերթով բոլորը ստուգեն, տեսնեմ՝ քանիսը կփակվի, այսինքն՝ այն հիմնական նպատակին, որին պետք է ծառայի սպանդանոցը՝ անվտանգ ապրանքի ապահովման, պարզվում է, մի մասն այս խնդիրը չի լուծում։ 

Ինձ համար ի՛նչն է ցավալին, որ ասում եմ՝ մեկ-մեկ ստիպում են, որ վատ բառեր ասես, գրառում էի արել՝ փորձելով մաքսիմալ զուսպ լինել, էլեմենտար է, չէ՞, որ լիազոր մարմիններն այդ գրառումը տեսել են, դրանից հետո իրենք նույն ոճով շարունակում են՝ հետևե՛ք: Հետևում եմ, ինձ պետք է միս, որը շուկայում չկա, ի՞նչ անեմ, այ, կներեք արտահայտությանս համար, խելոքնե՛ր, չկա, երկրին պետք է 100 կգ միս, չունենք սպանդանոց, Նոր տարի է, մարդիկ պետք է խոզի բուդ գնեն, չկա այդքան մորթող սպանդանոց, ի՞նչ եք առաջարկում. պարզ հարց եմ տալիս։ 

Քանի որ այս պարզ հարցերը «խելացի» չինովնիկներին տվող չկա, իրենք խոսում են միայն այն բաների մասին, ինչի մասին իրենք են ուզում խոսել, դրա համար էլ ունենք այս վիճակը: Ավելին՝ տեսչական մարմինը կասի՝ ես քաղաքականություն չեմ մշակում, օրենքի տառն եմ պահում, ինձանից ի՞նչ եք ուզում: Մեկը լինի հարցնի՝ կարո՞ղ է պարզվի, որ այդ օրենսդրական փոփոխությունը ձեր նախաձեռնությունն է, կարո՞ղ է դուք եք ասել, որ մեր գործիքները լավը չեն, ի դեպ, ես պատահական հարցեր չեմ տալիս։ 

Ամբողջ խնդիրն այն է, որ հեծանիվ որոշում են հորինել այն մարդիկ, որոնք երբեք հեծանիվ չեն տեսել ու չգիտեն, որ հեծանիվը վաղուց հորինված է: Դա էլ հերիք չէ, հիանում են իրենց ստեղծածով, որն անգամ հեծանիվի կմախքը չէ, բայց քանի որ իրենք բավական հեռու են ու կտրված իրականությունից, իրենց թվում է, որ իրենք գյուտի հեղինակ են։

– Իսկ հենց այս ժամանակահատվածում, երբ տոները մոտ են, ու մսի պահանջարկն ավելի մեծ է, նման փոփոխությունն ուժի մեջ մտցնելը ի՞նչ խնդիրների է հանգեցնելու։

– Բոլոր իմաստներով՝ ինչը հնարավոր էր սխալ անել, արել են, այս նույն փոփոխությունը որ բերեին փետրվարին կամ հունվարի կեսերին, քանի որ կա վիճակագրություն, որ հունվարի կեսերին մսի սպառման ծավալները նվազում են, սպանդանոցները օրվա պահանջարկի ավելի բարձր տոկոս կարող էին ապահովել: 

Բայց էլի եմ ասում՝ խնդիրը մեկ մարմնի տիրույթում չէ, ես խնդիր չունեմ միայն հիմնական լիազոր մարմնին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին թիրախավորել, բայց չեմ էլ ուզում ասել, որ նրանք այստեղ ամենաանմեղն են, մնացածներն էլ՝ մեղավոր, իրենք հիմնական մեղավորն են, բայց բացի իրենցից այլ մեղավորներ էլ կան։ Ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ Կառավարությունը գլոբալ իմաստով է պատասխանատու։ 

– Մինչև այս փոփոխությունը պատկան մարմիններն ի՞նչ պետք է անեին, պարո՛ն Պիպոյան։

– Անելիքները երեկ հարյուր տոկոս ճշգրտությամբ, առնվազն ոչ մասնագիտական հատվածը, ձևակերպել եմ: Հարցադրման տեսքով եմ իհարկե ձևակերպել, հումոր է հիշեցնում, բայց իրականում դա հումոր չէ, այն հիմնական աշխատանքն է, որը լիազոր մարմինների կողմից պետք է արված լիներ, այսինքն՝ այն, ինչի մասին խոսեցի հարցազրույցի սկզբում, թե ի՛նչ էր պետք անել, նախքան որոշակի փոփոխություններ առաջարկելը։ 

– Իսկ շրջիկ սպանդանոցային ծառայության տարբերակը հնարավոր չէ՞ կիրառել։

– Ենթակառուցվածքի զարգացման մեխանիզմ է դա, այսինքն՝ պետությունը հասկանում է, որ այսօր գործող սպանդանոցները բավականացնում են 50 տոկոս, հասկանում է, որ ենթակառուցվածքի խնդիր ունի: Պայմանական՝ Սյունիքի ինչ-որ գյուղից կենդանի տեղափոխելը դժվար է, բայց ուզում է ապահովել, ասում է՝ այս համայնքում միայն, որտեղ ունեմ խնդիր, անում եմ լիզինգային ծրագիր, բերում եմ շարժական սպանդանոցային կետ, լիզինգով առեք, վարկն էլ պետությունը սուբսիդավորում է, այն, ինչի մասին քիչ առաջ ասում էի: Բայց երբ մենք որոշենք առանձին-առանձին քննարկել բոլոր դրույթները, մոտավորապես կքննարկենք Կառավարության 30-40 էջանոց որոշում։ Այսինքն՝ այդ թվում շարժական սպանդանոցներ ստեղծելը ենթակառուցվածքի մի մասնիկ է, ինչպե՞ս ենք ապահովում երկրում առկա պահանջարկը, այս հարցը չի տրվել, ու այս հարցի պատասխանները գտնված չեն։

– Պարո՛ն Պիպոյան, իսկ դժգոհությունների ալիք կլինի՞, թե՞ չէ։

– Չեմ կարող ասել, որովհետև դա արդեն դառնում է գուշակություն, իսկ ես ամեն ինչ արել եմ այս կյանքում՝ բացի գուշակությունից։ 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am