Կորոնավիրուսի դեպքերի թվով Հայաստանը գերազանցեց Չինաստանին. «Այն, ինչ կատարվում է, խելագարվելու բան է»

Հայաստանում կորոնավիրուսով վարակման թվերն օր օրի նոր հակառեկորդ են սահմանում։ Այդ թվերն արդեն գերազանցել են հիվանդության բռնկման երկրում՝ Չինաստանում, գրանցված դեպքերի քանակը։

Ոլորտի մասնագետները Հայաստանում թվերի աճը գլխավորապես պայմանավորում են պատերազմական իրավիճակով, այս իրադրության պայմաններում կանոնները չպահպանելով:

Չինաստանի Թիենջին քաղաքում բնակվող 47-ամյա Մարիամ Մանուչարյանն ասում է, որ Չինաստանում դեպքերի նվազումը կանոնների խստիվ պահպանման արդյունք է, իսկ Հայաստանում պատերազմի հետևանքով հիվանդության աննախադեպ աճը սարսափելի է համարում։

Հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89813 դեպք, որոնցից 55317-ը` առողջացած, 1341-ը` մահվան ելքով: Այսօր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային թիվ. 41 հոգի:

Չինաստանում դեպքերի ընդհանուր թիվը 85973 է, այսինքն՝ Հայաստանում արդեն մոտ 3840 դեպքով ավելի է գրանցվել, քան Չինաստանում։

Մարիամ Մանուչարյանի խոսքով՝ Չինաստանում հարաբերական անդորր է վարակակիրների թվի աճի առումով, քանի որ շարունակում են խստորեն պահպանվել հակահամաճարակային կանոնները։

«Չինաստանում կանոնները մինչ հիմա խստորեն պահպանում են, չնայած թվերը այստեղ մեծ չեն, իսկ այն, ինչ Հայաստանում է կատարվում, պարզապես սարսափելի է: Հիմա Հայաստանում լուրջ կարանտինի կարիք կար, որ մարդիկ մեկուսացվեին, բայց հնարավոր չէ, քանի որ պատերազմական իրավիճակ է»,- նշում է Մանուչարյանը։

Մարիամն ասում է, որ Չինաստանում կանոնները նույն կերպ են գործում են, ինչպես առաջին օրերին, միայն բաց տարածքում դիմակ կրելու պահանջն է հանվել։

«Ցանկացած տեղ, որ գնում ես, մինչև հիմա ստիպում են ջերմաչափվել, առողջական կոդը հատուկ սքան են անում, և պետք է անպայման դիմակ կրել։ Բաց տարածքում դիմակ չեն կրում, բայց տրանսպորտում, որևէ փակ տարածքում անպայման կրում են: Մարդիկ սա նույն կերպ պահպանում են՝ անկախ այն բանից, թե ինչքան է տարածված»,- ասում է Մանուչարյանը։

Նա պատմում է, որ Չինաստանի ներսում թույլատրվում է մի վայրից մյուսը գնալ, սակայն դա ևս կանոնակարգված է: «Երբ մի քաղաքից մյուսն ես գնում, նախ պետք է թեստ հանձնել, այդ քաղաք հասնելուն պես կարանտին պահել՝ երկշաբաթյա կամ 10-օրյա, հետո թեստ հանձնել, նոր միայն թույլ կտան քաղաք դուրս գալ: Քաղաքից քաղաք այցը կանոնակարգված է, սա է, ուրիշ ֆենոմեն չկա։ Մարդիկ զգուշանում են, քանի դեռ պատվաստում չկա, պահում են բոլոր կանոնները, այստեղ ոչ ոքի չես կարող համոզել, որ դիմակ չկրեն, բոլորը կրում են»,- ընդգծում է Մարիամ Մանուչարյանը։

Նա ասում է, որ բոլոր վայրերում փակ տարածքներում նույն կանոնն է գործում՝ ջերմաչափվել, առողջական կոդը ցույց տալ և դիմակ կրել:

«Օրինակ՝ այստեղ տրանսպորտ նստելիս, քանի մարդ ուզում է լինի, բոլորը ջերմաչափվում են: Կան ավտոբուսներ, մեծ մասամբ վարորդներն են ջերմաչափումը կատարում, առողջապահական կոդը սքան ես անում, ցույց ես տալիս վարորդին: Եթե հանկարծ ջերմությունը բարձր է լինում, կամ առողջապահական կոդը այն չի լինում, դեպքեր են եղել, ես տեսել եմ, իջեցրել են ավտոբուսից։ Այստեղ նույնիսկ տրանսպորտ նստելն է կանոնակարգված ու խիստ»,- պատմում է նա։

Մանուչարյանն ասում է, որ եթե քաղաքներից մեկում բռնկում է լինում, քաղաքը փակվում է: «Եթե այդ քաղաքում ես եղել, զանգում են, հարցնում են՝ երբ ես եղել, որպեսզի վարակի տարածման հնարավոր աղբյուր բացառեն»։

Նշում է, որ Չինաստանից այլ քաղաքներ թռիչները գործում են, թեև սահմանափակ, բայց աշխարհի հետ կապը կա:

«Չինաստանից այլ երկրներ սահմանները բաց են, բայց սահմանափակ, շաբաթական մեկ-երկու թռիչք են կա՛մ Պեկինից, կա՛մ Շանհայից, կա՛մ մեկ այլ վայրից։ Նախկին ինտենսիվությունը չկա, բայց կապը կա։ Եթե Չինաստան են գալիս, հատուկ կարանտինային վայրեր կան, հյուրանոցներ, որտեղ պետք է կարանտին պահել, 2 շաբաթ առանձնացված հյուրանոցներում մնալ, հետո թեստը հանձնել, նոր քաղաք դուրս գալ»,- ներկայացնում է Մանուչարյանը։

Ընդգծում է, որ այսօր վիրուսի կանխարգելման միակ տարբերակը կանոնների պահպանումն է․

«Ուղղակի Չինաստանում մինչև կորոնավիրուսն էլ դիմակ կրելու սովորություն կար, հատկապես մեծ քաղաքներում՝ օդի աղտոտվածության պատճառով։ Խելագարվելու բան է, թե Հայաստանում ինչ կատարվում է, Աստված չանի՝ բանակ հասնի։ Կանոնները պահպանեք, այսօր ուրիշ տարբերակ չկա։ Ես էլ եմ ուզում օր առաջ Հայաստան գալ, փորձում եմ կազմակերպել, տղաս դիրքերում է, մյուսն էլ պետք է բանակ գնա»,- հուզված ասում է Մանուչարյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am