«Գողապետությունն իր պարագլուխներով գրոհ է կազմակերպել հեղափոխության արժեքների դեմ. իշխանությունը պետք է սկսի գործել»․ Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, ԲՀԿ-ն ու իշխանությունն անցել են անձնական վիրավորանքների, խորհրդարանում ցածրորակ բանավեճ է, քաղաքական դաշտում ի՞նչ է կատարվում ընդհանրապես։

– Գողապետությունն իր պարագլուխներով, շահառուներով և իրեն սպասարկող քիլլեր լրատվամիջոցներով գրոհ է կազմակերպել հեղափոխության արժեքների, իդեալների, պարզ է՝ նաև հեղափոխությունը ղեկավարած մարդկանց դեմ, որոնք կարգին կազմակերպված չեն։ Նրանք իրենց այնքան լավ են զգում, որ մտածում են՝ այս գրոհով կարող են իշխանությունը տապալել։

Սա նոնսենս է, հնարավոր բան չէ։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ ժողովրդի հսկայական զանգվածը, որն այսօր վարչապետից նեղացած է՝ այդ գողապետերի նկատմամբ մեղմ ու զիջողական լինելու համար, հաստատ կկանգնի իշխանության թիկունքին ու նրանց մեկընդմիշտ կոչնչացնի։

Հիմա այդ թևի ներկայացուցիչները խնդիր ունեն, իրենցից ցանկացածի վրա քրեական գործեր կան։ Այդ կուլակաթափության օրենքն էլ կիսատ-պռատ մտել է գործողության մեջ։

Դա նրանց մեջ սարսափ է առաջացնում։ Հիմա սրանց կողմից կռիվ է գնում, որ քրեական հանցագործի կարգավիճակից դուրս գան, դառնան քաղաքական ոճրագործներ, իբրև թե քաղհալածյալներ։

Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունն այդքան էլ ապուշ չէ, կհասկանա, թե այս մարդիկ ինչի կռիվ են տալիս՝ ունեցվածքը պահելու, պատասխան չտալու։ Նրանց նպատակը սա է, բայց նաև նպատակ կա՝ եթե հնարավոր լինի, հեղաշրջում անել։

Դրա համար նրանք վարկաբեկում են հեղափոխության գաղափարը, ասում են՝ հեղափոխություն չի եղել։

Երկրորդ հարցը հետևյալն է՝ հայ ժողովրդի մտավորական հատվածին հատուկ չէ ռազմավարական հեռանկարի ընկալումը։ Ինքը տեղապտույտ է անում անընդհատ ու քուչի հարցեր է լուծում։

Դրա համար ամեն ինչ խճճվել է։ Մտավորական ասելով՝ նկատի ունեմ ուսուցիչներին, ակտիվիստներին, քաղաքական գործիչներին, այլ գործիչների։

Նրանք փոխանակ լուծումներ առաջարկեն, Սողոմոն իմաստունի տեսքով հիմնականում քննարկում են կորոնավիրուսի հարցերը։ Եվ Հայաստանում ահավոր պրոցես է գնում՝ ամբողջ աշխարհում դիմակով դիմակահանդես է, այստեղ հակապետական գործ է կատարվում, քարոզչություն է տարվում դիմակի դեմ։

Իշխանության անելիքը ո՞րն է այս հարցում, իշխանությունը կարծես ներքաշվում է այս գործընթացների մեջ։

– Ինձ թվում է՝ իշխանությունը պետք է շատ արագ իրեն հավաքի, կարգավորի, թիրախները ճշտի, ժողովրդին ասի նաև այն բացթողումների մասին, որոնք եղել են, և հակագրոհ անի։ Այլապես՝ ավելի կխճճվեն։ Իշխանությունը ճգնաժամի հաղթահարման ծրագրային դրույթներ չի առաջարկում։

Սա իրողություն է, բայց դա չի նշանակում, որ այս իրավիճակը պետք է շարունակվի։

Օրինակ՝ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որը ես կազմավորում եմ, մենք ունենք ապագայի հստակ տեսլական՝ ասում ենք՝ արարչագործական Հայաստանի վերականգնում, տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, սոցիալական կյանքում, բոլոր ոլորտներում մենք զարգացման առաջարկ ենք անում։ Այդպես պետք է լինի, թե ինչ են ուզում։

Երկիրն արդյունաբերական, գիտական պետք է դառնա, իսկ այսօր մի ռեֆորմ են իրականացնում, չեն կարողանում բացատրել, թե այդ ռեֆորմն ինչ է նշանակում։

Դա իշխանության թուլությունն է, դրա համար հեղափոխության ուժերի կոնսոլիդացիա է պետք, ինչպես ես եմ ասում՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը ծնվել է հեղափոխության իդեալներից և վարչապետի կողքին կլինի այնքան ժամանակ, մինչև վարչապետը կասի՝ ես չեմ կարող անել։ Բայց վարչապետը չի ասում, նա անում է։ Բայց լավ չի անում։

Այսօր կա երկու Հայաստան՝ իրական Հայաստան և վիրտուալ։ Դրա համար իշխանությանը շտապել ու կազմակերպվել է պետք, նաև տեսլականներ են պետք։ Այդ պայմաններում ժողովուրդը շատ արագ նորից կկանգնի իշխանության կողքին։

Իսկ Ազգային ժողովի որակը ինչպե՞ս փոխել։

– Մարդը հղիացել է, 7 ամսական է ծնել։ Հիմա այս խորհրդարանը հայ ժողովուրդը ծնեց 7 ամսական։ Ինքը նայել է Նիկոլին, ձայնը տվել է բոլորին։ Հիմա էլ ոռնում են՝ քո ընտրածն է, ո՞ւմ ես բողոքում։

Այս անգամ ընտրել է ժողովուրդը, հետևաբար ինքն է պատասխանատու ձայների համար։ Ընտրությունների շրջանում ես անընդհատ ասում էի՝ խորհրդարանում որևէ ուժ 65 տոկոսից ավելի չպետք է ունենա, որովհետև առաջանում է մոնստր, բացարձակ մեծամասնություն։

Այս բացարձակ մեծամասնությունն այսօր քվեարկում է այնպես, ինչպես ուզում է։ Դա լեգիտիմ է, ոչ մեկը թող չոռնա։

Շատ քննադատվեց ՍԴ երեք դատավորների ընտրության հարցը, դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ։

– Ես արդեն ասել եմ՝ Սահմանադրական դատարանի փոփոխությունն իշխանության խելացի քայլն է։

Պառակտեցին, կոռուպցիոներին բերեցին Վճռաբեկ դատարանից, որպեսզի Քոչարյանի կամքը չկատարի, իսկ Սահմանադրական դատարանը առ ոչինչ բան է։

ՍԴ-ն ոչինչ չի նշանակում, բացի աշխատավարձից, փողից, եթե, իհարկե, չի քաղաքականացվում։ Իսկ այս իշխանությունները չեն քաղաքականացնի։

Այսինքն՝ այս քայլով Քոչարյանին զրկել են մանևրելու հնարավորությունից։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ըստ էության սաբոտաժ է անում, որովհետև կարող է ձեռքը խփել սեղանին ու ասել՝ սկսում ենք դատը։ Չի անում, և ես առաջարկում եմ փոխել դատավորին։ Նոր դատավոր պետք է բերեն դնեն, գնացեք ջահել մեկի վզից բռնեք բերեք՝ մաքուր ու կիսագրագետ։ Երեք վայրկյանում սրանց հարցը կլուծի։

Այսինքն՝ իշխանությունը պետք է սկսի գործել։ Պրոբլեմ կա, բայց տագնապելու խնդիր չկա, պետք է հավաքվել ու գործ անել, իրենք պետք է կոնսոլիդացվեն։

Ես զգուշացնում եմ իշխանություններին՝ մեկ տարի հետո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։ Եթե իշխող ուժը այսպես գնաց ընտրություններին, ջախջախվելու է, Հանրապետականը բացարձակ վերադառնալու է ՏԻՄ։

Պատրաստվեք դրան, ինչի՞ մասին է խոսքը։ Այս ընթացքում ահռելի գործ է արվել, բայց իշխանությունները չեն կարողանում ճիշտ ներկայացնել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am