Հայաստանը և Միացյալ Նահանգները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 7-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը. այս մասին թվիթերում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Հայ-ամերիկյան երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1992 թ. հունվարի 7-ին: 1992 թվականից ի վեր Հայաստանը և Միացյալ Նահանգները զարգացրել են ամուր գործընկերություն՝ խարսխված ժողովրդավարության ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության վրա», – նշել է Արտգործնախարարությունը՝ շնորհավորելով երկու երկրներին կարևոր տարեդարձի կապակցությամբ:

1991թ․ դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնել էր Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։

Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը, սակայն, շատ ավելի վաղ է սկիզբ առել: 1918-20 թթ․ կարճ ժամանակով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն, և Միացյալ Նահանգները 1920 թ․ ապրիլի 23-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը