Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին

Հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նախագահ Կատերինա Սակելարոպուլուին հանձնել է իր հավատարմագրերը:

Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հունաստանի նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Կատերինա Սակելարոպուլուն հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Հունաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և արտահայտել իր աջակցությունն այդ առաքելությանը:

Ընդգծելով Հայաստանի ու Հունաստանի ավանդական բարեկամական հարաբերություններն ու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն և վստահեցրել է, որ նրա գործունեության արդյունքում հայ-հունական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի` նպաստելով երկու եղբայրական ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Դեսպանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեքների, սկզբունքների և արյունակցական կապերի վրա, որոնք վեր են բոլոր տեսակի այլ շփումներից։ Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու են ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև՝ մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա մեծ ներուժի կիրառումը։